Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը չի հավատում կառավարության թվերին

Կենտրոնական բանկը չի հավատում կառավարության թվերին

Կենտրոնական բանկը չի հավատում կառավարությանը և ակնկալում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի առավելագույնը 3,8%, այնինչ կառավարությունն ակնկալում է 4,1% տնտեսական աճ ։ Այս տարի կառավարությունը չի ապահովի ոչ միայն նախկինում ակնկալվող 6,2% աճը, այլև չի կատարի նախագահի՝ 7% աճ ապահովելու հանձնարարականը:

Կենտրոնական բանկը «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 4-րդ եռամսյակ, 2013, Դրամավարկային քաղաքականության 2013 թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» հրապարակման մեջ նշել է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կլինի 3,4-3,8%՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճով (ընդհանուր նպաստումը՝ մոտ 3,8 տոկոսային կետ)։

Նման ցածր տնտեսական աճ ԿԲ-ն կանխատեսել է այն պայմաններում, երբ 2013թ. բյուջեի հիմքում կառավարությունը դրել էր 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, նախագահի կողմից որպես թիրախ նշվել էր 7%-ը։ Իհարկե, սեպտեմբերին Ազգային ժողով ներկայացված 2014թ. պետբյուջեի նախագծի ուղերձում կառավարությունը վերանայել էր այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ այն իջեցնելով մինչև 4,1%։

ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 3-րդ եռամսյակ, 2013, Դրամավարկային քաղաքականության 2013 թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» հրապարակման մեջ բանկի մասնագետները կանխատեսել էին, որ 2013թ. տնտեսական աճը կլինի 4,7-5,3% միջակայքում։ Փաստացի, ԿԲ-ն աճի կանխատեսումները վերանայել է դեպի նվազում մոտ 1,5 տոկոսային կետով կամ մոտ 30%-ով։

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ գնաճը 2013 թ. վերջին կնվազի մինչև 7%, որը դեռևս բարձր է տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) վերին սահմանից: Ըստ կանխատեսումների, գնաճը կշարունակի նվազել նաև 2014թ. առաջին կեսին՝ երկրորդ կիսամյակից վերադառնալով նպատակային մակարդակ: «Այս իրավիճակում 2013թ. չորրորդ եռամսյակում ԿԲ-ն կմեղմացնի դրամավարկային պայմանները, որը համարժեք կլինի տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ կողմից իրականացվելիք դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով»,- նշված է ԿԲ-ի հրապարակման մեջ:

«Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 4-րդ եռամսյակ» փաստաթղթում ԿԲ-ի մասնագետները նշել են, որ կանխատեսվող հորիզոնում (երեք տարվա կտրվածքով) Հայաստանի տնտեսական աճը կկայունանա 4,6-6% սահմաններում և այն մոտ կգտնվի իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի կայունացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերի վերականգնմամբ:

«Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 3-րդ եռամսյակ» փաստաթղթում ԿԲ-ի մասնագետները նշել էին, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կլինի 5-6%-ի սահմաններում։

Փաստացի, ԿԲ-ն ոչ միայն ավելի հոռետես է դարձել այս, այլև առաջիկա տարիների համար։

Արմենակ Չատինյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում