ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարծում, որ Հայաստանի տնտեսության մոնոպոլացման աստիճանն ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկներում։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաձայն չէ Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցում նշված մի շարք դրույթների հետ, նոյեմբերի 29-ի հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Ըստ Շաբոյանի՝ հանձնաժողովը այս զեկույցը չի ստացել և միայն լրատվամիջոցներից է իմացել դրա գոյության մասին։ ՏՄՊՊՀ-ում ներկայում ուսումնասիրում են ՀԲ-ի կողմից բարձրացված հարցերը՝ կապված մրցացկության հետ, և մի քանի օրից բոլոր հարցերին գրավոր պատասխաններ կտրվեն։
Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովում համամիտ չեն ՀԲ-ի որոշ պնդումների հետ, քանի որ առկա են մեթոդաբանական խնդիրներ։ ՀԲ-ի մասնագետները նշել են, որ Հայաստանի տնտեսության մոնոպոլացման աստիճանն ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում։ «Համաձայն չենք այդ մտքի հետ և չենք կարծում, որ դա այդպես է։ Ուսումնասիրություններում, որոնց հիման վրա նրանք եկել են նման եզրակացության, առկա են մեթոդաբանության որոշակի խնդիրներ»,- ասաց Շաբոյանը։
Նրա խոսքով՝ ՀԲ-ի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տնտեսության 30 տարբեր ոլորտներ, դրանցում մրցակցության վիճակը, և ըստ զեկույցի՝ ոլորտներից 16-ում կենտրոնացվածության աստիճանը խիստ ցածր է։ Դա նշանակում է, որ այդ ոլորտներում գործունեություն են ծավալում բազմաթիվ տնտեսավարողներ և մրցակցության աստիճանը բավական բարձր է։
ՀԲ մասնագետները ուսումնասիրել են նաև մի քանի ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվը սահմանափակ է. դրանք բնական մենաշնորհներ հանդիսացող ոլորտներն են՝ էլեկտրաէներգիա, գազ։ Գործունեությունը այս ոլորտներում խստորեն կարգավորվում է պետության կողմից։
Ուսումնասիրվել են նաև լիցենզավորվող գործունեություն ենթադրող ոլորներ, օրինակ՝ հեռահաղորդակցությունը։ «Նշում են ոլորտներ, որտեղ օբյեկտիվորեն տնտեսավարողների թիվը պետք է սահմանափակ լինի, քանի որ այդ ոլորտում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հսկայածավալ միջոցներ, օրինակ հանքարդյունաբերությունը»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, թե այն ոլորտներում, որտեղ տնտեսվարողների թիվը օբյեկտիվորեն սահմանափակ է, ստեղծվող արժեքը մեծ է, քան մյուսներում։
Civilnet











