«Գազպրոմի» կողմից Հայաստան առաքվող գազի գինը աստիճանաբար բարձրացել է 2011թ. ապրիլի 1-ից, սակայն կառավարությունը ոչ միայն գաղտնի է պահել այդ տեղեկությունը, այլև պարտքեր է կուտակել՝ առանց համապատասխան որոշման։ Մինչև այս տարվա հուլիսի 7-ը բնակչության համար սակագինը շարունակել է մնալ 132 դրամ՝ 1 խմ-ի դիմաց: Սուբսիդավորումը, սակայն, իրականացվել է քաղաքական նկատառումներից ելնելով՝ 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների համատեքստում։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է Հայաստան առաքվող ռուսական գազի գնի վերաբերյալ նոր բացահայտումներ անել։ Դեկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողներին նա նորից ասաց, որ Հայաստանի համար ռուսական գազը սկսել է թանկանալ 2011-ից։ Հարցին, թե այդ դեպքում ինչու 2012թ. նա ասում էր, որ գազը չի բարձրացել, Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ ասել։ Ես ասել եմ Հայաստանի ներսում չի թանկացել, և մենք վաճառել ենք նույն գնով»։
Հարցին, թե կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում, ըստ որի՝ կառավարությունը ֆինանսավորել է գազի ձեռքբերման գնի և վերջնական սպառողների սակագնի հիմքում դրված գնի (180 դոլար/1000 խմ) միջև տարբերությունը, նախարարը պատասխանեց, որ դրա համար կառավարության որոշում պետք չէր. «Կառավարության որոշում պետք էր լուծումները տալու համար»։
Հարցին, թե արդյոք «ՀայՌուսգազարդին» կառավարության 300 մլն դոլար պարտքն արտացոլվա՞ծ է պետական պարտքի հաշվետվություններում, Մովսիսյանը պատասխանեց, թե դա պետական պարտք չէ, որ արտացոլվի։ «Պետությունը, որպեսզի այդ բեռը չընկնի սպառողների ուսերին, ինքն է վերցրել այն իր վրա»,- ասաց Մովսիսյանը։
Արմեն Մովսիսյանը թե՛ 2011թ., թե՛ 2012թ., թե՛ այս տարվա ընթացքում քանիցս հայտարարել է, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը չի փոխվել, և այն ձեռք է բերվում 180 դոլար/1000 խմ գնով։ 2012թ. հուլիսի 12-ին լրագրողի հարցին ի պատասխան՝ նախարարն ասել էր , թե ռուսական գազի գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել։ 2012թ. սեպտեմբերին 6-ին էլ նախարարն ասել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել, և այն ձեռք է բերվում $180/1000 խմ գնով: Նախարարը չէր մեկնաբանել Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ 2012թ. առաջին կիսամյակում Հայաստան մատակարարվող 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է 219 դոլար:
Գազի գինը գաղտնի պահելու հարցում դեր է ունեցել ոչ միայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, այլև կառավարությունը։ Կառավարությունը 2011թ. ապրիլից սուբսիդավորել է գազի գինը սահմանին, կուտակել է պետական պարտք, սակայն դա արել է առանց իր համապատասխան որոշման, այսինքն՝ անօրինական։ Կառավարությունը չի ընդունել նաև համապատասխան որուշում, ըստ որի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը թույլատրվել է վաճառել «ՀայՌուսգազարդում» պետության 20% մասնաբաժինը «Գազպրոմին»։
Փաստացի, գազի գնի հետ կապված բոլոր գործողությունները իրականացվել են բանավոր որոշումներով։
Խնդիրն այն է, որ, օրինակ, երբ կառավարությունը որոշեց սուբսիդավորել վերջնական սպառողների գազի սակագինը, ապրիլի 6-ին ընդունվել էր համապատասխան որոշում ։
Փաստորեն, կառավարությունը գազի գնի բարձրացումը բնակչությունից գաղտնի է պահել և սուբսիդավորումն իրականացրել է անօրինական՝ առանց որևէ իրավական ակտի:
Արմենակ Չատինյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Civilnet











