7% տնտեսական աճ ապահովելու նախագահի հանձնարարականը, ըստ Տիգրան Սարգսյանի, քաղաքական թիրախ է եղել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև դրել է տնտեսական աճի խիստ թիրախ, որպեսզի կառավարության անդամները ավելի մեծ ջանքեր գործադրեն դրա ապահովման ուղղությամբ։ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ՝ պետք է հրաժարական տա։
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր դնելով 2013թ. և հետագա տարիների համար ապահովել առնվազն 7% տնտեսական աճ, հարցի պատասխանը արդեն իսկ տվել է, այս մասին այսօր լրատվամիջոցներին տված ասուլիսին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա՝ նախագահի կողմից կառավարության առջև դրվել է խիստ թիրախ, որպեսզի կառավարության անդամներն ավելի մեծ ջանքեր գործադրեն տնտեսական աճի ապահովման ուղղությամբ։
Ըստ վարչապետի՝ կառավարության կողմից բյուջեի հիմքում և միջնաժամկետ ծախսային ծրագրում դրված տնտեսական աճի ցուցանիշները մի փոքր շեղվում են քաղաքական թիրախային ցուցանիշից։ Մի կողմից՝ կառավարությունը ծրագրելով բյուջետային մուտքերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, հաշվի է առնում ներկայիս տնտեսական վիճակը, մյուս կողմից՝ քաղաքական թիրախային ցուցանիշը։
Անդրադառնալով 2013թ. տնտեսական աճին, վարչապետը նշեց, որ կառավարությունը տարին ավարտելուց հետո հանդես կգա հաշվետվությամբ և կներկայացնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնք խոչընդոտել են տնտեսական աճի նախանշվող ցուցանիշների ապահովմանը։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա ընթացքում երկու անգամ՝ մարտին (լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը) և մայիսին (կառավարության առաջի նիստին) ասել է, որ Հայաստանի այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թթ., չապահովի 7% տնտեսական աճ՝ պետք է հրաժարական տա։ 2013թ. բյուջեի հիմքում կառավարությունը դրել էր 6,2% տնտեսական աճի ցուցանիշ, սակայն սեպտեմբերին 2014թ. բյուջեի նախագծի ուղերձում կանխատեսումը նվազեցրել էր մինչև 4,2%։ 2014թ. համար գործադիրն ակնկալում է 5,2% տնտեսական աճ։
Civilnet










