Գլխավոր Լրահոս

Տնտեսական ակտիվությունը կազմել է 3,1%

Տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը պայմանավորված է ընթացիկ սոցիալ տնտեսական պայմանների վատթարացմամբ։

Հայաստանի տնտեսության արգելակումը շարունակվում է։ Այս տարվա տասնմեկ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 3,1%. տասն ամիսներին ցուցանիշը 3,4% էր, ինն ամիսներին՝ 3,2%, առաջին եռամսյակում՝ 8,7%, կիսամյակի կտրվածքով՝ 4,4%։

Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. նոյեմբեր» հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին ամսական կտրվածքով տնտեսական ակտիվությունը կրճատվել է 10,3%-ով, անցած տարվա նոյեմբերի 6,7% անկման համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը պայմանավորված է ընթացիկ սոցիալ տնտեսական պայմանների վատթարացմամբ։

Այսպես, այս տարվա տասնմեկ ամիսներին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 7,1% աճ՝ տասն ամիսների 7,8%-ի և առաջին կիսամյակի 8,3%-ի համեմատ։ Գյուղատնտեսության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 6,1% տնտեսական աճ՝ տասն ամիսների 5,9%-ի և ինն ամիսների՝ 5,5%-ի փոխարեն։ Չնայած գյուղատնտեսական սեզոնն ավարտվել է, ոլորտում աճի տեմպը շարունակում է ավելանալ։

Ծառայության ծավալները տասնմեկ ամիսներին աճել են 2,9%-ով, առևտրի շրջանառությունը՝ 1,6%-ով։ Տասն ամիսներին առևտրի ծավալների աճը կազմել է 1,8%, ինն ամիսներին՝ 2,1%։ Ծառայության ոլորտում աճի տեմպը փաստորեն պահպանվել է, իսկ առևտրի ծավալների աճի տեմպի դանդաղումը աշխատավարձերի և գնաճի անհամաչափ աճի հետևանք է։

Խնդիրն այն է, որ նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 6,1%, իսկ տասնմեկ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել է 4,4%-ով՝ կազմելով 147,3 հազ. դրամ։ Տասնմեկ ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձն ավելացել է 3,1%-ով՝ կազմելով 117,3 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 6,8%-ով՝ մինչև 181,2 հազ. դրամ։

Փաստացի, այս տարվա տասնմեկ ամիսներին տեղի է ունեցել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատակիցների գնողունակության նվազում։

Տնտեսության երկու ճյուղերը, որոնցում տասնմեկ ամիսների կտրվածքով պահպանվել է անկումը, շինարարությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Շինարարության ոլորտում տասնմեկ ամիսների կտրվածքով 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8,5% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,3%-ով։ Վերջինս հիմնականում պայմանավորված է «գազ-էլեկտրաէներգիա» իրանա-հայկական սխեմայով Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կրճատմամբ։

Տասնմեկ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի ծավալներն ավելացել են 5,2%-ով՝ կազմելով $5,3 մլրդ։ Արտահանումը աճել է 8,4%-ով՝ մինչև $1,4 մլրդ, ներկրումը՝ 4,2%-ով՝ կազմելով $3,9 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում