Առաջիկա հինգ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) Հայաստանում շուրջ $100 մլն-ի ծրագրեր կիրականացնի, որոնք ուղղված կլինեն կայուն տնտեսական աճի խթանմանը, ավելի արդյունավետ ու հաշվետու կառավարմանը և առողջապահական ոլորտում որակի բարելավմանը։
ԱՄՆ ՄԶԳ-ն 2013թ. դեկտեմբերի 11-ին ներկայացրեց Հայաստանի օժանդակության 2013-2018 թթ. հնգամյա իր ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը լրագրողներին ասաց, որ ռազմավարության ծրագրված բյուջեն շուրջ $100 մլն է։ Ֆինանսավորման չափը վերջնական չէ, քանի որ տարեկան հատկացումները հաստատում է ԱՄՆ Կոնգրեսը։
Հիլիարդի խոսքով` վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել տնտեսական, սոցիալական և քաղաքացիական բնագավառում, սակայն անելիքներ դեռ կան։ «Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ դիրքում է, սոցիալական դժվարին վիճակում, փոքր երկիր է` կախված էներգետիկ մեկ աղբյուրից»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրենը` մյուս կողմից հավելելով, թե Հայաստանը ունի զարգացման լուրջ ներուժ։
Ռազմավարությունն ուղղված է լինելու տեղական կարողությունների զարգացմանը` կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կընդլայնի մասնավոր և պետական ընկերակցությունների օգտագործումը, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների և ռեսուրսների հասանելիության ավելացմանը և նորարարության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի կառավարության հետ` ռազմավարական ռեսուրսների` ջրի և էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ: Օժանդակությունը նաև ուղղված կլինի արդյունավետ քաղաքականության, տարածաշրջանային ինտեգրման ավելացման և ապագա աճի խթանմանն ուղղված արհեստավարժ աշխատուժի ստեղծմանը:
Վերջերս ստորագրված կառավարման և հանրային վարչարարության ոլորտի երկկողմ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատելու է կառավարության հետ` օգնելու Հայաստանին ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորել, ինչպես նաև ավելի պատշաճ արձագանքել քաղաքացիների կարիքներին և ակնկալիքներին:
Առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ` կայուն գործընկերություններ ստեղծելու, մոր և մանկան ու վերարտադրողական առողջության բարելավման, երեխաների թերսնուցման դեմ պայքարի և տուբերկուլոզի տարածման նվազեցման ուղղությամբ:
Civilnet











