Հայաստանում հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը և հասարակության մտածելակերպի փոփոխությանը։ «Կուտակի՛ր բարեկեցիկ ծերության համար» գաղափարն իրականում վատ գաղափար չէ։ Վերջին շրջանում դժգոհությունների հիմնական պատճառը ոչ թե համակարգի գաղափարախոսությունն է, այլ առկա համատարած անվստահությունը, հատկապես՝ պետական իստիտուտների նկատմամբ, ինչպես նաև այն, որ սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում այս համակարգը հանգեցնելու է իրական եկամուտների կրճատման։
Բայց այս երկու խնդիրները՝ անվստահությունը և եկամուտների կրճատումը, լուծելի են հասարակության կողմից։ Նախ անհրաժեշտ է գիտակցել, որ ցանկացած երկրի, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացումը ապահովում է պահանջարկը, այսինքն՝ սպառողները, այլ ոչ թե իշխանությունները։ Երկրի տնտեսական վիճակից է կախված լինելու նաև կուտակային կենսաթոշակային համակարգի երկարակեցությունը։ Խնդիրն այն է, որ կենսաթոշակային ֆոնդերում նախնական գնահատականներով տարեկան կուտակվելու է 80-100 մլն դոլար, և այդ գումարների առնվազն 60%-ը պետք է ներդրվի Հայաստանում։ Այդ միջոցների արդյունավետությունը կախված է լինելու սպառողներից, քանի որ ցանկացած ապրանք կամ ծառայություն ի վերջո պետք է սպառվի, իսկ դրա համար անհրաժեշտ է սպառողների վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։
Սպառողները՝ քաղաքացիները, պետք է ոչ թե համակերպվեն այն մտքի հետ, որ իրենց միջոցները վաղ թե ուշ փոշիանալու են, այլ հասկանան, որ իրենց գործողություններից է կախված կուտակումների ճակատագիրը։ Քաղաքացիների գործողությունները պետք է ուղղված լինեն առաջին հերթին երկրի զարգացման ապահովմանը, և այս հարցում հիմնական շարժիչը պետք է դառնա այսպես ասած՝ նեղ անձնական շահը՝ կենսաթոշակային կուտակումները կորցնելու ռիսկը։
Հասկանալի է, որ որքան արագ և կայուն զարգանա տնտեսությունը, այնքան փոքր կլինի հավանականությունը, որ կուտակային ֆոնդերը կսնանկանան և կուտակումները կփոշիանան: Եվ ընդհակառակը՝ որքան խորանան տնտեսության խնդիրները, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ այդ ֆոնդերը մի օր կփլուզվեն։ Տնտեսության զարգացումն իր հերթին կբերի սոցիալական խնդիրների լուծման՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի աճի, որի պայմաններում աշխատավարձից 5% մասհանումներն այդքան ցավալի չեն ընդունվի։
Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ տնտեսության զարգացման պայմաններում իշխանության ներկայացուցիչների մոտ կանհետանա կուտակային միջոցներին տիրանալու գայթակղությունը, քանի որ հասարակության ընդվզման հետևանքով նրանք կարող են կորցնել ոչ միայն իշխանության լծակները, այլև վտանգել կյանքը։ Հասարակության ընդվզման դեպքում նույնիսկ ուժային կառույցները դուրս կգան իշխանությունների դեմ, քանի որ մարդը եսասեր է, և ցանկացած ճանապարհով պաշտպանելու է իր միջոցները, տվյալ պարագայում՝ կենսաթոշակային կուտակումները։
Civilnet











