Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը (ձախից) և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն (աջից) Մեղրիի հէկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, 2012թ. նոյեմբերի 8։
Թեև Մեղրիի հէկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի մասնակցությամբ տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 8-ին, շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն գալիք տարի։
Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողներին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ արդեն ավարտվել են Մեղրիի հէկի նախագծային աշխատանքները և շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի:
Նախարարի հայտարարությունից ստացվում է, որ երբ 2012թ. վերջին տեղի էր ունենում հէկի հիմնարկեքի արարողությունը, նախագծային փաստաթղթերն դեռ պատրաստ չէին և ամբողջ այդ արարողությունը, որին ի դեպ ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ընդամենը ձևական բնույթ է կրել:
Արաքս գետի ափին հայկական և իրանական կողմերում երկու՝ Մեղրիի և Ղարաչիլարի հէկերի կառուցումը, ըստ մինչ այս հնչած պաշտոնական հայտարարությունների, պետք է սկսվեր 2007թ., հետագայում՝ 2010թ., հետո էլ՝ 2011թ., ապա՝ 2012-ին, հիմա էլ՝ 2014-ին։ Հէկերի կառուցման հուշագիրը ստորագրվել է 2007թ. մարտին 19-ին: Նույն տարվա հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է հուշագիրը։ Շինաշխատանքների մեկնարկը տրվելու էր 2007թ., կառույցը նախատեսվում էր շահագործման հանձնել վեց տարի անց։
2010թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ստորագրեցին Մեղրիի հէկի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագիր։ Այս սխեման ենթադրում էր, որ իրանական ներդրումային ընկերությունը հինգ տարվա ընթացքում պետք է կառուցի հէկը, այն շահագործի 15 տարի, որից հետո անհատույց փոխանցի հայկական կողմին։ Նախագծում ներդրումները գնահատվել են $323 մլն, որն ամբողջությամբ կատարելու է իրանական կողմը։ Հէկը պետք է ունենա 130 ՄՎտ հաշվարկային հզորություն և տարեկան արտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Հէկերի կառուցման ժամկետների տեղափոխումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով և որպես արդյունք՝ սուղ ֆինանսական հնարավորություններով։
Civilnet











