«ՀայՌուսգազարդը» կարող է պահանջել գազի սակագնի բարձրացում, եթե ընկերությունում ներդրումների եկամտաբերության ներքին նորմատիվը 9%-ից ցածր լինի։
Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանին անփոփոխ ($189/1000 խմ) կմնա մինչև 2018թ., ինչը դեռ չի նշանակում, որ ներքին սպառողների համար առաջիկա հինգ տարում կապույտ վառելիքի սակագինը չի վերանայվի։ Գործադիրը ստորագրել է մի համաձայնագիր, որը «ՀայՌուսգազարդին» հնարավորություն է տալիս այս ընթացքում դիմել կարգավորող մարմին և պահանջել գազի սակագնի բարձրացում։
2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ընկերության (20%- խմբ.) բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են գազի սակագնի բարձրացման։
Համաձայնագրի հավելվածում, որը վերաբերում է ներքին սպառողների համար գազի սակագնի սահմանման կարգին, մասնավորապես նշվում է, որ պետք է հաշվի առնվի ««ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ընկերության ներդրումների եկամտաբերության ներքին նորմատիվի (Internal Rate of Return) տարեկան 9%-ի՝ իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափով ապահովող դրույքի չափի և Հայաստանի սպառողներին գազի առաքման գործունեությանը վերաբերվող «ՀայՌուսգազարդ» ընկերության զուտ ակտիվների արտադրյալը... Ներդրումների եկամտաբերության նորմատիվի արժեքին չհասնելու դեպքում, շահութաբերության դրույքի մեծությունը պետք է վերանայվի»։
Համաձայնագրի հավելվածում նման դրույթի ամրագրումով, հաշվի առնելով նաև այն, որ հաշվարկները պետք է իրականացվեն դրամով, կառավարությունը փաստացի «ՀայՌուսգազարդին» հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) և պահանջել վերանայել գազի սակագինը վերջնական սպառողների համար՝ եթե ընկերությունում ներդրումների եկամտաբերության ներքին նորմատիվը նվազի 9%-ից։
Որ «ՀայՌուսգազարդը» մյուս տարի կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և պահանջել վերանայել գազի սակագինը վերջնական սպառողների համար, չափազանց հավանական սցենար է։
Այսպես, այս տարվա հունիսի 7-ին, երբ ՀԾԿՀ-ն հաստատում էր գազի սակագինը վերջնական սպառողների՝ բնակչության համար Դ156 հազ./1000 խմ, խոշոր գազասպառողների համար՝ $276,98/1000 խմ մակարդակում, հաշվի չի առել «ՀայՌուսգազարդի» մի շարք ծախսեր, որոնք ընկերությունը, ըստ հավաստիացումների, ներկայում իրականացնում է շահույթի հաշվին։
Օրինակ, ընկերությունը նշել էր 6 հազ. աշխատակցի առկայության անհրաժեշտությունը, ՀԾԿՀ հիմնավորված էր համարել 5783-ը։ Ընկերության կողմից առաջարկված 237,2 հազ. դրամ միջին աշխատավարձը նույնպես չէր ընդունվել և կրճատվել էր 10,2 հազ. դրամով։
Ներկայում գործող սակագնի հաշվարկների հիմքում ՀԾԿՀ-ն դրել է ընկերության 8% շահութաբերության ցուցանիշը, ինչն իրականում չի ապահովվելու, քանի որ դրամական հոսքերը ծրագրվածից ավելի փոքր են, ծախսերը՝ ավելի շատ։
Ստացվում է, որ վերջնական սպառողի համար էական չէ, թե ինչ գնով է Հայաստանը գալիք հինգ տարիներին ձեռք բերելու ռուսական գազը սահմանին, շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի արդյունավետությամբ կգործի «ՀայՌուսգազարդը»։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով ընկերության մենաշնորհային դիրքն ու կառավարության կողմից ստորագրված համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդը» հազիվ թե ձգտի արդյունավետության ավելացման, քանի որ միշտ էլ կարելի է դիմել սակագների բարձրացման։
Սրա մասին են թերևս վկայում վերջին զարգացումները։ Օրինակ՝ «ՀայՌուսգազարդի» համար 1000 խմ գազի գինը այս տարվա ապրիլի 1-ից փաստացի բարձրացավ $9-ով, այնինչ բնակչության համար հուլիսի 7-ից սակագինն ավելացվեց $55-ով, խոշոր գազասպառողների համար՝ $34-ով։
Ի դեպ, կառավարության համաձայնությամբ փաստաթղթում ամրագրվել է նաև, որ «2013թ. հունվարի 1-ից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար շահութահարկի դրույքը սահմանվում է 20%-ի չափով։ Անորոշ անձանց շրջանակի համար որոշակի ամսաթվից Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ սույն պարբերության մեջ նշված շահութահարկի դրույք սահմանելու դեպքում «ՀայՌուսգազարդ» ընկերության շահույթը նշված սահմանված ամսաթվից կհարկվի այդպիսի նվազեցված շահութահարկի դրույքով»։ Պարզ ասած՝ այս ձևակերպումը նշանակում է, որ եթե կառավարությունը նվազեցնի շահութահարկի դրույքը Հայաստանում, դա կտարածվի «ՀայՌուսգազարդի» վրա, բայց եթե բարձրացնի դրույքաչափը, ընկերությունը գործելու է արտոնյալ հարկային դաշտում և վճարելու է 20% շահութահարկ։
Civilnet










