Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ավարտվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում փոխադարձ ազատականացման շուրջ Հայաստանի և Ռուսաստանի պետական մարմինների միջև խորհրդակցությունների փուլը, հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ խորհրդակցություն, որի ժամանակ ռուսական կողմը նշել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաուղիների բարձր հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են արձանագրություն, համաձայն որի` կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993թ. հոկտեմբերի 4-ի համաձայնագրի հավելվածում: Արձանագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխաղդրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները:
Այսպիսով` Հայաստանում քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականության ներդրման շրջանակում արդեն մեկնարկել են բանակցություններն օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ:
Civilnet










