Գլխավոր Լրահոս

Բյուջեն նպաստել է աճի դանդաղմանը

Բյուջեն նպաստել է աճի դանդաղմանը

Տնտեսական աճի դանդաղումը՝ զուգորդված բարձր գնաճով, ներդրումների նվազմամբ ու կենսամակարդակի անկմամբ, լճացման (ստագնացիայի) նշաններ են: Դեռ վաղ է մի քանի ամսվա տվյաներով Հայաստանի տնտեսությունը բնորոշել որպես ստագնացիոն, սակայն տեղապտույտի ևս մի քանի ամիս, ու ստիպված կլինենք խոսել ճգնաժամի հերթական ալիքի ներքո հայտնվելու մասին:

Որքան էլ զարմանալի է, տնտեսական աճի դանդաղման մեջ որոշակի դերակատարում է ունեցել հարկաբյուջետային քաղաքականությունը՝ տարվա ընթացքում դառնալով ավելի զսպող, քան նույնիսկ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն է: Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան հայտնի հանձնարարականից հետո (ապահովել 7% տնտեսական աճ՝ բյուջեում նախատեսված 6.2%-ի համեմատ), թվում էր՝ կառավարությունը գոնե իրենից կախված կանի ամեն ինչ տնտեսական աճի ապահովման համար: Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:

Տարվա ընթացքում բյուջեն սկսեց կատարվել հավելուրդով՝ մի շարք կապիտալ ծախսերի հետաձգման պատճառով: Արդեն ինը ամսվա արդյունքում բյուջեի հավելուրդը հասավ 75,8 մլրդ դրամի՝ նախատեսված 9,5 մլրդ դրամի փոխարեն: Բյուջեի ազատ մնացորդը տարվա ընթացքում այդպես էլ չիջավ 110 մլրդ դրամից, իսկ ներկայում գերազանցում է 130 մլրդ դրամը: Սա կենտրոնական բանկի տվյալներն են. իսկ չէ՞որ ռեսուրսների մի մասը սառեցվում է առևտրային բանկերում: Այսինքն՝ բյուջեն տնտեսությունից քաշում է ռեսուրսներն ու սառեցնում դրանք հաշիվներում:

Պատահական չէ, որ բյուջեն իր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից ինը ամսում ստացել է 4.1 մլրդ դրամ տոկոսավճար՝ 5.6 անգամ ավելի, քան ծրագրված էր:

Բյուջետային պլանավորման բոլոր փաստաթղթերում բյուջեի ազատ մնացորդը տարվա ընթացքում պետք է նվազեր՝ օգտագործվելով դեֆիցիտի ֆինանսավորման համար: Սակայն չկա դեֆիցիտ, չկա նաև ֆինանսավորում, իսկ տնտեսությունն այդ ժամանակ սուր կերպով զգում է պատվերների պակաս: Չմոռանանք, որ պետության կապիտալ ծախսերն ունեն հզոր մուլտիպլիկատիվ ազդեցություն. առաջանում է պատվերների շղթայական աճ ու պահանջարկի ընդլայնում: Այդ պատճառով 50-60 մլրդ դրամի ծախսերի հետաձգումը լուրջ հետևանքներ է առաջացնում: Եթե բյուջեի հիմքում դրել ես բարձր տնտեսական աճ, ուրեմն պետք է բացառես բյուջեի միջոցների սառեցումը հաշիվներում, այլապես տնտեսական աճն ինքն իրեն չի լինում:

Չի կարելի միանշանակ ասել, որ բյուջետային ծախսերի զսպումը միտումնավոր է կատարվում: Չենք ուզում նաև ենթադրություններ անել այն մասին, որ բյուջեի միջոցները սառեցվում են առևտրային բանկերում՝ բանկային լոբբինգի հետևանքով: Հնարավոր է՝ մենք հերթական անգամ գործ ունենք բյուջեի պլանավորման և կատարման ընթացքում ի հայտ եկող հակասությունների, պետական գերատեսչությունների աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետ: Դրա պատճառով առաջին կամ երկրորդ եռամսյակներում պլանավորված ծախսերի մի մասը տեղափոխվում է չորրորդ եռամսյակ: Օրինակ՝ այս տարի մի քանի անգամ հետաձգվեցին Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ժամկետները՝ կապված շինարարության որակի ապահովման հետ: Սակայն կապիտալ ծախսերի հետաձգումներն ու անկանոն բնույթն ունեն ավելի համակարգային պատճառներ:

Անկախ նրանից, թե գերատեսչություններն ինչպես են պատճառաբանում ծրագրերի հետաձգումները, կառավարությունը պարտավոր է կարգուկանոն մտցնել համակարգում, այլապես ստիպված կլինի բախվել տնտեսական ակտիվության նվազման հետ: Սա ավելի լուրջ մարտահրավեր է կառաավարության համար, քան թե արտաքին ռիսկերը:

Սամվել Ավագյան

 Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում