Գլխավոր Լրահոս

Սառը ընդունելություն Դավութօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանում պետական մակարդակով արժանացավ ակնհայտ սառը ընդունելության: Այդ սառնությունը հատկապես նկատելի էր, երբ այն համեմատում ենք այն ջերմ ընդունելության հետ, որին Երևանում պետական մակարդակով արժանացան նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008-ի սեպտեմբերին, ապա մեկ այլ արտգործնախարար` Ալի Բաբաջանը` 2009-ի ապրիլին:

Դավութօղլուն սառն ընդունելության արժանացավ ոչ թե և ոչ միայն պատճառով, որ մոտենում է 2015-ը, երբ համայն հայությունը պատրաստվում է ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այլ որովհետև Թուրքիան հրաժարվում է վավերացնել 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները: Հենց Դավութօղլուն և Նալբանդյանն էին, որ թիկունքում ունենալով մի շարք տերությունների արտգործնախարարների, այդ թվում` Հիլարի Քլինթոնի և Սերգեյ Լավրովի ներկայությունը, ստորագրեցին այդ փաստաթղթերը:

Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 12-ին մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել` Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության խորհրդի նախարարների` Երևանի հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2009-ի ապրիլից ի վեր սա Թուրքիայի` արտգործնախարարի մակարդակով առաջին այցն է: Սակայն ի տարբերություն Բաբաջանի, որն արժանացավ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, մինչև վերջին պահը հաստատված չէր անգամ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումը:

Ընդհանուր առմամբ` Դավութօղլուն Երևանում անցկացրեց մոտ 10 ժամ: Հայաստան այցից մի քանի օր առաջ թուրքական լրատվամիջոցները, հիմնականում նրանք, որոնք վերահսկելի են իշխանությունների կողմից, հեղեղված էին Դավութօղլուի այցի և հայ-թուրքական ու արցախյան հակամարտության մասին հրապարակումներով: Այսպես, թուրքական կողմը փորձում էր միջազգայնորեն ստեղծել տպավորություն, թե իբր կա հայ-թուրքական երկխոսություն, իսկ Դավութօղլուի այցը ավելի շատ ներկայացվում էր երկկողմ հարաբերությունների խորապատկերի վրա, թեև ակնհայտ էր, որ Թուրքիայի արտգործնախարարը ոչ թե Հայաստան է այցելում, այլ մասնակցում մի կազմակերպության գագաթաժողովի, որն անցկացվում էր Երևանում:

Հայկական կողմը` պաշտոնական Երևանն ու իշխանությունների կողմից վերահսկելի լրատվամիջոցները, փորձում էին ամեն կերպ կարևորություն չտալ Դավութօղլուի այցին: Ավելին, Հայաստանի իշխանությունները, թվում է, ամեն կերպ փորձում էին խուսափել Թուրքիայի արտգործնախարարի այցից: Սակայն Դավութօղլուն հաստատակամ էր: Նա ժամանեց Երևան, մասնակցեց ՍԾՏՀ նիստին, մեկուկեսժամանոց հանդիպում ունեցավ արտգործնախարար Նալբանդյանի, ինչպես նաև` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, իսկ Երևանից մեկնելուց առաջ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ասուլիս տվեց միայն իրեն ուղեկցող թուրք լրագրողների համար:

Այսպիսով, եթե Դավութօղլուն խուսափեց հայ լրագրողների տհաճ հարցերից, ապա Նալբանդյանը ասուլիս ընդհանրապես չտվեց, իսկ արտգործնախարարությունը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մեկուկեսժամանոց հանդիպման մասին տարածեց երկու նախադասությունից կազմված հաղորդագրություն, համաձայն որի` հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել  առանց նախապայմանների: Պաշտոնական Երևանը պատրաստակամ է վավերացնել և կյանքի կոչել դեռ 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Այդ մասին դեռ Դավութօղլուի այցի նախօրեին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը:

Ի դեպ, Հայաստանի դիվանագիտական բառապաշարում նոր եզրույթ է գործածվում: Եթե նախկինում հայ դիվանագետները օգտագործում էին միայն «արձանագրությունների վավերացում» եզրույթը, ապա վերջին շրջանում դրան ավելացրել են նաև «կյանքի կոչում»-ը: Սա արդեն նշանակում է, որ հայ դիվանագետներն այն աստիճան չեն վստահում թուրքերին, որ մտահոգություններ ունեն` արդյոք Թուրքիան կյանքի կկոչի՞ արձանագրություններում նշված կետերը, եթե անգամ այդ փաստաթղթերը վավերացվեն խորհրդարանում:

Դավութօղլուի Հայաստան այցի նպատակն էր միջազգայնորեն տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական դիվանագիություն և երկխոսություն կա, հետևաբար` ցանկալի չէ երրորդ երկրների կողմից 1915-ին անդրադարձը: Թուրքիան փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի այդ տպավորությամբ մտնի 2014 թվական և այդ տպավորությամբ դիմավորի 2015-ը: Բայց այդ հարցում, որքան էլ հեգնական հնչի, Թուրքիային օգնում է հենց Հայաստանի կեցվածքը, որը հետևողականորեն հրաժարվում է հետ կանգնել և ստորագրությունը վերցնել ցյուրիխյան արձանագրություններից:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում