Բյուջեի հիմքում դրված 6,2%-ի դիմաց գործադիրն այս տարի ընդամենը 4,1% տնտեսական աճ է ակնկալում։
Կառավարությունը շարունակում է զսպել տնտեսական աճը և 2013թ. համար նախատեսվածից ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն վարել։ Նման քաղաքականության արդյունք է նաև այն, որ բյուջեի հիմքում դրված 6,2%-ի դիմաց գործադիրն այս տարի ընդամենը 4,1% տնտեսական աճ է ակնկալում։
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա տասն ամիսներին կառավարությունը զգալիորեն թերակատարել է պետբյուջեի ծախսային մասը։ Հաշվի առնելով նաև արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային միջոցները՝ պետբյուջեն կատարվել է 18,2 մլրդ դրամ հավելուրդով։ Համեմատության համար՝ անցած տարի նույն ժամանակահատվածում պետբյուջեն կատարվել էր 36 մլրդ դրամ պակասուրդով, իսկ 2013թ. պետբյուջեի կատարումն ապահովող կառավարության ժամանակացույցում այս տարվա ինն ամիսների համար պետբյուջեի պակասուրդը ծրագրված է 70,59 մլրդ, իսկ տարեկան կտրվածքով՝ 119,8 մլրդ դրամ մակարդակում։
Փաստացի, կառավարությունը բյուջեի եկամտային մասի կատարումն ապահովում է ըստ ժամանակացույցի, ինչը չի կարելի ասել ծախսայինի մասին։ Արդյունքում տնտեսությունից հանվել է 18,2 մլրդ դրամ, իսկ հարկաբյուջետային զսպողականության ծավալը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 100 մլրդ dram։ Այս ծավալի միջոցներ ծախսելով կառավարությունը կարող էր ապահովել ՀՆԱ-ի մոտ 3% աճ։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով ծախսերը տնտեսական աճի տեմպը խթանում են շուրջ 1,5 տոկոսային կետով։
Ըստ ֆինանսների նախարարության պարզաբումների՝ պետբյուջեի ծախսային մասի թերակատարումները պայմանավորված են միջազգային վարկային ծրագրերով նախատեսվող աշխատանքների ցածր կատարողականով։ Եթե անգամ հաշվի չառնենք արտաքին միջոցներով իրականացվող աշխատանքները, միևնույն է, կառավարությունը չի ապահովել բյուջեի ծախսային մասի կատարողականը։
ԱՎԾ տվյալների համաձայն՝ առանց ԾԻԳ-երի ֆինանսական միջոցների, պետբյուջեն կատարվել է Դ62,5 մլրդ դրամ հավելուրդով. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բյուջեի հավելուրդը գերազանցում է 40,6 անգամ։
Ի դեպ, այս տարվա տասն ամիսներին պետբյուջեի եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16,5%-ով՝ կազմելով 876,5 մլրդ դրամ, ծախսերն աճել են 8,4%-ով՝ մինչև 814 մլրդ դրամ։
Civilnet











