Պուտինը և Փարաջանովը
Որպեսզի Պուտինի դիպուկահարները բարձրանան Գյումրիի Յոթ վերք եկեղեցու տանիք, անհրաժեշտ է մինչ այդ սպանել Փարաջանովին: Այսինքն, սպանում ես Փարաջանովին ու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմաց շարում կանաչ արհեստական գազոններ: Սպանում ես Փարաջանովին և արգելում, որ դրսի պարաններին լվացք փռեն: Սպանում ես Փարաջանովին ու լվանում ասֆալտը: Սպանում ես, որպեսզի բոլորը հասկանան, թե գազոնը լուրջ է, ասֆալտ լվանալը լուրջ գործ է, եկեղեցու տանիքին դիպուկահար կանգնեցնելը սուրբ արարք է: Եղբայր, դու թթվածնի կարիք ունեցող հողի վրա ինչի՞ ես արհեստական գազոն փռում: Ասֆալտն ինչո՞ւ ես լվանում: Որ ի՞նչ լինի: Դու ինչո՞ւ ես եղևնին տնկում Պուտինի այցից երեք ժամ առաջ ու հանում երեք ժամ հետո:
Էս ինչո՞վ եք զբաղված: Դուք գազոնը փռում եք, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը հանձնելիս ձեզ հույս տաք, որ այցելության ժամանակ ոչ մի կազուս չեղա՞վ: Եթե տալիս եք, ինչո՞ւ չեք ուզում, որ դա արվի հնարավորինս փնթի: Գյումրիի կլիման ձեզ թույլ էր տալիս էդ փնթիությունը: Ինքը կլիմա է ի հեճուկս աշխարհի մեծերի տեղաշարժի: Դա Գյումրին է, որտեղ մարդամեկը ինչքան ուզեց, չկարողացավ՝ խփի: Դու գազոն ես փռում, որ ծիծաղե՞ս գյումրեցիների վրա: Նրանք արդեն ծիծաղել են: Որովհետև գյումրեցին, տղերք, ձմեռն ասֆալտ չի լվանում: Դրսում մինուս 8 է: Գյումրեցին գազոնը դրսում չի փռում, եթե միայն Աճեմյանի անվան թատրոնի բեմը դուրս չեն տեղափոխել: Գյումրեցին խոտի հաշվին խոտ չի նմանակի, տղերք: Իսկ դուք խոտի վրա գազոն փռելով խոտին զրկում եք իր բնական խռովքից, նրան կռվացնում ձմռան հետ, մինչդեռ խոտը ձմռան հետ «պայմանավորվածություն» ունի՝ ես քո հեքիաթի մեջ չկամ: Խոտի հեքիաթն առանց արևի չի լինում: Խոտը չի սիրում, երբ ծիծաղում են իր վրա, որովհետև այդ ծիծաղը ծաղր է հողի հանդեպ:
Դրսում մինուս 8 է, ի՞նչ հրաշքով է թատրոնի դիմաց «զվռնում» գարունը: Քաղաքական գործիչը կհակադարձի՝ բայց դա թատրոնի դիմաց է, ուրիշ որտե՞ղ կարող է կանաչել խոտը: Այսինքն, դեկորացիաները միայն թատրոնում կարող են հաղթահարել տարվա եղանակները: Դա ճիշտ է, եթե ամբողջ աշխարհը բեմ է, բայց սխալ է, եթե բոլորը չէ, որ դերասան են: Որովհետև բնությունը բեմ չունի, բեմը զուտ մարդկային փաստ է, եթե մարդը չկա, գազոնը չի կարող արհեստական լինել, իսկ եթե գազոնն արհեստական է, ու դարձյալ մարդը չկա, գազոնը կտարրալուծվի բնության մեջ առանց ավելորդ խաղերի:
Գյումրեցիները դերասան չէին: Դերասան էր Հայաստանի իշխանությունը, որն առանց գազոնի չէր կարող խաղալ, դերասան էր թատրոնի կոլեկտիվը, որ հանդուրժեց գազոնը: Հետևաբար այն պահից, երբ մարդկանց մի մասը դերասան չէ, իսկ մյուս մասը թատրոնի մարդ չէ, գազոնները դառնում են միջակ դեկորացիա: Պուտինը Գյումրիում խաղացող տղա չէր, նա եկել էր ռուսական ռազմաբազա:
Ու երբ դու թույլ ես տալիս, որ ռուս դիպուկահարները բարձրանան եկեղեցու տանիք, որպեսզի այնտեղից գնդակահարեն սպառնալիքը, այսինքն, եթե եկեղեցին գնդակահարության տեսադաշտ է (իսկ Պուտինի կյանքն ամենուր, ոչինչ չունեմ ասելու, կարող է վտանգի տակ լինել), եղբայր, մի խոսիր եկեղեցու ազգապահպան նշանակությունից: Հլը կաթողիկոսին հարցրու տես այդպե՞ս է: Ինքը գիտի, որ այդպես չէ: Ինքն ու Պուտինը: Մի խանգարիր աղանդներին անելու իրենց ազգակործան գործը, նրանք դա քեզնից ավելի ագրեսիվ չեն անի: Ես դեմ չեմ, որ դիպուկահարները բարձրանան եկեղեցու տանիք, դարանակալեն գմբեթի ետևում, այնտեղից երաշխավորեն ռուսաց պետության ամբողջականությունը, հետևեն, որ մեր «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսի փայատերը բարով-խերով խաղա նաև առգրավման վերջին արարը, բացարձակապես դեմ չեմ: Որովհետև ես ռուսների խաղը չեմ տեսնում, դիպուկահարի խաղը չեմ տեսնում, չի երևում, որ հայկական եկեղեցու տանիքը ռուս դիպուկահարի համար դարանակալման դեկորացիա է:
Ռուսն այդպես էլ չխաղաց, ահա ինչու, տղերք, աշխարհը բեմ է, եթե ձեր միջից օտարել եք թատրոնը, եթե թատրոնը փախչել է ձեր ինքնությունից ու նրա վրա իշխանություն չունեք, աշխարհը բեմ է, եթե դուք ընդամենը դերասաններ եք, տղերք: Ու մի խոսեք հայ-ռուսական բարեկամությունից: Ու մի մտածեք, թե ձեր մասին չի ասել դասականը. «Ты трус, ты раб, ты армянин»:
Թեմա
Մհեր Արշակյան










