Գլխավոր Լրահոս

Իմ հարցը «Ինչ, որտեղ, երբ» հաղորդմանը

Լրատվամիջոցները տարակուսած են՝ ինչո՞ւ է կառավարությունը 12 միլիոն դրամով ինտելեկտուալ խաղի արտոնագիր ձեռք բերում։ Այսինքն, ինչո՞ւ է այդ փողը տալիս «Արմենիա» և ոչ թե Հանրային հեռուստաընկերությանը։ Պատճառները մի քանիսն են՝ նախ «Արմենիան» է եթեր տալիս այդ խաղը։ Երկրորդ, ի՞նչն է խանգարում կառավարությանը հարկատուի միջոցները ինչ-որ մասնավոր ընկերության գումար տալ։ Պարզ չէ՞, որ դա իրենց ընկերությունն է։ Թե չէ՝ ինտելեկտուալ- մինտելեկտուալ...

Ինչո՞ւ հանրայինին տա, եթե դրա համար հաշվետվություն է ներկայացվելու ԱԺ-ով, որտեղ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը «գիշատիչների» պես սպասում են սրանց հանցագործությունները «վայելելուն»։ Իսկ «Արմենիան» իրենց է հաշիվ տալիս։ Հաջորդը՝ մեր կառավարությունը ֆինանսավորում է այդ խաղը հատկապես Մաքսային միությանն ընդառաջ գնալու շրջանակներում։ Ռուսները պիտի տեսնեն, չէ՞, թե ինչպես ենք քծնում իրենց։ Պաշտոնական պատճառաբանությունն է, թե խաղը ռուսական է։ Վրաստանը նույն խաղը եթեր է հեռարձակում վրացերեն, սակայն ծրագրում է մյուս տարի վերականգնել ռուսական տարբերակը։

Որովհետև ռուսներին հաճոյանալու խնդիր կա, սառույց են հալեցնում։ Ադրբեջանը երկու լեզվով էլ եթեր է հեռարձակում, այսինքն՝ ով ինչ լեզվով հարցն ուղարկում է, այդ լեզվով էլ կարդում են։ Վրաստանում խաղը եթեր է հեռարձակվում մասնավոր հեռուստաընկերությամբ («Ռուսթավի 2»), իսկ Ադրբեջանում՝ պետական (AzTV)։

Այնուամենայնիվ, Ադրբեջանում հաղորդումը հիմնականում եթեր է գնում ռուսերեն, քանի որ այնտեղ մեծ է ռուսական հեռուստատեսությամբ հռչակ ձեռք բերած ադրբեջանցի Ռովշան Ասկերովի ազդեցությունը, որն իր թիմն ունի Ադրբեջանի առաջնությունում։ Այնտեղ գրեթե բոլոր առաջնություններին այցելում և աջակցում են այդ խաղի մեծերը՝ Դրուզը, Կոզլովը, Դվենյատինը և այլք։ Եվ, բնականաբար, պետական հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող այս խաղին հաստատ իշխանությունը կաջակցի։

Կարող են ասել, թե ի՞նչ կա, կառավարությունն աջակցում է մասնավոր հեռուստաընկերությանը, «Ինչ, որտեղ, երբ» խաղը հեղինակություն ունի և այլն։ Համաձայն եմ։ Ես էլ եմ նայում։ Բայց էդ ինչքա՞ն փակ են մասնավոր ֆինանսավորման խողովակները, էդ ինչքա՞ն քիչ հեղինակություն ունի էդ հաղորդումը կամ էդ հեռուստաընկերությունը, որ իրենք չեն կարողանում գումարներ հայթայթել, և կառավարությունն է ստիպված օգնում։ Եվ եթե նա հարկատուի գումարներով օգնում է հեղինակություն չունեցող հաղորդման, այդտեղ հարցեր են առաջանում։

Հարկատուն արդեն իսկ պահում է Հանրային հեռուստաընկերությունը։ Հարկատուն չգիտեր, որ ինքը պիտի ֆինանսավորի նաև «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Հետևաբար այստեղ հարկատուի հետ, մեղմ ասած, անազնիվ հարաբերություն կա, իսկ կոպիտ ասած՝ հանցագործություն։ Մի խոսքով, օրենքի միջամտության կարիքը կա։ Ոչ ոք հաղորդման դեմ ոչինչ չունի (չհաշված՝ լեզվի խնդիրը, որը ուտվում է մայր հաղորդման ոգուն հավատարիմ լինելու անվան տակ)։ Ինձ նույնիսկ դուր է գալիս։

Բայց եթե ուսուցիչներդ հանրապետական են, ինտելեկտուալներդ՝ քաղքենի, հայոց լեզուն՝ վտանգված, չարժե, որ դա արվի ՀՀ քաղաքացու ֆինանսավորմամբ։

Սարսափելին այն է, որ ըստ էության մասնավոր հեռուստաընկերության եթերը ֆինանսավորելով՝ կառավարությունը մատնում է այդ TV-ի վրա ունեցած իր ազդեցությունը կամ, եթե ազդեցություն չունի, այդ գումարով հեռուստաընկերությանն իրենից կախման մեջ պահելու փաստը։ Մենք գիտենք, իհարկե, որ այդ խաղի թիկունքում էլ են երիտհանրապետականները կանգնած, նրանց «երկնային» հովանավորին էլ գիտենք, որը հանգամանքների բերումով նստում է Վատիկանում։ Այլապես Տիգրան Սարգսյանի նման «փողի մեռածը» հաստատ կես լումա չէր հանի բյուջեից ինտելեկտուալի համբավ ունեցող հաղորդմանը տալու համար։

Տիգրան Սարգսյանի «հայկական աշխարհում», եթե հիշում եք, փող պիտի չլիներ, ի՞նչն է նրան խանգարում, որ այդ փողը չլինի այսօր։ Առավելևս, որ այդ փողը չլինի Հայաստանում, եթե կարող է «չերեզ» Կիպրոս Իսպանիայում դառնալ, ասենք, առանձնատուն։ Մի քիչ ավելի հեռու գնանք՝ ի՞նչն է նրան խանգարում, որ Հայաստանն ընդհանրապես չլինի։ Եթե մարդը ռուսերեն լեզվով սեփական խելքն է բանեցնում ՀՀ տարածքում, դա ի՞նչ Հայաստան է, ընկերներ։ Իսկ երբ էդ փաստին էլ ՀՀ քաղաքացու գրպանից փող են տալիս, ի՞նչ են ակնարկում։ Ահա սա էլ իմ հարցը «Ինչ, որտեղ, երբ» հաղորդման ջատագովներին։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում