Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին հետևում է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում տեղի ունեցող զարգացումներին և գների էական փոփոխություն դեռ չի արձանագրել։ Այս մասին դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Նա չբացառեց, որ առանձին ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողները փորձեն չարաշահել իրենց դիրքն ու գները չհիմնավորված բարձրացնեն։ Շաբոյանի խոսքով` նման վարքագծի դեպքում հանձնաժողովը վարույթ կհարուցի և պատասխանատվության կենթարկի տնտեսավարողին` հիշեցնելով 2010թ. փորձը, երբ Ամանորի նախօրեին տեղի էր ունեցել ձվի գնի բարձրացում, և ստեղծվել էր արհեստական դեֆիցիտ։
Անդրադառնալով այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին` Շաբոյանն ասաց, որ մի շարք դեպքերում ապրանքային շուկաների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խնդիրները պայմանավորված են օրենսդրական բացերով։ «ՏՄՊՊՀ-ն միայնակ չի կարող լուծել մրցակցային խնդիրները, և անհրաժեշտ է պետական մարմինների հետ համագործակցություն»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, թե խնդիրները հաճախ պայմանավորված են նաև պետական այլ կառույցների թերացումներով։
Հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը մրցակցության վրա, Շաբոյանն ասաց, որ այն մեծապես կազդի մրցակցության բարձրացման և ապրանքային շուկաներում կենտրոնացվածության նվազեցման վրա։ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` Հայաստանում բարձր կենտրոնացվածության հիմնական խնդիրը շուկայի փոքր ծավալն է, քանի որ, օրինակ, տեղական արտադրողները չեն կարողանում մրցակցել ներկրված ապրանքների հետ։
«Անդամակցությունից հետո մեր տնտեսվարողները հնարավորություն են ստանում ավելացնել արտադրական ծավալները, արտահանել արտադրանքը, և մասշտաբի էֆեկտի արդյունքում տեղի է ունենալու ինքնարժեքի նվազում»,- ասաց Շաբոյանը։
Ի դեպ, ՏՄՊՊՀ նախագահը Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցը համարեց ոչ պրոֆեսիոնալ և նշեց, որ հեղինակները լուրջ չեն վերաբերվել դրա պատրաստմանը։ Նա տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն գրավոր նամակ է ուղղել ՀԲ-ին, զեկույցի հեղինակներին և Արժույթի միջազգային հիմնադրամին` հայտնելով իր անհամաձայնությունը զեկույցում նշված մի շարք դրույթների վերաբերյալ։
Civilnet











