Լուսանկարում` Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում
Մաքսային միությանը միանալու որոշումն ընդունելիս ՀՀ իշխանությունները «քաջ գիտակցել են, որ սա բազմագործոն երևույթ է». դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կտա Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն Մաքսային միությանն անդամակցությունը:
Վարչապետի խոսքով` Հայաստանը գիտակցել է, որ կլինեն բազմաթիվ գործոններ, որոնց մի մասը կունենա դրական, մյուս մասը` բացասական ազդեցություն: Համաձայն նրա` կառավարությունն իրականացրել է մեծածավալ վերլուծական աշխատանք, ինչն էլ եղել է բանակցությունների առարկան Մաքսային միությանն անդամակցող երկրների և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնության հետ: «Այդ բոլոր գործոների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում անդամակցությունը Մաքսային միությանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Խոսելով Մաքսային միությանն անդամակցության օգուտների մասին` վարչապետը նշեց, որ առաջին հերթին, հնարավորություն կընձեռվի մուտք գործել մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները կարող են իրացվել: «Դա նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն նոր հնարավորություններ` ավելացնելու մեր ապրանքների շրջանառությունը»,- ասաց գործադիրի ղեկավարը` հավելելով, որ այս որոշումը չի կայացվել երեք տարի առաջ, «քանի որ կար ընդհանուր ըմբռնում, որ միասնական տարածքի բացակայությունը Մաքսային միության հետ լրջագույն խոչընդոտ է նրան անդամակցելու հարցում»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` հետագայում խնդիրները` կապված մաքսային դրույքաչափերի, միասնական սահման չունենալու հետ, լուծվել են, և հնարավորություն է տրվել նոր թափով շարունակելու անդամակցության գործողությունները:
«Մեր քաղաքացիների համար անդամակցությունը, առաջին հերթին, պետք է զգացվի նրանով, որ կստեղծվեն հիմքեր` կայուն տնտեսական աճի համար: Երկրորդ` ըստ մեր պայմանավորվածությունների` մեծածավալ ուղղակի ներդրումներ կլինեն»,- ասաց վարչապետը` որպես օրինակ նշելով օրերս ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության հետ կնքած համաձայնագիրը, որով մեծածավալ ներդրումներ են նախատեսվում Հայաստանում:
«Սա էլ հենց Մաքսային միությանն անդամակցելու հետևանք է, այդ պրոյեկտը չէր կարող իրականություն դառնալ` առանց Մաքսային միությանն անդամակցելու, որովհետև հիմնական շուկան, որն իրացնելու է ՀՀ արտադրանքը, Մաքսային միության տարածքն է, և նման ներդրումները շարունակվելու են»,- վստահեցրեց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կավելանան նաև աշխատատետեղերը, և կարձանագրվի տնտեսական և սոցիալական աճ:
Civilnet










