ՀՀ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 19-ին Սահմանադրությանը չհակասող է ճանաչել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:
Համաձայնագրի դրույթները բուռն քննարկման առարկա են դարձել Հայաստանի քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, օրինակ, պնդում է, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և նվաստացուցիչ է Հայաստանի համար:
Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի շուրջ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն, «Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության՝ այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»։
Պայմանագրում նշված է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2014թ․ հունվարի 31-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանն է հանձնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում իր 20 տոկոս բաժնեմասը՝ 63,334 մլրդ դրամ արժեքով, «այնպես, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը կազմեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100%-ը»։
«Հայկական կողմը երաշխավորում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- նշված է 3-րդ հոդվածում:
5-րդ հոդվածով սահմանվում է, որ «ՀայՌուսգազարդը» տիրապետում է Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված՝Ռուսաստանի տարածքից առաքվող/տրվող գազի ներմուծման բացառիկ իրավունքով։
6-րդ հոդվածով Հայաստանի տարածքում «Գազպրոմին» կամ նրան փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույք օգտվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և անվերապահ պաշտպանությունից և չի կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի, ինչպես նաև այլ միջոցների, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են բռնագրավմանը, ազգայնացմանը կամ ռեկվիզիցիային։
«Եթե սույն Համաձայնագրի պայմաններին հակառակ տեղի կունենա նման բռնագրավում, ազգայնացում, ռեկվիզիցիա կամ գույքից, իրավունքներից կամ շահերից այլ զրկում, ապա հայկական կողմը պարտավորվում է անհապաղ հատուցել այդպիսի գույքի, իրավունքների կամ շահերի արժեքը ԱՄՆ դոլարով դրանց լրիվ շուկայական արժեքով […]»,- նշված է 6-րդ հոդվածում:
7-րդ հոդվածում նշված է. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց ռուսական կողմի համաձայնության։
Հայկական կողմը երաշխավորում է․ որ մինչև 2043թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարվի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը […]:
2013թ․ հունվարի 1-ից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար շահութահարկի դրույքը սահմանվում է 20%-ի չափով։ Անորոշ անձանց շրջանակի համար որոշակի ամսաթվից Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ սույն պարբերության մեջ նշված շահութահարկի դրույք սահմանելու դեպքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շահույթը նշված սահմանված ամսաթվից կհարկվի այդպիսի նվազեցված շահութահարկի դրույքով։
Եթե վերը նշվածին հակառակ, մինչև 2043թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ կփոփոխվի, չեղյալ կհայտարարվի կամ որևէ այլ կերպ կխախտի սույն Համաձայնագրով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը, ապա կկիրառվեն մինչ այդպիսի նորմատիվ իրավական ակտի ընդունման պահը գործող Հայաստանի Հարապետության օրենսդրության պայմանները»։
Վերջին՝ 11-րդ հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով....
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet










