Հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում նվազել է 62,1%-ով։
Օտարերկրյա ներդրողները չեն վստահում Հայաստանի տնտեսությանը։ Այս տարվա ինն ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 62,1%-ով և կազմել $155,1 մլն։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն՝ 2013թ. ինն ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է $395,6 մլն, ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ քիչ է 31,7%-ով։ Ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $155,1 մլն և նվազել 62,1%-ով:
Նույնիսկ ճգնաժամային 2009թ. ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումն եղել է ավելի համեստ. ուղղակի ներդրումները նվազել են 35,4%-ով և կազմել $384,3 մլն։
Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումները նվազել են 35,7%-ով և կազմել $52,8 մլն։ Ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 20,7%-ով՝ մինչև $42 մլն։
Ֆրանսիական ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատված կրճատվել են 81,4%-ով և կազմել $41 մլն։ Ներդրումների ծավալը կտրուկ նվազեցրել է «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող էր ավելի շատ կրճատվել, եթե չլինեին օֆշորները։ Օրինակ՝ օֆշորային Վիրջինյան կղզիներից ներդրումների ծավալն աճել է 78,3 անգամ՝ կազմելով $22 մլն։ Այդ միջոցների ավելի քան 95%-ն ուղղվել է շինարարության ոլորտ։
Օֆշորային Կիպրոսից ներդրումների ծավալն աճել է 10,8 անգամ և կազմել է $58,7 մլն։ Կիպրոսյան ներդրումների նման ծավալի աճը պայմանավորված է այդ երկրում բանկային համակարգի խնդիրներով։ Պարզ ասած, եթե նախորդ տարիներին Հայաստանում ստացված եկամուտներն ընկերությունները տեղափոխում էին Կիպրոս, ապա այս տարի դրանք ներդրվել են Հայաստանում։ Սրա մասին է վկայում այն, որ կիպրոսյան ներդրումների մոտ 95%-ն ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ։
Այս տարվա ինն ամիսներին կտրուկ՝ 6,1 անգամ, ավելացել են ներդրումները Արգենտինայից՝ կազմելով մոտ $90 մլն։ Ներդրումներն ամբողջովին կատարել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, միջոցներն ուղղվել են օդային տրանսպորտի ոլորտ։
Civilnet











