Գլխավոր Լրահոս

Ձախողել նախագահի հանձնարարականը. տնտեսությունը կաճի մինչև 4,2%

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ժամանակ։

Կառավարությունը չի ապահովի ոչ միայն 2013թ. բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի 6,2% ցուցանիշը, այլև նախագահի հանձնարարականը՝ արձանագրել 7% տնտեսական աճ։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասում է, որ այս տարի նույնիսկ 4,2% տնտեսական աճ ապահովելը բավական բարդ կլինի։

Դեկտեմբերի 19-ի կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե գործադրին հաջողվելու է արդյոք կատարել նախագահի հանձնարարականը՝ ընթացիկ տարվա համար ապահովել 7% տնտեսական աճ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ կառավարության ծրագրով նախանշված է 5-7% տնտեսական աճ։

«Կարծում եմ, որ այս տարի մենք 5% տնտեսական աճ չենք արձանագրի և լավագույն դեպքում կունենանք 4,2% տնտեսական աճ։ Բայց վերջին երկու ամիսների զարգացումները ցույց են տալիս որ 4,2% տնտեսական աճ ապահովվելը կլինի բավականին բարդ»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը։

Որ այս տարի կառավարությանը չի հաջողվի ապահովել պետբյուջեի հիմքում դրված 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, հաստատվեց 2014թ. պետբյուջեի ուղերձում, որում գործադիրը ընթացիկ տարվա համար տնտեսական աճի 4,1% ցուցանիշն էր նշել։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Հայաստանի այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7% տնտեսական աճ՝ այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։ Այդուհանդերձ, գործադիրը չի պատրաստվում հրաժարական տալ, նախագահն էլ կարծես թե հակված չէ փոխել կառավարությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության, ասել է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես ամփոփի 2013թ. սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ:

«Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013թ. համար դրված նպատակները, կատարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն»,- նշել է նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում