Գլխավոր Լրահոս

Վեցերորդ տարին՝ առանց ծպտուն հանելու

Հայաստանը Ռուսաստանի խղճուկ գրագողությունն է, նույնիսկ եղանակային պայմաններն են հաճախ կրկնօրինակում Մոսկվային։ Մեր եթերը գրեթե ամբողջությամբ ռուսականի վատ նմանությունն է, մեր կառավարման համակարգը` էլ ավելի խղճուկ, բայց  ռուսականից հետ չմնացող համակարգ է։ Մեր օլիգարխները ռուսականից տարբերվում են ինտելեկտի աննախադեպ ցածր պաշարով, բայց, միևնույն է, վայելում են միայն մեկի «ողորմածությունը»։ Մեր երկիրը չունի Խոդորկովսկիի նման բռնավոր, բայց ինչքան քաղբանտարկյալներ է ունեցել և դեռ կունենա։ Ռուսներն էլ ունեն Pussy Riot-ը։ Նույնիսկ մեր կաթողիկոսն է ինչ-որ կերպ հիշեցնում ռուսական պատրիարքին, թեպետ այս դեպքում ճիշտ կլինի ասել, որ ճոխ կյանքի հանդեպ իր հակումներով ռուս պատրիարքն է փորձում նմանվել մեր կաթողիկոսին։

Սակայն, տեսեք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 9-րդ անգամ հանդիպում է լրատվամիջոցներին և պատասխանում ցանկացած հարցի։ ՀՀ նախագահի աթոռը գրաված Սերժ Սարգսյանն ասես լինի այն անապատը, որի վրա սփռվում է «ձայն բարբառոյ»-ը։ Մարդ-անապատ։ Պուտինը հանդիպում է լրատվամիջոցներին ոչ իհարկե նրանց հանդեպ սիրույն։ Հանդիպում է նախ ժողովրդավար երևալու համար, երկրորդ, որպեսզի Ռուսաստանը կանխատեսելի երևա աշխարհի աչքին, ոչ մեկի համար որևէ բաց հարց չմնա։ Այսպես ասած, խաղում է բաց խաղաքարտերով։ Ձեռքի հետ էլ հանդես է գալիս Դաշնային խորհրդին ուղղված հրապարակային դիմումով։

Գրեթե ամեն օր այդ մարդը եթերում է ոչ բրեժնևյան սցենարով։ Ճիշտ է, մարդու զահլեն է գնում, բայց խոսում է ինքնուրույն, երբեք որևէ թղթից չի օգտվում, հրապարակավ բաժանվում է կնոջից և այլն։ Այսինքն, ձգտում է հետ չմնալ մյուսների նման մարդ լինելուց։ Հիմա վերադառնանք մեր «նախագահին»։ Այդ մարդը, մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, երբեք չհանդիպեց լրատվամիջոցների հետ, թեպետ մեկ-երկու անգամ «սպառնացել» է։ Ճիշտ է՝ մեկ անգամ մի քանի լրատվամիջոցի հետ հանդիպեց, բայց դա, Աստված գիտի ում սրտին ինչ մխիթարանք է։ Վարչապետին կամ ԱԺ նախագահին խնդրում ես մեկնաբանել Սերժ Սարգսյանի որևէ հայտարարությունը կամ արարքը, հակադարձում են՝ իրեն հարցրեք։ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից կազինոների մասին հարց էր ուղղել, կառավարող ՀՀԿ-ն հայտարարում էր՝ խի չէր կարո՞ղ էդ հարցը էստեղ տալ։ Իսկ այստեղ Զարուհի Փոստանջյանը քանի՞ առիթ է ունեցել Սերժ Սարգսյանին նույնիսկ մեյլ գրելու։ Ոչ մի։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ոչ մի առիթ չի կորցնում ասելու այն ամենը, ինչ մտածում է Սերժ Սարգսյանի այս կամ այն արարքի կամ հայտարարության մասին։ Բոլորը հակադարձում են՝ նրանից բացի։ Որ ի՞նչ։

Բաղրամյան 26-ը համրերի ապաստարան չէ։ Հավանաբար հերթական, բայց ոչ ավելորդ անգամ մեր «նախագահին» պիտի հուշենք, թե ինչու են պետությունների ղեկավարները՝ նախագահները, վարչապետները և խորհրդարանների ղեկավարները ժամանակ առ ժամանակ ասուլիս տալիս ու հանդիպում լրատվամիջոցների հետ։ Նախ դա ցույց է տալիս, որ տվյալ պաշտոնյան հաղորդակցվող է,այսպես ասած ռադիո չէ, որի ձայնը միշտ միակողմանի է, ինքը խոսում է, և որևէ կերպ հնարավոր չէ բանավեճի մեջ մտնել նրա հետ։ Երկրորդ, հասարակությունը լսում է հարցեր ու պատասխաններ, որոնք  կուտակվել են, ենթադրենք, վերջին մեկ կամ կես տարում։ Ինքը այդպիսով փորձում է հասկանալ, թե տվյալ ղեկավարը ինչքանով է տիրապետում իրավիճակին առանց մյուս պատասխանատուներով շրջապատված լինելու։

Սակայն ինչո՞ւ է այսքան կուտակվող հարցերի առջև լռում Սերժ Սարգսյանը։ Որովհետև մեր երկրում հարցերը միայն կուտակվում են, պատասխան ունեցող որևէ հարց չկա։ Այսինքն, նա ցույց է տալիս, որ գերազանց գիտի կուտակվող հարցերի անպատասխան լինելը։ Ինքը ընտրությունների ժամանակ քաղաքից քաղաք էր վազում ասելու այն, ինչ առանց իրեն էլ գիտեինք՝ ինչքան ուզի, էնքան կխփի։ Եվ երբ փորձում ես սահմանել այս նախադասության ինտելեկտուալ սանդղակը, ահա այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու է իր նախագահության վեցերորդ տարին Սերժ Սարգսյանը փակում առանց ծպտուն հանելու։ Իսկ ծպտուն չհանելով, չսահմանված ինտելեկտուալ գործակցով այդ մարդը կամ չսահմանված ինտելեկտուալ գործակցով նրա շրջապատը ցույց է տալիս մի բան, որը Պուտինն էլ չի ֆայմում ցույց տալ։ Ահա այստեղ է, որ մենք գերազանցում ենք ռուսներին, և նրանք մեզնից սովորելու բան ունեն։ Սերժ Սարգսյանը կամ նրա շրջապատը ցույց է տալիս, որ այս երկրում լրատվամիջոցներ չկան։ Համաձայն եմ, լրատվամիջոցներ չկան, համաձայն եմ, եվրոպացիների բերանը փակելու համար եք աջ ու ձախ խոսում խոսքի ազատությունից, ձեզ հետ համաձայն է նույնիսկ «Հազարամյակի մարտահրավերները», որն աֆրիկյան Բասուտո ցեղախմբին գերադասեց նժդեհյան ցեղապաշտներից։ Ամեն ինչին համաձայն եմ։ Բայց համաձայն չեմ, որ դուք կաք, իսկ ես չկամ։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում