Գլխավոր Լրահոս

Բյուջետային աշխատակիցները տեղափոխվեցին պետպատվերի շրջանակ

Կառավարությունը արմատապես փոխում է սոցփաթեթի բժշկական ծառայությունների սեգմենը՝ հրաժարվելով ապահովագրական ընկերությունների ծառայություններից։

Բյուջետային շուրջ 130 հազ. աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայությունը կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում փոխարինվեց պետության կողմից տրամադրվող առողջապահական փաթեթով։ Այս փոփոխությունը առողջապահության նախարարությանը հնարավորություն տվեց 44 մլն դրամ ուղղել ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Կառավարությունը, ինչպես արդեն նշվել էր, դեկտեմբերի 12-ի նիստում բյուջետային շուրջ 130 հազ. աշխատակիցների սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունը փոխարինեց պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով։

Գործադրի հավանությանն արժանացած որոշման նախագծի հիմնավորումից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու է կառավարությունը նման քայլի դիմում։ Փաստաթղթի հիմնավորման մեջ՝ «Ակնկալվող արդյունք» բաժնում նշված է միայն, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրվող առողջապահական ծառայությունների որակը: Մյուս կողմից՝ որոշման նախագծի «Կարգավորման նպատակ» բաժնում նշում չկա, որ օրինակ՝ ապահովագրական ընկերությունների միջոցով ձեռք բերվող ու բժշկական ապահովագրության փաթեթներով մատուցվող բժշկական ծառայությունների որակը չի գոհացրել կառավարությանը կամ շահառուներին:

Կառավարության ընդունված որոշմամբ՝ մինչև 2014թ. հունվարի 1-ը կնքված առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետը լրանալու կամ 2014թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառու դառնալու դեպքում բյուջետային աշխատակիցը առողջապահական փաթեթ ձեռք բերելու համար պետք է դիմի առողջապահության նախարարություն և ստանա առողջապահական փաթեթից օգտվելու հավաստագիր: Հավաստագրի տրամադրման կարգը գործադիրը դեռ պետք է սահմանի:

Առողջապահական փաթեթի համար առողջապահության նախարարությունը գանձապետարանում բացելու է արտաբյուջետային հաշիվ, որին փոխանցվելու է յուրաքանչյուր շահառուի հաշվով նախատեսված 52 հազ. դրամը: Իսկ թե ինչպես են բաշխվելու գումարները բժշկական հաստատությունների միջև՝ որոշելու է առողջապահության նախարարությունը: Նախարարությունը դեռ գործադրի հաստատմանը պետք է ներկայացնի սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, իսկ մինչև 2014թ. ապրիլի 1-ը ներկայացնի առաջարկություններ սոցիալական փաթեթի շահառուների ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով սոցիալական փաթեթի գումարների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ։

Կառավարությունը, փաստացի, սոցփաթեթի բժշկական ծառայությունների սեգմենտում կատարում է արմատական փոփոխություն՝ հրաժարվելով ապահովագրական ընկերությունների ծառայություններից, սակայն չի ներկայացնում, թե ինչու։

Ավելի քան 100 հազ. դոլար մեքենաներին

Կառավարության այս որոշումը հազիվ թե բխում է պետական համակարգի աշխատակիցների շահերից, ինչի մասին վկայում են 2013թ. փետրվարին ընդունված որոշման արդյունքները (զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողները պետք է հանվեն բժշկական ապահովագրությունից և տեղափոխվեն առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության տիրույթ՝ պետպատվերի շրջանակ):

Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց որոշման մի նախագիծ, որով կառավարությունը վերաբաշխելու է բյուջետային միջոցները։ Սա նախարարը պայմանավորեց նրանով, որ զինծառայողների ընտանիքի անդամները պետական պատվերի շրջանակներում պետք է օգտվեն անվճար և արտոնյալ բժշկական օգնությունից, իսկ սպասարկումը իրականացվի պետբյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախկինում հատկացվել են սոցիալական փաթեթի շրջանակներում զինծառայողների առողջության ապահովագրության նպատակով:

Ի դեպ, Դումանյանի ներկայացրած փաստաթղթով՝ կառավարության պահուստային ֆոնդից 68 մլն դրամ հատկացվեց առողջապահության նախարարությանը: Որպես հիմնավորում նշվեց, որ 2014-ից սոցփաթեթի շահառուների բժշկական ծառայությունների որակն ապահովելու, բուժօգնության ընթացքի և արդյունքների վերահսկողության նոր մեխանիզմների կիրառելու համար պետք է հզորացվեն Պետական առողջապահական գործակալության կարողությունները։

Որոշումից սակայն երևում է, որ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների 44 մլն դրամն ուղղվելու է Պետական առողջապահական գործակալության համար ավտոմեքենաների ձեռքբերմանը, ընդ որում՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Պահուստային ֆոնդից ևս 9 մլն դրամ ուղղվելու է Առողջապահական գործակալության համար ինչ-որ նախագծահետազոտական աշխատանքների իրականացմանը։

Նախարարությունը փաստացի սկսել է տնօրինել սոցփաթեթի գումարները։ Ընդ որում, այդքան էլ հասկանալի չէ, թե մեքենաների առկայությունն ինչպես է բերելու պետական համակարգի աշխատակիցներին ցուցաբերվելիք բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում