Գլխավոր Լրահոս

Լրագրողը չի կարող լինել հաստավիզ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մամուլի որոշ ներկայացուցիչների անվանել է հաստավիզ։ Բնականաբար նա նկատի ուներ լրագրողներին, քանի որ նույնիսկ բանաստեղծը չի կարող «հաստավիզ» անվանել մամուլին։ Ամենահաստ թերթը՝ «Գինդը», ոչ մի կերպ լրատվամիջոց չէ: Մյուս թերթերը լույս են տեսնում ընդամենը ութ էջով: Ընդդիմադիր որոշ թերթեր այնքան հաստավիզ չեն, որ գումար չունենալու պատճառով դադարեցրեցին տպագրությունը: Այսինքն, «հաստավիզ մամուլ» որակման մեջ ճաշակ չկա։ Բայց հլը պատկերացրեք, թե ինչ «գեղեցիկ» է հնչում հաստավիզ լրագրողը։ Նույնիսկ եթե ճիշտ չէ, առնվազն պատկերն ընկալելի է։

Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը տեսնում է «հաստավիզ լրագրողին»։ Հարկ եղած դեպքում անուններ կտա։ Չկասկածեք։ Բայց եթե Հովիկ Աբրահամյանի կողքին կիսաինտելեկտուալ մեկը լիներ, կասեր՝ պարոն Աբրահամյան, լրատվամիջոցը կամ լրագրողը հաստավիզ չեն կարող լինել: Եթե լինեին, լրագրող չէին լինի: Մարդիկ հաստավիզ են դառնում ոչ ինտելեկտուալ զբաղմունքից: Կամ հաստավիզը արդեն «ինտելեկտուալ» նախասիրություն է։ Օրինակ, մեր տեղական չափանիշներով թիկնապահը «ինտելեկտուալ» նախասիրություն է։ Բայց կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը նրանց մասին ասել՝ հաստավիզ։ Բնականաբար չի կարող։ Որովհետև հենց նման որակում տվեց, նույն օրը կմնա անտեր։

Բնականաբար ոչ ոք չի ասի, թե պարոն Աբրահամյանը թշնամիներ չունի։ Այն, թե քանի հոգու բիզնես է փակվել ԱԺ նախագահի «ողորմածությամբ», բավական է, որ թիվ մեկ օրենսդիրը վախենա իր կամ ուրիշի թիկնապահներին որակել հաստավիզ։ Ո՞վ է տեսել, որ լրագրողը մարդ սպանի։ Ոչ ոք։ Մինչդեռ մարդասպան թիկնապահների օրինակներ՝ ինչքան ասես։ Հաստավիզ կարող է լինել նույնիսկ Հովիկ Աբրահամյանի պահած կատուն կամ շունը։

Բայց թերթի լրագրողը, կրկնում եմ, չի կարող։ Թերթի լրագրող դառնալով նա արդեն կայացրել է որոշում հաստավիզ չլինելու։ Ընթերցողը կարող է հակադրվել՝ քի՞չ կան պատվեր կատարող լրագրողներ, որոնք պարազիտանում են սրա կամ նրա դեմ նյութեր գրելով։ Անձամբ այդպիսի լրագրողի չգիտեմ։ Չեմ էլ ուզում իմանալ։ Իմանամ էլ՝ չեմ հավատա։ Հավատամ էլ, դա ոչինչ չի փոխի նրա հանդեպ իմ վերաբերմունքի մեջ։ Որովհետև, ինչպես ինձ համար ոչինչ չի նշանակում «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան» ձևակերպումը, այնպես էլ ոչինչ չի նշանակում «պատվերագիր լրագրողը»։ Վերջինս անխուսափելի է, որքան այսօր անխուսափելի է ՀՀԿ մեծամասնությունն ԱԺ-ում։ Դրանք մարդիկ են, որոնք բիզնես ունեն ոչ թե սեփական ինտելեկտի հաշվին, այլ՝ ժողովրդի, որոնք ԱԺ-ում են ոչ թե քվեով, այլ՝ անպատկառությամբ։ Հետևաբար, իրենք իրենց նմանին կարող են ծնել լրատվական դաշտում։

Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանը ոչ թե պետք է Զարուհի Փոստանջյանի վրա մուննաթ գա, թե իբր վերջինս իր դեմ նյութեր է պատվիրում «որոշ հաստավիզ մամուլի լրագրողների», այլ պետք է հավաքի ամբողջ խորհրդարանական մեծամասնությանը և խնդրի պատվերների մորատորիում հայտարարել՝ «խայտառակ եղանք, այ մարդ»  պատճառաբանությամբ։ Օրինակ, կարող է իր մոտ հրավիրել Կարամելի Հարութին՝ Հարություն Ղարագոզյանին, ու հրահանգել՝ լրագրողի հետևից կոնֆետ մի ուղարկիր։ Որովհետև քեզ ես դարձնում խոցելի, ինձ ես դարձնում խոցելի։ «Ես ի՞նչ իմանամ, որ վաղը մեկ այլ լրագրողի 10 կամ 20 կգ կոնֆետ ուղարկելով՝ իմ դեմ նյութ չես պատվիրում»,- թեման կարող է շարունակել Հովիկ Աբրահամյանը։ Կարող է հրավիրել Սամվել Ալեքսանյանին ու ասել՝ դադարեցրու լրագրողներին փող բաժանելը։ Կարող է ինքն իրեն հրավիրել իր մոտ և իրեն կոչ անել աղջիկ լրագրողներին օծանելիք չբաժանել։ Որովհետև քանի դեռ ինքը օծանելիք է բաժանում, Սամվել Ալեքսանյանն ու Հարություն Ղարագոզյանը պաշտպանվում են փող և շոկոլադ բաժանելով։ Որովհետև այդ մարդիկ ոչ մի երաշխիք չունեն, որ էդ օծանելիքը վաղը շուռ չի գա իրենց դեմ։

Ահա թե ինչպես են ծնվում հաստավիզ լրագրողները, պարոն Աբրահամյան։ Հաստավիզներին ման եկեք «զնմանների» մեջ։ Եվ եթե ձեր կողքին խելոք մեկը լիներ, կասեր, որ Զարուհի Փոստանջյանը հոդվածների պատվիրատու չի կարող լինել ոչ ի պաշտոնե, ոչ ֆինանսապես։ Նա ընդամենը պատգամավոր է, լիքը բալիկներ ունի, փոխարենը բիզնես չունի, և հազիվ թե կարողանա թեկուզ կես լրագրողի կաշառել։ Եվ ամենակարևորը՝ չի վայելում իշխանությունների հովանավորությունը։ Փոխարենը, կրկնում եմ, դա կարող է անել միայն իշխանությունը։ Եվ դու փաստորեն կծում ես այն ձեռքը, որին սնում ես։ Իսկ դա լրիվ քաղաքական նոր իրավիճակ է։ Փաստորեն դուք արդեն ինքնահոշոտմամբ եք զբաղված։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում