Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Մուգաբեն և Սերժ Սարգսյանը

Երբ հայ մարդն ասում է՝ բա մի հատ ահաբեկիչ չլինե՞ր, նա անկասկած երազում է վրիժառու իշխանության մասին: Որպեսզի սրբի ու տանի Սերժ Սարգսյանի թիմին: Պարզ է, որ սովի եզրին գտնվող մարդը կարող է այդպես մտածել: Հուսահատությունն իր զառանցանքներն ու բառերն ունի: Որովհետև հույսը փոքր մարդու զբաղմունք է, հենց նա հույսը սպառում է, ուզում է վրեժ լուծել: Ոչ մի լծակ չունի փոքր մարդը հույսն առարկայացնելու, ահա ինչու հուսացող մարդու վերջին «հանգրվանը» ահաբեկիչն է:

Չշտապենք փոքր մարդուն դատապարտել: Եվ, իհարկե, չմտածենք, թե նա այլընտրանք չունի: Այլընտրանքը ապրող մարդու քվեն է, ընտրում եմ, նշանակում է՝ ապրում եմ: Բոլոր դեպքերում հույսը նրա գործն է, որովհետև նա է, որ թունելից լույս է փնտրում: Նա է, որ մղվել է թունելի մեջ, որի ծայրը չի երևում, մինչև չի հասկանում, որ դա թունել չէ, քարայր է: Այսպիսով, հույսը ցանկացած քարայր դարձնում է թունել: Դրանից, այնուամենայնիվ, առարկայորեն քարայրը թունել չի դառնում: Մենք հիշում ենք, հուսահատությունը թելադրում է իր զառանցանքները, սակայն նրա այբուբենը հույսի մեջ է: Որքան հույսը հատնում է, այնքան ինչ-որ բանից կառչելու մղումն ուժեղանում է: Ահաբեկիչն այդ մղումին «մարդկային» դեմք հաղորդող «հերոսներից» է: Այսինքն, քաղաքացին, որն այդպես էլ քաղաքացիական ոչ մի ինստիտուտ չտեսավ ու չմարսեց, լուծումը փնտրում է արյուն թափելու մեջ: Նա ամեն գնով ուզում է մատնել իր ներկայությունը, որովհետև աննկատ է: Այդպիսին էր, դիցուք, Նաիրի Հունանյանը և այդպիսին են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե արյունը, այսինքն, վրեժը ելք է:

Ոչ մի կերպ, ոչ մի առիթով չերևացող մարդը միայն մի բան է ուզում՝ նկատվել: Նկատվել, արդեն իսկ գնահատական է: Սա է փոքր մարդուն տարբերում քաղաքացուց: Զիմբաբվեի բռնապետ Ռոբերտ Մուգաբեն հարձակվեց պետության սպիտակ ֆերմերների վրա, երբ տանուլ տվեց սահմանադրական «բարեփոխումները», որոնք նրան իրավունք էին տալիս սպիտակներից առանց փոխհատուցման խլել հողատարածքները: Մատաբելե ցեղը նրան ոչինչ չէր արել, իր նման սևամորթներ էին, բայց ինքն այդ ցեղից չէր՝ 100 հազարին սրի քաշեց: Վերջին վրիժառությունը պետության առաջին դեմքն իրականացրեց 2005-ին, երբ նախագահի ընտրություններում տանուլ տվեց մրցակցին՝ Մորգան Ցվաինգարային: Մուգաբեն անմիջապես հողին հավասարեցրեց աղքատ բնակչության ետնախորշերը՝ անտուն թողնելով մոտ 2,5 միլիոն մարդու: Նրանք Ցվաինգարայի էլեկտորատն էին: Հենց այստեղ կանգ կառնենք:

Դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը չգնաց Գյումրի հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը, առիթը, թող ներվի ասել, հոբելյանական էր, մարդիկ 25 տարի առաջ զրկվեցին կյանքից: Կենդանի մնացածների մի մասն առայսօր իր տանիքը չունի: Ինչու՞ չգնաց: Որովհետև վրեժ լուծեց գյումրեցիներից, որոնք նախագահի ընտրություններում իրենց քվեն չտվեցին նրան, այսինքն, չօգնեցին խփել ինչքան պետք է: Հետևաբար մարդը վրեժ լուծեց: Ի՞նչ էին արել այդ մարդիկ: Ոչինչ: Չօգնեցին նրան, բայց չխանգարեց: Հետաքրքիր է խորհրդանշական ընդհանրությունը աֆրիկյան պետության և Հայաստանի ղեկավարի միջև: Առաջինը փլատակների վերածեց այն մարդկանց բնակավայրը, ովքեր իրեն ձայն չեն տվել, երկրորդը մերժեց նրանց հիշատակը, ովքեր մահացան բնական աղետի փլատակների տակ: Առաջինի ամբողջ իշխանության, այսինքն, 33 տարիների ընթացքում, երկիրը լքեց մոտ 3 միլիոն մարդ, կոտորվածների թիվը մոտ կես միլիոն է, երկրորդի միայն 6 տարիների ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ է արտագաղթել: Կոտորվածների թիվը, որում նա անձամբ պատասխանատու է, 10-ն են:

Հանձին Մուգաբեի, մենք տեսնում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ վրիժառությունը մարմնավորում և իրականացնում է պետության դեմքը: Հանձին Սերժ Սարգսյանի, մենք պարզապես տեսնում ենք մարդուն, որն իշխանություն չունեցողի հիշողություն ունի:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում