Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի (կենտրոնում)։
Հայաստանը պատրաստ է գնել իրանական գազ, եթե այն ռուսականից էժան լինի։ Եթե Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին նորից պնդի, որ իրանական կողմը պատրաստ է էժան գազ տրամադրել Հայաստանին, իհարկե բանակցություններ կլինեն, դեկտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
«Դեսպանը վերադառնա, պատրաստ ենք հանդիպել, քննարկել։ Եթե ասի, որ պատրաստ են $100-ով 1000 խմ գազ վաճառել, հաջորդ իսկ օրը կմեկնեմ Թեհրան՝ բանակցություններ վարելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե հայկական կողմը իրանականի հետ պատրաստ է սկսել բանակցություններ, եթե գազի գինը ներկայում ձեռքբերվող գնից ցածր լինի (Ռուսաստանից Հայաստան գազն առաքվում է $189/1000 խմ գնով)։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ի ասուլիսին մեկնաբանելով Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն $400-ով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է $189-ով, Մոհամմադ Ռեյիսին ասել էր, որ առայժմ չի տեսել հայկական ու ռուսական կողմերի՝ այդ մասին պայմանագիրը: «Պետք է պարզել, թե ինչպիսին է լինելու ռուսական գազի գինը, հետո բանակցել ու տեսնել, թե ինչպիսին կարող է լինել իրանական առաջարկը: Ամեն ինչ կախված է բանակցություններից»,- ասել էր նա։
Ռեյիսիի խոսքով՝ Իրանը գազը վաճառում է միջազգային գներով, սակայն բարեկամ երկրների համար գազի գինը կարող է նվազեցնել։ «Օրինակ՝ Իրանը Թուրքիային գազ է վաճառում շուկայական գներով, իսկ թե ինչ գնով մենք այն կվաճառեինք Հայաստանին, կախված է բանակցություններից: Տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազը վաճառել $400-ով, բարեկամական երկներին՝ $100-ով»,-եզրափակել է նա:
Civilnet










