Գլխավոր Լրահոս

Պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Սերժ Սարգսյանի իշխանությունը սկանդալների չափազանց մեծ պաշար ունի իր քաղաքական զինանոցում ժողովրդի ուշադրությունը իր հրաժարականից շեղելու համար։ Կարելի է ասել՝ հենց այդ սկանդալներն են սնել նրա իշխանությունը։ Այդ իմաստով, նրա թիմն օգտագործել է անամոթության ամբողջ զինանոցը՝ սկսած Հայաստանի հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանելը վերջացրած միանձնյա Մաքսային միություն մտնելու որոշում կայացնելը։ Դրանց արանքում նա և նրա թիմը հասարակությանը զբաղեցրել են ինչով հնարավոր է։

Զբաղեցրել են Գագիկ Բեգլարյանի հրաժարականով, Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությամբ, Թեղուտով, Մարցով, Մարզահամերգային համալիրում Տիգրան Սարգսյանի հարբած ելույթով, Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթքով, տխրահռչակ փեսային Վատիկան գործուղելով, Հանրապետության հրապարակի արտաքին տեսքով, Ազատության հրապարակը վերանվաճելու խնդրով, քաղբանտարկյալներով և այլն։ Ու բոլոր այս սկանդալների արանքում չկա քաղաքական և տնտեսական ոչ մի լուծված հարց։ Ինչո՞ւ։ Որովհետև էդ մարդը իշխանության չի եկել երկիր կայացնելու համար, երկիր կայացնողը Ազգային ժողովը չէր լցնի Սամվել Ալեքսանյանով ու Մհեր Սեդրակյանով։ Երկիր կայացնողը թույլ չէր տա, որ ինչ-որ ԿԳԲ-շնիկ բողոքող քաղաքացուն ասեր «ոչխար»։ Նույն կերպ քաղաքացին կարող էր նրան ասել «ոչխար»...

Երկիր կայացնողը չէր թույլ տա, որ իր օրոք տեղի ունեցած բացառապես բոլոր ընտրությունները կեղծվեն։ Երկիրը կայացնողը գետինը կմտներ, եթե իմանար, որ «էս երկիրը երկիր չի», որտեղից տարեկան արտագաղթում է արդեն 122 հազար մարդ։ Այս ցուցանիշը նույնիսկ արցախյան պատերազմի տարիներին չի արձանագրվել, երբ ռմբակոծվում էին Հայաստանի ու Արցախի բնակավայրերը։ Ու հիմա ոչ ոք չի հասկանում, թե ի՞նչ հարց է լուծում այդ մարդն իր թիմով։ Առաջին հայացքից՝ ոչ մի, նախագահություն է՝ ստացել է, վայելում է։

Բայց այդպես չի լինում, նախագահությունը ժառանգություն չէ՝ հորից որդուն։ Սերժ Սարգսյանը և նրա թիմը նպատակային են ոչնչացնում Հայաստանը։ Այսինքն, վերջապես ունենք մի իրավիճակ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Որովհետև միայն պատերազմական իրավիճակում է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը իրեն պարտավորված չի համարում հասարակությանը տեղյակ պահել, թե ուզածն ինչ է։ Խաղաղ ժամանակներում երկիրը պետք է լինի կանխատեսելի, պետք է տեսնել նրա ընտրած զարգացման ուղղությունը։

Մաքսային միությունը նույնպես զարգացման ուղղություն է, բայց սոսկ անվտանգության մասով։ Գրեթե քսան տարի երկիրը գտնվում է խաղաղության մեջ: Ուղիղ քսան տարի Սերժ Սարգսյանը Հայաստանի բարձրաստիճան իշխանության մաս է, որից վեց տարին՝ ՀՀ նախագահի պաշտոնում։ Մարդ չգիտի, նախագահ է դարձել, «որ ի՞նչ անի»։ Հասկացանք, հանդուրժող է հայ ժողովուրդը, չի ուզում նրան գահընկեց անել։ Թող չանի։ Բայց դու, ախր, քաղաքական գրեթե ոչ մի խնդիր չես լուծել, որում քո անձնական նախաձեռնությունը կերևա, դու այս վեց տարիների ընթացքում տարածաշրջանում Հայաստանը չես դարձրել խաղացող երկիր։ Վեց տարի տնտեսական փոքր-ինչ դրական որևէ փոփոխություն չի նկատվել, վեց տարի ժողովրդավարական կես քայլ դեպի առաջ չի արվել։

Մեկը հարցնի՝ ինչո՞վ եք զբաղված բյուրոկրատական այսքան հսկա ապարատով։ Մի հայ-թուրքական հարաբերություն է մնացել քո ողորմածությանը, այն էլ աջից-ձախից ասում եք՝ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Սաֆարովի ոճրագործությունից հետո այնպիսի լայն ժպիտով ես սեղմում նրան հերոսի կոչում շնորհած Ալիևի ձեռքը, ասես Սաֆարովի «հերոսությունը» ինչ-որ կերպ նպաստել է քո խնդիրների լուծմանը։ Իսկ միգուցե նպաստե՞լ է։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում