Գլխավոր Լրահոս

Օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում Սահմանադրությանը. Փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ, որում նշում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում Սահմանադրությանը»:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես` պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:

Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ` ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ: Այսպես՝

1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես  և  հատկապես  ուշագրավ է այն փաստը,  որ  քննարկվող  Oրենքի  ուժով սահմանափակվում է անձին պատկանող  սեփականությունը  իր  հայեցողությամբ  տիրապետելու,  օգտագործելու, տնօրինելու  և  կտակելու  անձի  սահմանադրական  իրավունքը,  Օրենքի  ուժով  խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական  վիճակը  վատթարացնող  իրավական  ակտին  (Օրենքին) տրվում  է  հետադարձ ուժ`  փաստացի  տարածելով  դրա  գործողությունը  մինչև  2014թ.  հունվարի  1-ը  ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։

2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:

3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:

4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:

5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:

Կենսաթոշակային նոր օրենքը մեծ դժգոհություն է առաջացրել երիտասարդության շրջանում, որոնք դեմ են պարտադիր բաղադրիչի կիրառմանը:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում