Գլխավոր Լրահոս

Ինչ է կատարվում կապիտալի շուկայում

Ինչ է կատարվում կապիտալի շուկայում

Վերջին երկու ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն նվազել է: Ցանկացած այլ տնտեսական համակարգում այն կդիտվեր որպես տնտեսական գործընթացների կարևոր ազդակ, սակայն մեզ մոտ գրեթե չի էլ քննարկվում: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ կապիտալի շուկան ապրում է իր կյանքով՝ կտրված իրական տնտեսությունից:

Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում: Սեպտեմբերին եվրաբոնդերի թողարկումը որոշ չափով ազդեց տեղական պարտատոմսերի եկամտաբերության վրա: Եթե միջազգային շուկայում հնարավոր է 6%-ով պարտատոմս իրացնել, ապա ի՞նչ իմաստ ունի ներքին շուկայում, բավական կայուն ազգային արժույթի պարագայում, թողարկել կրկնակի թանկ պարտատոմսեր: Ամենամեծ էժանացում նկատվում է 5 և 20 տարվա մարման ժամկետով պարտատոմսերում: Դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63 %՝ տարեսկզբի 16.43 տոկոսի համեմատ: Պարտատոմսի եկամտաբերության համարյա 5 տոկոսային կետով նվազումը բավական կարճ ժամկետում էական հանգամանք է: Ավելին՝ դեկտեմբերի 17-ին 5-ամյա պարտատոմսերն իրացվել են 9.99 % եկամտաբերությամբ, ինչն ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է. ընդամենը 1 տարի առաջ այդ պարտատոմսերը կշռվում էին 15%-ից բարձր: Ընդ որում՝ աճուրդի ընթացքում պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկին, սա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը ցանկության դեպքում կարող էր ավելի նվազեցնել պարտատոմսերի եկամտաբերությունը:

Պարտատոմսերի էժանացումը միայն եվրաբոնդերով չէ, որ պայմանավորված է: Առավել էական են այն սպասումները, որ ստեղծվում են կենսաթոշակային նոր համակարգի ներդրման արդյունքում: 2014 թ. ընթացքում կենսաթոշակային ֆոնդերում կկուտակվի մոտ 50 մլրդ դրամ, որի 60%-ը (30 մլրդ դրամ) պետք է իրացվի ներքին շուկայում: Իսկ կապիտալի ներքին շուկայում, բացի պետական պարտատոմսերից ու մի քանի ոչ այնքան ակտիվ շրջանառվող բաժնետոմսերից, ուրիշ առաջարկներ չկան: Սա նշանակում է, որ բանկերն այլևս չեն կարող պահանջարկ ձևավորել ու գին թելադրել պարտատոմսերի շուկայում, նրանք դեռ պետք է համակերպվեն կենսաթոշակային կառավարիչների ընթացիկ քաղաքականությանը: Մյուս կողմից՝ բանկերն այլընտրանք չունեն՝ տնտեսական ակտիվության նվազման պայմաններում բանկերի վարկային ներդրումների աճը զիջում է ավանդների աճին: Հետևաբար՝ բանկերի մոտ իրացվելիության ավելցուկ է ձևավորվում, ու այն չեզոքացնելու ամենահեշտ ճանապարհը պետական պարտատոմսերն են, թեկուզ 4-5%-ով ավելի էժան: Հնարավոր է՝ կենսաթոշակային կառավարիչների շուկա մուտք գործելուց հետո բանկերը սպասում են պարտատոմսերի հետագա էժանացում, ուստի թափով գնում են ֆինանսների նախարարության բոլոր առաջարկները:

Ակնհայտ է, որ 2014 թ. կապիտալի շուկայում շատ բան կախված է լինելու կենսաթոշակային կառավարիչների շուկայական մարտավարությունից: Այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն առավել հավանական է, որ սկզբնական փուլում նրանք «արջի» դիրքերից հանդես կգան՝ շուկան տանելով դեպի նվազում:

Ամեն ինչ այնուհետ կախված է նրանից, թե իրական հատվածը ինչպես կօգտագործի տոկոսադրույքների անկումը: Շուկայում ներկայում նպաստավոր պայմաններ են ստեղծված մասնավոր թողարկումների համար՝ տարեկան 10-11%-ով միջինժամկետ պարտատոմսերի թողարկումը դառնում է իրատեսական: Հայտնի է, որ իրական հատվածը հիմնականոմ հետաքրքրվածշ է միջինժամկետ թողարկումներով, իսկ հնգամյա պետական պարտատոմսերի էական էժանացումը կարևոր հանգամանք է: Ներկայում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ցուցակված են 14 թողարկողի 19 արժեթղթեր, այդ թվում՝ 12 բաժնետոմս և 7 պարտատոմս: Համեմատության համար նշենք, որ հինգ տարի առաջ բորսայում ցուցակված էր երկու անգամ ավելի շատ արժեթուղթ:

Հայաստանում բորսայական առևտրի ճգնաժամը սկզբնավորվում է 2010 թ., երբ պետական պարտատոմսերի եկամտաբերության աստիճանի բարձրացման հետևանքով կորպորատիվ պարտատոմսերի գործարքների ծավալը նվազեց երկու անգամ՝ կազմելով ընդամեը 2,8 մլրդ դրամ: Գործնականում մասնավոր հատվածը դադարեց հետաքրքրություն ցուցաբերել նոր թողարկումների հանդեպ՝ կորպորատիվ պարտատոմսերն այլևս մրցունակ չէին բարձր եկամտաբերությամբ պետական պարտատոմսերի հետ: Հետագա երկու տարիներին կորպորատիվ պարտատոմսերի գործարքների ծավալը չի գերազանցել նույնիսկ 1 մլրդ դրամը, սակայն 2013 թ. շուկան կրկին փոքր ինչ աշխուժացել է՝ պայմանավորված արտարժութային պարտատոմսերի մի քանի թողարկումներով: Արտարժութային թողարկումներն արդեն իսկ վկայեցին, որ բիզնեսը չբավարարված հետաքրքրություն ունի պարտատոմսերի նկատմամբ:

Ներկայիս ծավալները շատ քիչ են կենսաթոշակային ռեսուրսները կլանելու համար: Եթե 2014 թ. ընթացքում պարտատոմսերի գոնե հինգ թողարկում չիրականացվի՝ կապիտալի շուկայում լճացման նշաններ ի հայտ կգան: Սակայն պետք է հաշվի առնել, որ պարտատոմսի թողարկմանը նախապատրաստվելը կարճատև գործընթաց չէ, ընկերություններին ժամանակ է հարկավոր շուկայի նոր իրողություններին հարմարվելու համար: Այստեղ հարկ է նշել, որ ֆինանսների նախարարությունը պարզապես պարտավոր էր ավելի վաղ իջեցնել տոկոսադրույքները, ոպեսզի մասնավոր հատվածը հասցնի թողարկումներ կատարել 2014 թ. սկզբներին: Իսկ գործերի ներկա դրությամբ միայն մարտին կարելի է ինչ-ինչ եզրահանգումներ անել կապիտալի շուկայի գերիշխող միտումների մասին: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ արդյո՞ք ներկայիս գնանկումը սպեկուլյատիվ է, թե՞ արտահայտում է ավելի երկարաժամկետ գործընթացների սկիզբը:

Սամվել Ավագյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում