Թուրքիան այս տարվա հունիսից ի վեր ավելի քան 47 տ զենք է մատակարարել սիրիացի ապստամբներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վկայում են ՄԱԿ-ի փաստաթղթերը։
Համաձայն ՄԱԿ-ի փաստաթղթերի՝ Թուրքիան վերջին մի քանի ամիսներին սիրիացի ապստամբներին մատակարարել է զենքի տարբեր խմբաքանակներ․ միայն սեպտեմբերին Թուրքիայից ապստամբներին ուղարկվել է մոտ 29 տ զենք։ Այս թվերն առկա են ՄԱԿ-ի Առևտրի կոմիտեում։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենտ Գյումրուքչուն ի սկզբանե հերքել է թվերը, սակայն Hurriyet-ի հետ զրույցում ավելի ուշ հաստատել է, որ ՄԱԿ-ի թվերը հիմնված են Թուրքիայի վիճակագրական ընկերության նախորդ տվյալների վրա, որը Սիրիա ուղարկված զենքը գրանցել է՝ որպես «ոչ ռազմական օգտագործման զենք»։
Թուրքիան բազմիցս հերքել է սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելու փաստը՝ չնայած հակառակը վստահեցնող մի շարք տեղեկությունների։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











