Կենսաթոշակային նոր համակարգն այլընտրանք չունի. դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հարցին:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք, որ մեր քաղաքացիները կենսաթոշակի անցնելուց հետո ապրեն ապահով»,- ասաց վարչապետը` կոչ անելով երիտասարդներին «ստանձնել իրենց ապագայի համար այդ պատասխանատվությունը»: «Պիտի հիմա ձեր աշխատավարձից կուտակեք 5 տոկոս, որ 35-40 տարի հետո չառնչվեք աղքատության խնդրին»,- ասաց վարչապետը` հավելելով, որ նոր համակարգի ներդրման դեպքում ՀՀ քաղաքացիները կդառնան ավելի «պահանջատեր, խստապահանջ»:
Տիգրան Սարգսյանը վստահություն հայտնեց, որ նոր համակարգը հաջողություն է ունենալու: Նա երկու օրինակ բերեց` սոցփաթեթի և ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որոնք երկուսն էլ դժգոհություն էին առաջացրել հանրության շրջանում: «Համոզված եմ` կենսաթոշակային ռեֆորմը նույն գնահատականին է արժանանալու»,- վստահեցրեց վարչապետը` հավելելով, որ լավագույն մասնագետներն են աշխատել կենսաթոշակային բարեփոխման վրա, և սա «բացառիկ օրենքներից է, որ քննարկվել է նախագահի գլխավորությամբ և կոալիցիայի մասնակցությամբ»:
Գործադիրի ղեկավարը նշեց նաև, որ ներկայում Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգն «արդար չէ»:
Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները պետք է լինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Պարտադիր բաղադրիչի կիրառումը երիտասարդության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Նրանք պարբերական ակցիաների միջոցով իրենց բողոքն են արտահայտում նոր համակարգի նկատմամբ` պահանջելով վերացնել պարտադիր բաղադրիչը:
Civilnet










