Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ գործողությունների ծրագիրը։ Ըստ այդմ՝ Հայաստանը Մաքսային միության անդամ կդառնա 2014թ․ մայիսին։ Սակայն մինչ «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը ուշագրավ հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ պահանջելով պարզաբանել ՄՄ սահմանի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված:
«Բաց է մնում հարցը, թե որտեղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ: Հետևաբար, մենք կստորագրենք «Ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով»,- նշել է Ղազախստանի նախագահը:
Նազարբաևի «հատուկ կարծիքը» կարելի է համարել Սերժ Սարգսյանի հերթական արտաքին քաղաքական ֆիասկոն:
Հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի շրջանակում միության հիմնադիր անդամ երկրների, մասնավորապես` Ղազախստանի հետ չի՞ քննարկել ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Ինչո՞ւ Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ հայտարարություն անելուց առաջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը և Հայաստանի դիվանագիտությունը Մաքսային միության երկրների հետ չեն հստակեցրել Հայաստանի անդամակցության հետ կապված քաղաքական բաղադրիչները, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Նազարբաևի հայտարությունը և «հատուկ կարծիքը» ցույց է տալիս, որ իրականում Սերժ Սարգսյանը չի էլ փորձել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված համաձայնության հասնել ՄՄ գործընկերների հետ կամ, անգամ եթե փորձել է, ապա արդյունքի չի հասել: Այլապես Նազարբաևի տոնը «Ճանապարհային քարտեզի» ստորագրման ժամանակ բոլորովին այլ կլիներ կամ նա պարզապես կլռեր: Ղազախստանը, փաստացի հաշվի առնելով իր տնտեսական և քաղաքական շահերը Ադրբեջանի հետ, գերադասում է Մաքսային միության շրջանակում զբաղվել Ադրբեջանի շահերի լոբբինգով: Նազարբաևի այս մոտեցումը քննադատելի չէ, քանի որ նա պաշտպանում է իր պետության շահերը, և այդ շահերի համատեքստում Ադրբեջանը շատ ավելի կարևոր գործընկեր է, քան ՄՄ անդամության թեկնածու Հայաստանը:
Խնդիրն այն է, որ հերթական անգամ Սերժ Սարգսյանն ապացուցում է, որ միջազգային ասպարեզում բացարձակ անընդունակ է սպասարկելու Հայաստանի շահերը: Անհեռատես ու արկածախնդիր արտաքին քաղաքականությունն ու կոլապսի եզրին հասցված տնտեսությունը Սերժ Սարգսյանին կրավորական և վասալային կարգավիճակից բացի՝ այլ հնարավորություն չեն տալիս: Հակառակ դեպքում` «ճանապարհային քարտեզի» ստորագրման ժամանակ Նազարաբևի հայտարարությունից հետո նա համապատասխան կերպով կարձագանքեր: Նազարբաևի «հատուկ կարծիքի» հետ կապված ՀՀ արտգործնախարարությունն ու նախագահականը մինչև հիմա «հերոսաբար» ու համառորեն լռում են: Արտաքին քաղաքականության համար պատասխանատու այս կառույցները կարծես չեն պատրաստվում իրենց հատուկ կարծիքը հայտնել Ղազախստանի նախագահի «հատուկ կարծիքի» առնչությամբ: Սա նշանակում է, որ մեր իշխանությունները կամ ընդհանրապես կարծիք չունեն կամ լիովին կիսում են Նազարբաևի մոտեցումը:











