Գլխավոր Լրահոս

Գործադիրը կրկին փոխում է գերավճարների հավաքագրման գրաֆիկը

Պետեկամուտների կոմիտեն 2014թ. առաջին կիսամյակում պետք է ապահովի մոտ 30 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր, երկրորդ կիսամյակում՝ 76,5 մլրդ դրամի։

Պետբյուջեի եկամտային մասը գերավճարների միջոցով համալրման պրակտիկան գործադրին մղել է այս ուղղությամբ նոր փորձակումների։ Կառավարությունը 2014թ. լրացուցիչ հարկային մուտքերի 72%-ը ծրագրում է ապահովել տարվա երկրորդ կեսին, այն դեպքում երբ այս տարի լրացուցիչ հարկերի կեսից ավելին հավաքագրել է առաջին կիսամյակում։

Այս տարի հավաքագրվելիք 118 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքերի 62%-ը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ըստ կառավարության կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է ապահովեր առաջին կիսամյակում։ ՊԵԿ-ը հավաքագրումներն ապահովել է։ Թե ինչու էր կառավարությունը որոշել լրացուցիչ հարկային եկամուտների կեսից ավելին հավաքագրել առաջին կիսամյակում, այդքան էլ հասկանալի չէր՝ եթե հաշվի առնենք տնտեսությունում սեզոնայնության գործոնն ու կառավարության նախորդ տարիների գործելաոճը։

Այժմ գործադիրը կրկին որոշել է փոխել հարկային հավաքագրումների ժամանակացույցն ու մոտեցումները։ Դեկտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի 2014թ.-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման նախագիծը, որը 2014թ. պետբյուջեով ծրագրված 106,5 մլրդ դրամ լրացուցիչ հարկերի հավաքագրումը նախատեսում է տարվա երկրորդ կեսին՝ ինչպես 2011-ին։

Այսպես, ըստ ֆինանսների նախարարության կողմից մշակված ժամանակացույցի՝ ՊԵԿ-ը գալիք տարվա առաջին կիսամյակում պետք է ապահովի մոտ 30 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր, երկրորդ կիսամյակում՝ 76,5 մլրդ դրամի կամ ծրագրային ցուցանիշի 72%-ը։

Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ տարվա երկրորդ կեսը որպես կանոն տնտեսապես ավելի ակտիվ է, ինչը պայմանավորված է ՀՆԱ-ում գյուղատնտեսության մոտ 20% մասնաբաժնով։ Բացի այդ, տարվա երկրորդ կեսին ավելանում են մասնավոր տրանսֆերտների ծավալը (մասնավոր փոխանցումների մոտ 70%-ը բաժին է ընկնում այս ժամանակահատվածին), զբոսաշրջիկների թիվը։

Սակայն 2014-ին տնտեսվարողներից լրացուցիչ հարկերի հավաքագրումը երկրորդ կիսամյակ տեղափոխելիս կառավարությունը հաշվի է առել մեկ այլ, ավելի կարևոր գործոն՝ կանխավճարների ինստիտուտ գոյությունը։

Խնդիրն այն է, որ 2013թ. բյուջեի հիմքում կառավարությունը դրել էր 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, այնինչ ծրագրում է ապահովել ընդամենը 4,1%։ Հասկանալի է, որ հարկման բազայի կրճատումն անխուսափելիորեն պետք է հանգեցներ այս տարի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի թերակատարման։ Սակայն ՊԵԿ-ը ծրագրած ցուցանիշները կատարել է՝ հիմնականում գերավճարների հաշվին, և այդ գումարները պետք է «մաշվեն» 2014-ին։ Պարզ ասած, կառավարությունը ստեղծված սոցիալ տնտեսական պայմաններում գալիք տարվա առաջին կեսին տնտեսվարողներից գործնականում չի կարող լուրջ հարկային հավաքագրումներ իրականացնել, քանի որ այս տարվանից դեռ ունի պարտքեր, իսկ լրացուցիչ հարկերի հավաքագրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ բիզնեսի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում