2014թ. Երևանի քաղաքային բյուջեի եկամուտների մոտ 3/4-ը պետբյուջեից ստացվելիք միջոցներն են լինելու։
Թեև Երևանի քաղաքապետարանը «Երևանի մասին» օրենքի ընդունումից հետո (2009թ.) հնարավորություն ստացավ ունենալու սեփական բյուջե, որը ձևավորվում է տեղական տուրքերից, այդուհանդերձ, շարունակում է ապրել պետբյուջեի հաշվին։ 2014թ. քաղաքային բյուջեի եկամուտների մոտ 3/4-ը պետբյուջեից ստացվելիք միջոցներն են լինելու։
Երևանի քաղաքապետարանի 2014թ. բյուջեի եկամուտները ծրագրված են 69 մլրդ, իսկ ծախսերը՝ 69,4 մլրդ դրամ մակարդակում։ Գալիք տարվա բյուջեի եկամուտները կաճեն 5%-ով կամ 3,3 մլրդ-ով, ծախսերը՝ 5,1%-ով կամ 3,4 մլրդ-ով։ Քաղաքապետարանի բյուջեի եկամուտների աճի 88%-ը (3 մլրդ դրամ) տեղի կունենա պետբյուջեից հատկացվող միջոցների ավելացման հաշվին։
Քաղաքապետարանի բյուջեի նախագծից երևում է, որ եկամուտների 71,5%-ը կամ մոտ 50 մլրդ-ը որևէ կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ, այդ միջոցները ձևավորվելու են պետբյուջեի հաշվին։
Քաղաքային բյուջեի եկամուտների 17,8 մլրդ դրամը կամ 26%-ը կազմում են պաշտոնական դրամաշնորհները, ինչն անցած տարվա համեմատ ավելի է 1,3 մլրդ դրամով կամ մոտ 8%-ով։ Քաղաքապատարանի բյուջեի եկամուտների 31,4 մլրդ դրամը ձևավորվելու է պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման հաշվին։
Ուշագրավ է, որ պետբյուջեից Երանի քաղաքապետարանին տրամադրվող պաշտոնական դրամաշնորհների ծավալն ավելի շատ է, քան քաղաքապետարանը նախատեսում է հավաքել հարկեր և տուրքեր (14 մլրդ դրամ)։ Հարկերի նման փոքր ծավալն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Երևանում անշարժ և շարժական գույքի գույքահարկը, տեղական տուրքերն ամբողջովին մուտքագրվում են քաղաքային բյուջե։
Նման պայմաններում, երբ քաղաքապետարանը բյուջեի մոտ 3/4-ի ձևավորման հետ որևէ առնչություն չունի, ծախսային մասում բավական շատ են շռայլությունները։
2013թ. Երևանում իրականացվել է մոտ 12 մլրդ դրամի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ՝ 4,4 մլրդ-ը համայնքային բյուջեից, 7,5 մլրդ-ը՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Սա քաղաքապետարանին չի խանգարել 2014թ. փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման համար նախատեսել մոտ 6 մլրդ դրամ։
Քաղաքապետարանը, որը փաստացի սնվում է պետբյուջեից, չգիտես ինչու 2014թ. նախատեսում է 1 մլրդ դրամի նվիրատվություններ կատարել շահույթ չհետապնդող կազմակերպություններին։ Գալիք տարի քաղաքապետարանը նախատեսում է դրոշների տեղադրման վրա ծախսել 87 մլն դրամ, ինչն այս տարվա համեմատ ավելի է 4%-ով։ Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման համար նախատեսված է ծախսել 36 մլն դրամ, այն դեպքում, երբ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպմանը նախատեսված է ուղղել ընդամենը 5,8 մլն դրամ, ավտոբուսներում թեքահարթակների ապահովմանը՝ 30 մլն դրամ։
Civilnet










