Գլխավոր Լրահոս

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. Տ. Սարգսյան

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. Տ. Սարգսյան

ՀՀ վարչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակում:

«Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին են  մեր երկրի համագործակցության հեռանկարները՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Այսպիսի ընտրության առիթ դարձավ, իհարկե, Հայաստանի որոշումը միանալու Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:

Առաջին հերթին` մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում   կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ  դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած էր Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը: Այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականացման ուղիների որոնումները մեզ բերեցին բնական և հիմնավորված  եզրակացության՝ ինտեգրացիոն միավորման մեջ լիարժեք անդամակցության անհրաժեշտության մասին, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը, ինչը որոշիչ դեր է խաղում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ են կապված  տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող  ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ՝  «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը:

«Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում:  Սակայն այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցության վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը:  Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020թ.  երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող  պայմանների ապահովմանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով` այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում:  Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը կարևորել է երկու ռազմավարական երկրների տարածաշրջանների միջև կապերի սերտացումը:

«Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնց նպատակն է էլ ավելի սերտացնել և ամրապնդել Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ համագործակցությունը: Դրանց նպատակն է նաև իրականացնել երկկողմ համագործակցության նոր ծրագրեր, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Սոկոլովը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական այցով Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր մասնակցել են հայ-ռուսաան միջտարածաշրջանային ֆորումին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում