Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստին էկոնոմիկայի, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններիn և Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական տվեց «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» ոսկու շուկայում համատեղ ծրագրով ստուգումներ իրականացնել: Այս համակարգով ստուգումների կազմակերպման նպատակն այն է, որ գերատեսչություններն առանձին ստուգումներ չիրականացնեն շուկայում` խոչընդոտելով ստուգումների թափանցիկ գործունեությունը:
Վարչապետը, անդրադառնալով անցած շաբաթ Ոսկու շուկայի աշխատակիցների կողմից կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ոսկու շուկայի աշխատակիցները ցույցեր են կազմակերպում, և պատճառները տարբեր են:
«Ես ծանոթացա էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության տեղեկանքին, որը վերաբերում էր շուկայում իրականացված ստուգումներին. տեղեկանքում ներկայացված տվյալները և մամուլի տարածած տեղեկատվությունը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ տեսչությունը դեկտեմբերին նախատեսել է տեսչական ստուգումներ Ոսկու շուկայում:
Ըստ վարչապետի` ոսկու շուկայի աշխատակիցներից պարբերաբար բողոքներ են ստացվում աշխատանքային պայմանների, հակահրդեհային անվտանգության կանոնների չպահպանման, օդափոխման համակարգերի վատ աշխատանքի և այլնի վերաբերյալ: Սպառողները նույնպես բողոքներ են ներկայացրել, որոնց համաձայն` գնված ոսկյա զարդերի վրա նշված չեն եղել հարգերը: Տիգրան Սարգսյանը, մյուս կողմից, ընդգծեց, որ շուկան ունի 7 հազ. աշխատակից, և պետք է զգույշ լինել համապատասխան գործողություններ իրականացնելիս:
Civilnet











