Լրագրողն իրավունք ունե՞ր ֆլեշ-մոբ անել ԱԺ-ում
Երեկ «հաստավիզ» և «կազյոլ» լրագրողներն ակտիվացել էին ԱԺ-ում, պաստառներով ՀՀԿ-ական պատգամավորներից պահանջում էին չքվեարկել գազային պայմանագրի օգտին։ Հարց է առաջանում՝ իրավունք ունեի՞ն լրագրողները քաղակտիվություն դրսևորել աշխատանքի պահին։ Պատասխան՝ իրավունք ունեին։ Ինչո՞ւ։ Որովհետև «հաստավիզ» են և «կազյոլ»։ Այսինքն, նրանք պահանջում են համապատասխան վերաբերմունք ԱԺ նախագահից և ՀՀԿ-ական պատգամավորներից։
Երկրորդ, իշխանությունը լրատվությունն ամբողջությամբ դարձրել է լուսանցքային երևույթ, Հայաստանում չկա մի լրագրող կամ լրատվամիջոց, որի խոսքը կես լումայի արժեք ունի։ Այսինքն, զրոյական խոսքի դաշտում է գործում լրագրողը, հետևաբար մեծ հարց է՝ արդյո՞ք դասական իմաստով վիճարկելի է նրանց արածը ԱԺ-ում։ Դասական իմաստով՝ այո, վիճարկելի է։ Սակայն կրկնում եմ՝ իշխանությունը շատ հեռու է գնացել լրատվամիջոցներից քաղաքական գործիչներ ստեղծելու իր արարքներում։ Մարգարիտ Եսայանը դարձավ հանրապետական։ Նաիրա Զոհրաբյանը դարձավ ԲՀԿ-ական, իսկ Նիկոլ Փաշինյանը համենայնդեպս ԱԺ մտնելու պահին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր։ Լրագրողներն ինչպես տեսնում եք՝ առաջանում են ըստ իշխանության անպատկառության, ոմանք իշխանության հետ ձեռք ձեռքի տված են գնում, ինչպես «Առավոտի» լրագրողը, մյուսները պատերազմ են հայտարարում իշխանությանը, ինչպես Նաիրա Զոհրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն, նրանց քաղաքական գործիչ դառնալը հետևյալ դիլեմայի հանգուցալուծումն է՝ կա՛մ մեզ ընդունում եք որպես լրագրող և մեր միջոցով բարձրացված հասարակության տագնապները բանի տեղ եք դնում, կա՛մ եթե մենք լրագրող չենք, խցկվելու ենք ձեր անօրենությունների արանքը։ Այո։ Բայց հարցն այն է, որ ԱԺ-ն նրանց որպես լրագրող է հավատարմագրում։ Այսինքն, որպես քաղակտիվիստ չի հրավիրում լուսաբանել ԱԺ աշխատանքները։ Սա կարևոր պահ է։ Կարևոր այն իմաստով, որ ԱԺ աշխատանքները հիմնականում գաղափարական հակամարտությունների բուտաֆորիա են իշխանության համար, որն այսպես թե այնպես անցկացնում է իր հակապետական օրինագծերը։ Այսինքն, բացարձակապես կարևորություն չի տալիս ընդդիմության և ոչ իշխանական ուժերի փաստարկներին, բացարձակապես չի կարևորում ՀՀԿ-ական պատգամավորների վարքի մասին դիտողությունները, որոնք արձանագրում են լրատվամիջոցները։ Այլապես ԱԺ նախագահը նրանց չէր անվանի «հաստավիզ», Կարեն Կարապետյանը՝ «կազյոլ», իսկ Առաքել Մովսիսյանն էլ կոչ չէր անի «դրանց ըտեղից ս...» անել։ Որովհետև եթե խորհրդարանը լիներ խորհրդարան, լրագրողն էլ ստիպված կլիներ լրագրող։ Այսինքն, դասական իմաստով, լրագրողն արդեն քաղաքացիական դիրքորոշում է փաստը տեղ հասցնելու իր գործառույթով, լրագրողը չի կարող դիրքորոշում հայտնել նրա հանդեպ, ում հետ հարաբերվում է ծայրահեղ չեզոքության դաշտում։
Լրագրողն այս երկրում չկարողացավ լինել ժողովրդավարության մասնակից ուժ, նույնիսկ օժանդակ ուժ չդարձավ, նա դարձավ այս կամ այն քաղաքական ուժի սպասավորը։ Հայաստանում անկախ լրատվամիջոցներ գրեթե չկան։ Եվ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում ունեցող այս կամ այն ուժին։ Հետևաբար, ԱԺ դահլիճում և լրագրողների օթյակում նրանք ցուցադրել են իրենց քաղաքական և քաղաքացիական կեցվածքը։ Ըստ այդմ, հարցը, թե լրագրողն իրավունք ունե՞ր ֆլեշ-մոբ անել ԱԺ դահլիճում, արհեստական է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը նախ բացառում է լրատվության կայացումը։ Եվ երբ վիրավորում են ափաշկարա ու անպատիժ, այդ համակարգի տրիումֆն են ցույց տալիս։ Իրենք են լրագրողներին մղել քաղաքացիական ակտիվության դաշտ, իրենք են լրագրողներին զրկել հենց լրատվությամբ զբաղվելու փաստից, իրենք են արել ամեն ինչ, որպեսզի լրագրողը երազի իշխանություն լինելու կամ նրանց դեմ պայքարելու մասին։ Ինչ պետք է լինի լրագրողը՝ մասնագե՞տ, թե՞ սպասավոր, եթե գործարարները գովազդները տրամադրում են Վատիկանից եկող հրահանգներով կամ հրաժարվում տրամադրել նույն Սուրբ Աթոռից իջնող սպառնալիքների պատճառով։ Նա նույնիսկ ժամանակ չունի լրագրող լինելու, նա գործունեության դաշտ չունի լրագրող լինելու։ Գրեցի՞ն, չէ՞, լրագրողներն օֆշորի մասին։ Եվ ի՞նչ։ Ահա գոնե այդ պահից լրագրողը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, եթե մոռանանք իշխանության բոլոր նախորդ արձանագրված անպատժելի հանցագործությունները։
Մհեր Արշակյան










