Հայաստանի պետական պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է $4,552 մլրդ։
Հայաստանի պետական պարտքն այս տարվա տասնմեկ ամիսներին ավելացել է $180,7 մլն-ով կամ 4,1%-ով՝ նոյեմբերի վերջի դրությամբ կազմելով $4,552 մլրդ։ Պետպարտքի $3,87 մլրդ-ը կամ 85%-ը արտաքին պարտքն է։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտաքին պարտքի ծավալն ավելացել է $130,9 մլն-ով կամ 3,5%-ով։
Տասնմեկ ամիսներին կառավարության և Կենտրոնական բանկի կողմից արտաքին պարտքի մասով ներգրավվել է $905 մլն, որից 690,2 մլն-ը՝ եվրաբոնդերի տեղաբաշխման միջոցով։ Արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է $782,1 մլն, որից ռուսական վարկի վաղաժամ մարմանը՝ $476,8 մլն։
Գործադիրը 2009թ. ռուսական $500 մլն վարկը թեև ներգրավել էր 15 տարվա մարման ժամկետով և Libor+ 3% տոկոսադրույքով (6 ամսյա Libor-ը ներկայում 0,35% է), սակայն այս տարվա հոկտեմբերին որոշեց այն վաղաժամ մարել, այդ նպատակին ուղղելով հայկական առաջին եվրաբոնդերի տեղաբաշխումից ստացված միջոցները։
Ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական տեղեկագրից երևում է, որ նոյեմբերին կառավարությունն ու ԿԲ-ն արտաքին աղբյուրներից ներգրավել են գրեթե նույնքան գումար, որքան ուղղել են պարտքի սպասարկմանը՝ մոտ $14 մլն, ամսական կտրվածքով արտաքին պարտքը կրճատվել է $17,7 մլն-ով։
Նոյեմբերին արտաքին պարտքի կրճատումը պայմանավորված է եղել արտարժութային գործոններով։ Հայաստանի արտաքին պարտքի 67,6%-ը SDR-ով (ԱՄՀ հատուկ փոխառելիության իրավունք) է, 11,5%-ը՝ եվրոյով, 9,4%-ը՝ ճապոնական յենով, այն դեպքում, երբ արտաքին պարտքը հաշվարկվում է դոլարով։ Նոյեմբերին գրանցվել է համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումներ դոլարի նկատմամբ, ինչի արդյունքում էլ փաստացի տեղի է ունեցել Հայաստանի արտաքին պարտքի կրճատումը։
Civilnet











