Գլխավոր Լրահոս

2013թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը կարելի է համարել ձեռքբերում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելություն,  որին ներկա են գտնվել Կառավարության անդամներ, ՀՀ ֆինանսական համակարգի, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք, հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2013 թ-ի տարեսկիզբը բնութագրվել է ցածր և կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, սակայն էներգակիրների գների փոփոխությունն էապես փոխել է մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը:

Նա ասել է, որ Կենտրոնական բանկը՝ գնահատելով գների կայունության վրա այդ շոկի ազդեցությունները, ճկուն կերպով արձագանքել է, մի դեպքում տոկոսադրույքի բարձրացման միջոցով՝ հնարավոր երկրորդային ազդեցությունները մեղմելու և սպասումները չեզոքացնելու ուղղությամբ, մյուս դեպքում՝ տոկոսադրույքի շարունակական իջեցման միջոցով՝ երբ արդեն արձանագրվել է գնաճային միջավայրի մեղմացում և տնտեսական ակտիվության նվազում: 

Արթուր Ջավադյանն ասել է, որ 2013 թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը էներգակիրների սակագների փոփոխության, վերջինիս անուղղակի ազդեցությունների ներքո կարելի է համարել ձեռքբերում:

ԿԲ նախագահը տարվա ձեռքբերումների թվում նշել է նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը. համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013 թ-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը: Ներկա դրությամբ ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% և 18%՝ այսօրվա մակարդակից գրեթե 2.5 անգամ ցածր:

Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ այս դրական զարգացումներն արդյունք են վերջին 5 տարիների ծրագրային բարեփոխումների, նշել դրանցից մի քանիսը: Մասնավորապես ընդգծել է, որ դրամավարկային գործիքների կիրառման մոտեցումների փոփոխության, մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների միջակայքի նվազեցման, բաց շուկայում Կենտրոնական բանկի գործառնությունների ակտիվացման և Կառավարության հետ կոորդինացված քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք ֆինանսական շուկայի տոկոսադրույքների ավելի ցածր և կայունացող մակարդակներ:

Ընդգծվել է նաև սոցիալական վարկային (հիփոթեքային, սպառողական, ուսանողական գյուղատնտեսական և այլն) ծրագրերի իրականացմանն ուղղված Կենտրոնական բանկի ակտիվ աջակցությունը: Կառավարության հետ իրականացվել է գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել են սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր, որը շարունակվել է նաև այս տարի:

ԿԲ նախագահը հիշատակել է այս տարիներին ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների շարունակականության մասին: Վերջիններիս թվում նա նշել է ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որն այսօր սահուն կերպով լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները:

Ամփոփելով, Արթուր Ջավադյանն ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ՝ 615 մլրդ դրամից այն հասել է 1 տրլն 700 մլրդ դրամի, 3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը: Նշել է նաև, որ բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008 թ-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում