Հայերը մսակեր ժողովուրդների թվին չեն դասվում: Յուրաքանչյուր հայաստանցի տարեկան սպառում է 38-40 կգ միս, կամ ամսական` 3.2-3.3 կգ: Սա զգալիորեն զիջում է Ռուսաստանի և զարգացած երկրների սպառման մակարդակներին: Օրինակ՝ Ռուսաստանում 1 շնչի հաշվով սպառումը մոտ 55 կգ է, Եվրամիությունում՝ 80 կգ: Իսկ աշխարհի ամենամսակեր ժողովուդը ամերիկացիներն են՝ մոտ 118 կգ:
Էական նշանակություն ունի, թե մարդիկ ինչ միս են նախընտրում, քանի որ դա տվյալ երկրում ազդում է անասնապահության այս կամ այն ճյուղի զարգացման վրա: Հայերը ավանդաբար նախընտրում են տավարի ու հավի միսը, որոնց բաժին է ընկնում մսի ընդհանուր սպառման 70-80%-ը: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում համամասնության փոփոխություն է տեղի ունեցել. Հայաստանում կտրուկ ավելացել է խոզի մսի սպառումը և կտրուկ նվազել տավարի մսի սպառումը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թ. ինը ամսում Հայաստանում սպառվել է ընդհանուր առմամբ մոտ 68,5 հազ. տոննա միս, որի մեկ երրորդը բաժին է ընկնում տավարի մսին, 40%-ը՝ հավի մսին, 15,5%-ը՝ խոզի մսին, 10.6%-ը՝ ձկանը: 2011թ. համեմատ մսի ընդհանուր սպառումը նվազել է մոտ 6,5%-ով, որից՝ տավարի մսի սպառումը նվազել է մոտ 26%-ով, հավի մսինը՝ 12%-ով, խոզի մսի սպառումն ավելացել է մոտ 60%-ով, ձկանն ավելացել է մոտ 45%-ով:
Մսի սպառման կառուցվածքում այս փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ շուկայում առաջարկ-պահանջարկ հարաբերակցության վրա: Տավարի մսի նկատմամբ պահանջարկի զգալի անկումը նպաստել է տավարի մսի էժանացմանը: Այս օրերին ոսկրոտ տավարի միսն արժե 2300-2400 դրամ, փափուկ միսը՝ մոտ 3000 դրամ: Այս գները 150-200 դրամով ցածր են տարեսկզբի գներից: Քանի որ տավարաբուծությունը Հայաստանի անասնապահության հիմնական ուղղությունն է, այս միտումները չեն կարող չանհանգստացնել: Լեռնային ու նախալեռնային գոտիներում տավարաբուծությունը մի քանի տասնյակ հազար գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ ճյուղի ծախսատարությունը տարեցտարի աճում է: Երևանի մերձակա գյուղերի անասնապահներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ խոտի 1 հուկը (15-20 կգ) այս տարի արժե 1000 դրամ՝ նախորդ տարվա 700-800 դրամի համեմատ (հանուն արդարության նշենք, որ անցյալ տարվա ձմռան նախաշեմին խոտի հուկի գինը բարձրացավ աննախադեպ մակարդակի՝ 1500 դրամ, պայմանավորված ոչ բարենպաստ կլիմայական պայմաններով): Սակայն անասնապահը պնդեց, որ ներկայում էլ խոտ ճարելը դժվարացել է, քանի որ լեռնային գոտիներում շատերը դադարել են խոտհարքերը հնձելուց: Սա շատ անասնապահերի ստիպում է բնական արոտավայրերից դուրս բերելուց հետո անմիջապես մորթել ու վաճառել անասունը: Պատահական չէ, որ տավարի մսի էժանացումը առավել զգացնել տվեց հենց նոյեմբերին՝ ձմեռային սեզոնի սկզբում: Բացի այդ՝ արոտավայրերում տարածվել է անասնագողությունը, ինչի հետևանքով անասնապահների զգալի մասը կրճատում է բնական արոտի շրջանը:
Այլ է վիճակը խոզաբուծությունում: Ճիշտ է՝ առկա է սպառման ծավալների էական աճ, սակայն այդ աճը բավարարվել է բացառապես ներմուծումների հաշվին: Երկու տարի առաջ ինը ամսվա կտրվածքով Հայաստանը ներմուծել է մոտ 3 հազ. տոննա խոզի միս, իսկ 2013 թ.՝ արդեն մոտ 7000 տոննա: Խոզի միս հիմնականում ներկրում ենք Բրազիլիայից, ու այդ բիզնեսը վերահսկում է Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Սամ-Սեր» ընկերությունը (վերջերս ստեղծված այս ընկերությունն արդեն հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում): Քանի որ խոզի միսը ներկրվում է ընդամենը 2,5 դոլար մաքսային արժեքով ու վաճառվում է կգ-ը 1800 դրամով՝ հեշտությամբ շուկայից դուրս է մղում տեղական արտադրանքին: Պատահական չէ, որ ներկրված խոզի մսի գինը շուկայում անփոփոխ է արդեն բավական երկար ժամանակ, իսկ էժանանում է միայն տեղական խոզի միսը:
Գյուղատնտեսության նախարարությունն ունի իր տեսակետը մսի էժանացման վերաբերյալ: Նախարարության անասնաբուծության և անասնապահության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասում է, որ այս տարի աննախադեպ աճ է արձանագրվել անասնագլխաքանակի գծով, ինչը տեղի չէր ունեցել վերջին 40 տարում: Այսպես՝ տավարի գլխաքանակն աճել է մոտ 30 հազարով՝ հասնելով մոտ 670 հազարի, խոզերի գլխաքանակն աճել է մոտ 37 հազարով՝ հասնելով մոտ 150 հազարի: Աճել է նաև ոչխարների գլխաքանակը, սակայն ոչխարների մի մասն արտահանվում է Իրան, հետևաբար՝ գները չեն նվազում: Իսկ խոտի գինը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն չի նվազել նախորդ տարվա համեմատ, այլև նույնիսկ էժանացել է, քանի որ տարին խոտառատ է եղել: Սարի խոտի հուկը ներկայում արժե 700 դրամ, իսկ 1000 դրամ արժե առվույտը: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում գյուղնախարարության պաշտոնյան անասնապահական ֆերմաներից մեկում էր, ու այդ ֆերմայի ներկայացուցիչը նույնպես փաստեց՝ խոտն էժան է նախորդ տարվա համեմատ, հավելելով՝ «խոտն էժան է, միսն էլ էժան ենք ծախում»;
Հանուն արդարության նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունը տարվա ընթացքում մի քանի անգամ հաղորդագրություն է տարածել անասնագլխաքանակի ավելացման մասին՝ կանխատեսելով մսի գնանկում:
Անասնագլխաքանակի աճի ազդեցությունը գների վրա իհարկե չի կարելի հերքել, սակայն մսի սպառման կառուցվածքում ներկայացված բոլոր տվյալները նույնպես վերցված են պաշտոնական վիճակագրությունից: Առավել հավանական է, որ բոլոր գործոններն էլ որոշակի չափով ազդել են մսի շուկայում իրավիճակի վրա:
Սամվել Ավագյան
Civilnet











