Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր է հայտնաբերել։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 29-ին նիստում որոշեց տուգանք կիրառել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև «Իդեալ Գազ», «Բոնիլատ» և Nout.am ընկերությունների նկատմամբ: Տուգանքը կազմում է յուրաքանչյուր ընկերության նախորդ տարվա հասույթի 1%-ը:
Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի՝ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և այդ ճանապարհով առավելության են հասել մրցակիցների նկատմամբ։
ՏՄՊՊՀ-ն «Բի Էյչ Էս» (BHS) հագուստի խանութ- սրահի, «Լ օպտիկի», «Հիքսոս» ընկերության (Riso Scotti ապրանքանիշ) գովազդներում հայտնաբերել է օրենքի պահանջներին խախտում, քանի որ գովազդում տեղեկատվությունը սպառողին հնարավորություն չի տվել ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, իսկ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը հասարակության մոլորեցում է: ՏՄՊՊՀ որոշմամբ՝ ընկերությունները պարտավորվել են դադարեցնել գովազդների հեռարձակումը:
Ինչ վերաբերվում է Nout.am-ին, ապա այն համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:
«Իմէքս Գրուպն» էլ դիմել էր հանձնաժողով՝ խնդրելով արգելել «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից: Հանձնաժողովնը ամրագրել է, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և IDEAL GAS նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Հանձնաժողովի ամենահետաքրքիր որոշումը, սակայն, վերաբերում է «Բոնիլատ» ընկերությանը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:
Բայց այս ամենը Հանձնաժողովին չի բավարարել և «Բոնիլատ» ընկերության վարքագիծը որակվեց որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: Այս ընկերությունն էլ տուգանվեվ նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով։
Civilnet











