Մեր կառավարության առաջնային խնդիրը աղքատության հաղթահարումն է. դեկտեմբերի 27-ին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված աղքատության ցուցանիշների վերաբերյալ հարցին:
«Աղքատության խնդիրն առաջացել է 1992թ., երբ ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս, և բնակչության կենսամակարդակն անկում ապրեց: 1992-93 թթ. աղքատության մակարդակը 94% էր: Հետագա զարգացումները բերեցին նրան, որ միջին խավ չկարողացանք ձևավորել: Եթե մենք խոսում ենք 20-30% աղքատության մասին, ապա պետք է հասկանանք, թե այդ ցուցանիշները ինչպես են որոշվում»,- ասաց վարչապետը` ծայրահեղ աղքատության շեմը` 20 հազ. դրամ, իսկ աղքատությանը` 30 հազ. դրամ:
Վարչապետի խոսքով` միայն վիճակագրականով գնահատելու դեպքում ճիշտ պատկերը չի ստացվի: Անդրադառնալով աղքատության խնդիրների լուծման ուղիներին` գործադիրի ղեկավարը նշեց երկուսը:
Առաջին հերթին, նա կարևորեց աշխատատեղերի ստեղծումը, «ընդ որում` այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն 150 հազ. դրամ եկամուտ»: «300 հազարից ավելի ընտանիք առնչվում է աղքատության խնդրին: Այս տարիների ընթացքում մենք արմատական փոփոխություններ ենք կատարել, և իրականացնում ենք արդյունաբերական քաղաքականություն: Մենք գիշերային պահակ չենք, ինչպես ասվում էր»,- նկատեց Տիգրան Սարգսյանը:
Որպես աղքատության խնդրի լուծման երկրորդ ճանապարհ` վրաչապետը նշեց կրթության հասանելիությունը:
«Արմատական փոփոխությունը, որ մտցրինք սոցիալական քաղաքականության մեջ, այն է, որ ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող լինել պատճառ` կրթություն չստանալու համար»,- ասաց վարչապետը` հավելելով, որ 2014թ. 4,5 հազ. ուսանողի կրթության գումարը ֆինանսավորելու է կառավարությունը:
«Հիմնական աղքատություն ծնող պատճառներն այս երկուսն են, որոնց լուծումը շոշափելի արդյունք է տալու ապագայում»,- ամփոփեց Տիգրան Սարգսյանը:
Civilnet











