Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկն էժանացնում է փողը

Կենտրոնական բանկն էժանացնում է փողը

ԿԲ-ում ակնկալում են, որ մոտակա ամիսներին գնաճը կվերադառնա 4% նպատակային մակարդակին։

2013թ. դեկտեմբերի 24-ի արտագնա նիստում, որը կայացել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում, ԿԲ խորհուրդը որոշել է 0,25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,75%։ ԿԲ-ն հոկտեմբերին ևս նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8%։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2013թ. նոյեմբերին արձանագրվել է 0,9% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 6,6%։ «Գնաճի նվազումն ընթանում է կանխատեսվածի համեմատ ավելի արագ տեմպերով, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) վերին սահմանին մոտ»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածի զարգացումներն ընթացել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում։ Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն ակնկալվում։ «Չնայած չորրորդ եռամսյակի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ընթացքին, պահպանվում են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված ներդրումների վարքագծով և մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ։ Հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև հետագայում գնաճի նվազման սպասումները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկություններով։ «Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և մոտակա ամիսներին կվերադառնա 4% նպատակային մակարդակին՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում