Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց:
Ստորև ներկայացված է կառավարության ղեկավարի մամուլի ասուլիսի սղագրությունը.
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ անմիջականորեն շփվելու, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու այս հնարավորության համար: Ուրախ եմ նաև, որ դահլիճում գտնվում են ոչ միայն հայտնի լրագրողներ զանգվածային լրատվական դաշտից, փորձառու, հայտնի դեմքեր, այլ նաև ապագա լրագրողներ, որոնց համար սա հնարավորություն է նաև ավագ գործընկերներից սովորելու, թե ինչ է ժամանակի լրագրողի աշխատանքը և այսպիսի միջոցառումներն ինչպես են անցկացվում:
Համեցեք, կարող ենք անմիջապես անցնել հարցերին:
«Շանթ» հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, Դուք կառավարություն եկաք 2008 թվականին, երբ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի բնակչության 20 տոկոսը աղքատ էր, իսկ այժմ, նույնպես պաշտոնական տեղեկության համաձայն, բնակչության ավելի քան 30 տոկոսն է աղքատության պայմաններում ապրում: Դա հաշվի առնելով ինչպե՞ս կարելի է բացատրել ձեր նախարարների լավատեսությունը և նվաճումների մասին ամենամյա զեկուցումները, որոնք նաև այս տարի են առկա: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր նախարարները խոսում են ոչ միայն հաջողությունների մասին. մեր քաղաքական դաշտի, մեր կառավարության նորամուծությունն այն է, որ մենք ինքներս բաց խոսում ենք մեր բացթողումների և թերությունների և այն արատավոր երևույթների մասին, որոնք այսօր, ցավոք, դեռևս Հայաստանում առկա են: Եվ քաղաքական դաշտի այս նորամուծությունը ցույց տվեց, որ շատ ընդդիմախոսներ դրան պատրաստ չէին, որովհետև փորձ էր կատարվում «մոգոնել» ինչ-որ երևույթներ, և դա բավականին աժիոտաժային իրավիճակներ էր ստեղծում նաև լրատվական դաշտում: Այժմ անդրադառնամ ձեր բուն հարցին: Մեր կուսակցության և մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարումն է, որովհետև այն ցուցանիշների հետևում, որ դուք թվարկեցիք, հազարավոր մարդիկ են կանգնած և հազարավոր ընտանիքներ, որոնց կենսամակարդակը բավականին ցածր է: Այս խնդիրը մեր երկրում առաջացել է 1992-93 թվականներին, երբ մենք ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս և մեր քաղաքացիների կենսամակարդակը անկում ապրեց: 1992-93 թվականներին այս ցուցանիշը մոտեցել էր 94 տոկոսին: Հետագայում զարգացումների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց մի փոքրիկ խավ, որը կարողացավ լուծել իր սոցիալական, տնտեսական խնդիրները, բայց այս 23 տարիների ընթացքում մեզ դեռևս չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը` երկրում ձևավորել միջին խավ, որը ցանկացած քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է: Եվ եթե մենք խոսում ենք 20-30 տոկոս աղքատության ցուցանիշի մասին, պետք է հասկանանք, թե այդ ցուցանիշներն ինչպես են որոշվում, և ծայրահեղ աղքատության շեմը, միջին աղքատության շեմը ինչ ցուցանիշներ են: Այսօր ծայրահեղ աղքատության շեմը մոտավորապես 20 հազար դրամ է, իսկ աղքատության շեմը` 30 հազարից մի քիչ ավելի: Հասկանալի է, որ եթե մենք միայն այս վիճակագրական տվյալներով գնահատենք աղքատության երևույթը Հայաստանի Հանրապետությունում, ճշգրիտ պատկերը չենք ստանա, որովհետև այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ նույնիսկ 20 հազար դրամով հայ քաղաքացին կարող է իր խնդիրները լուծել: Հասկանալի է, որ եթե ավելի խիստ չափանիշներ սահմանենք, ապա ոչ միայն սննդի, այլև բարեկեցիկ կյանքով ապրելու խնդիրը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության միջին քաղաքացին ինչ եկամուտ պետք է ունենա, ապա հասկանալի կդառնա, որ խոսքը ոչ թե 32,5 տոկոսի մասին է, այլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների քանակը առնվազն երկու անգամ ավելի շատ է, քան 32,5 տոկոսը: Մանավանդ, որ ընտանիքների մեծամասնությունը մինչև Սովետական Միության փլուզումը ապրել է ավելի բարձր կենսամակարդակի պայմաններում և, բնականաբար, այս խնդիրը համարվում է լրջագույն մարտահրավերը, որ կանգնած է մեր կառավարության առջև: Հարցը, որ դուք տալիս եք, ունի նաև հետևյալ հարթությունը. ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը և ինչ պետք է անենք, որ այն հիմնարար ձևով լուծվի: Առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է: Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է: Եվ սա մեր թիրախն է: Այս հինգ տարիների ընթացքում մենք արմատական փոփոխություններ ենք կատարել, որովհետև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մենք համարձակություն ունեցանք հայտարարելու, որ պետությունը նույնպես մասնավոր հատվածի հետ պատասխանատվություն է կրում արդյունաբերական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար: Մենք գիշերային պահակ չենք, ինչպես որ ներկայացվում էր Հայաստանի Հանրապետությունում, որ պետությունը ունի մեկ պարտավորություն` ստեղծել միայն միջավայր, և դա է գլխավոր պատասխանատվությունը, իսկ մնացածը բիզնեսի մրցակցության շնորհիվ կկարգավորվի: Այս քաղաքական փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ է համարձակություն և մենք մեր վրա վերցրեցինք պատասխանատվության բեռը: Մենք մասնավոր հատվածի հետ մշակել ենք արդյունաբերական քաղաքականություն, մասնավոր-պետություն համագործակցության նոր պլատֆորմ և այդ պլատֆորմի հիման վրա 12 ոլորտներում իրականացնում ենք ծրագրեր, որոնք արդեն իսկ տալիս են արդյունքներ: Ես այսօր կարող եմ զեկուցել ձեզ, որ դեղագործության ոլորտը, որն առաջին ոլորտներից էր, որտեղ մենք մասնավոր հատվածի հետ ստորագրեցինք համագործակցության համաձայնագիր, արդեն երկրորդ տարին է, ինչ արձանագրում ենք էական և շոշափելի աճ և արտահանման ծավալն էլ 2013թ. աճել է 35 տոկոսով: Մենք ստեղծում ենք ժամանակակից հեռանկարային աշխատատեղեր և սա է աղքատության խնդիրը լուծելու ռազմավարությունը: Երկրորդ կարևորագույն խնդիրը, որի լուծմամբ կարելի է պայքարել աղքատության դեմ, գիտելիքն է, կրթության հասանելիությունն է: Արմատական փոփոխությունը, որ մենք մտցրեցինք այդ թվում նաև սոցիալական քաղաքականության մեջ, հետևյալն է. այսուհետև ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող պատճառ լինել, որ մեր երիտասարդը կրթություն չստանա, այդ թվում նաև պարտադիր բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթություն, այսինքն ցանկացած ուսումնական հաստատություն. Եթե աղքատ ընտանիքի երիտասարդը ընդունվում է, ապա պետությունը երաշխավորում է, որ նա կարող է կրթություն ստանալ: 2014 թվականի համար արդեն 4,5 հազար երիտասարդների համար մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացրել պետական բյուջեում, և ուսումը հասանելի է լինելու բոլորի համար: Աղքատություն ծնող հիմնական պատճառները այս երկուսն են` աշխատատեղերի բացակայությունը, աշխատանքի անհասանելիությունը և կրթությունը, և հենց այս երկու խնդիրն էլ մենք լուծելու ենք: Այն ծրագրերը, որ արդեն սկսել ենք իրականացնել, արդյունք տալիս են և շոշափելի արդյունք տալու են ապագայում:
Միր հեռուստաընկերություն - Հարցս վերաբերում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն: Կարծես թե վերջին մեկ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներն դադարել էին և ակտիվացան կես տարի առաջ: Որն էր դրա պատճառը և երբ կավարտվեն մայրուղու շինարարական աշխատանքները:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Ձեր թույլտվությամբ հայերեն կպատասխանեմ: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ իսկապես հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքները ձգձգվեցին, և պատճառներ կային: Որո՞նք են դրանք: Հայաստանի Հանրապետությունում նման ճանապարհների կառուցման փորձ չի եղել, նույնիսկ Սովետական միության տարիներին: Ժամանակակից ավտոճանապարհների կառուցումը ենթադրում է, որ Հայաստանի կառավարությունը, համապատասխան նախարարությունները առաջին հերթին պետք է ձևավորեն այդպիսի կարողություններ: Պարզվեց, որ այստեղ մենք ունենք գիտելիքի և փորձի պակաս, ինչն էլ զգացվում էր Ասիական բանկի համագործակցության բոլոր փուլերում: Ով պետք է իրականացներ մրցույթի հայտարարման ձևաչափը, տեխնիկական առաջադրանքի մշակումը, նոր ճանապարհների որակական չափանիշների հսկողությունը միջազգային ինչ ստանդարտներ պետք է ընտրենք և այդ ստանդարտների տեխնիկական հսկողությունը: Այս բոլոր հարցերում մենք ունենք բացեր: Առաջին հերթին ուշադրություն էինք դարձնում այն հանգամանքի վրա, որ պետք է ձևավորենք մեր ազգային կարողությունները: Երկրորդ, մրցույթի ժամանակ բազմաթիվ խնդիրներ առաջացան հաղթող ընկերության որոշման գործում: Կային տարաձայնություններ Ասիական բանկի մասնագետների հետ: Դրա արդյունքում մենք ստիպված եղանք հստակեցնել պահանջները մրցույթի մասնակիցների նկատմամբ և այս պատճառով գործընթացը ձգձգվեց: Արդյունքում հաղթող ճանաչվեց իսպանական մի հայտնի ընկերություն, որն էլ սկսեց աշխատանքների իրականացումը: Աշխատանքների իրականացման ընթացքում էլ բազմաթիվ խնդիրներ առաջացան և մեր հիմնական բացահայտումները վերաբերում էին ճանապարհների որակին, որովհետև մենք առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից ավտոճանապարհ, որտեղ արագությունը պետք է լինի միջինը 120 կմ/ժ, իսկ դա նշանակում է, որ որակական հատկանիշները ունենալու են էական նշանակություն: Մենք նախապատվությունը տվեցինք այդ որակական չափանիշներին, ինչի արդյունքում էլ շինարարական աշխատանքները սկսվեցին մեկ տարի ուշացումով: Այսօր մենք կարող ենք մեր քաղաքացիներին և ձեզ զեկուցել, որ շինարարական աշխատանքները 2013թ. արդեն սկսվել են և 2014թ. ակնկալում ենք մեծածավալ աշխատանքներ այդ ուղղությամբ:
«Առավոտ.am» - Հաշվի առնելով այն, որ քիչ առաջ ռուսերեն տրված հարցին դուք, բարեբախտաբար, հայերեն պատասխանեցիք, ուզում եմ հիշեցնել, որ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնատարների պաշտոնական լեզուն հայերենն է, բայց, մասնավորապես, սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է ռուսական կողմ, լինի ուղղակի հուշարձանի բացում, թե համատեղ ասուլիս, Դուք խոսում եք ռուսերեն: Պարոն վարչապետ, ինչո՞ւ եք անտեսում «Լեզվի մասին» օրենքի այդ դրույթը: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Խոստանում եմ, որ այսուհետև ավելի ուշադիր կլինեմ այդ հարցի վերաբերյալ: Համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ մեկ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. ձեր հիշատակած միջոցառումից առաջ ես բազմաթիվ հրապարակային ելույթներ եմ ունեցել անգլերեն, և որևիցե մեկը ինձ դիտողություն չի արել, թե ինչու եմ իմ հրապարակային ելույթներն անգլերեն կառուցում: Ես զգում եմ, որ ռուսերենի նկատմամբ կա առանձնահատուկ մոտեցում: Դա օբյեկտիվ է և հասկանալի, որովհետև անգլերենի տարածվածությունը այդքան մեծ չէ մեր հանրության մեջ և կարծես թե անգլերենի իմացությունից վտանգ մեր հասարակությունը չի զգում այն պարագայում, որ Սովետական տարիներին ակնհայտ էր, որ ռուսերենը գերիշխում էր և շատ տեղերում հայերենը զիջել էր իր դիրքերը, և այդ հիշողությունը, իհարկե, պահպանում է զգոնությունը, որ մենք պետք է ուշադիր լինենք մեր մայրենիի նկատմամբ և ես նույնպես ապագայում ավելի ուշադիր կլինեմ այդ հարցին:
«Ազատություն» ռադիոկայան - Պարոն վարչապետ, դեռևս այս տարվա մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել էր, որ եթե 2013-17թթ. ընթացքում ամեն տարվա կտրվածքով կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ձեր կառավարությունը, ձեր գլխավորությամբ, ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանը: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն: Այս հարցն այսօր լրատվական միջոցներում շատ է քննարկվում, տարբեր մեկնաբանությունների, քաղաքական տարբեր գնահատականների տեղիք է տալիս: Կարծում եմ, առաջին հերթին հենց հանրապետության նախագահն այս հարցին տվել է իր հստակ պատասխանը և բացատրությունը: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ: Դրա նպատակն այն է, որպեսզի կառավարության անդամներն առավելագույնն անեն մեր երկրի տնտեսական աճն ապահովելու գործում: Եթե ուշադրություն եք դարձրել, այն ցուցանիշները, որ մենք ներկայացրել ենք Ազգային Ժողովին պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ, մակրոտնտեսական ցուցանիշները հիմնավորելով, մի փոքր շեղվում են քաղաքական թիրախից, որովհետև մենք ունենք մի կողմից կոնկրետ ցուցանիշներ, որոնք միջին ժամկետ ծախսային ծրագրի հիմքում են ընկած, մեր մակրոտնտեսական ցուցանիշների հիմքում, որոնց հիման վրա մենք մշակում ենք պետական բյուջեն և դա տնտեսական հարթության մեջ գտնվող վարժություններ են: Մյուս հարթությունը քաղաքականն է, որտեղ մեր թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի բարձր քաղաքական թիրախներ: Հասկանալի է, որ այդ թիրախներին հասնելու համար մենք առավելագույն ջանքեր պետք է գործադրենք և պետք է հետագայում ներկայացնենք հաշվետվություն, թե որոնք են այդ ցուցանիշներին հասնելու մեր գործադրած ջանքերը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են այդ ցուցանիշների վրա և, բնականաբար, այդ հաշվետվությունը մենք կներկայացնենք նաև հանրությանը. կոնկրետ 2013թ. ցուցանիշը ինչպիսին է լինելու, որոնք են հիմնական այն ոլորտները, որոնք ապահովել են աճի բարձր ցուցանիշները, որոնք են այն ոլորտները, որտեղ դեռևս մենք ունենք ավելի վատ ցուցանիշներ. կփորձենք ձեզ հետ միասին մանրամասն վերլուծել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները, որոնք խանգարում են կառավարությանը ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու գործում:
«Արմենպրես» լ/գ – Պարոն վարչապետ, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը, կարելի է ասել, տարվա տնտեսական կարևորագույն իրադարձություններից էր: Սակայն այդ իրադարձության տնտեսական օգուտների մասին հնչել են, կարելի է ասել, միայն էքսպերտային գնահատականներ: Դուք առավել առարկայական կներկայացնե՞ք, թե ինչ կտա այդ որոշումը Հայաստանի տնտեսությանը գլոբալ առումով և շարքային քաղաքացուն ինչ օգուտ կարող է դա բերել: Եվ զարգացումներն այդ իմաստով. ի՞նչ կարելի է ակնկալել «ճանապարհային քարտեզի» հաստատումից, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան – Մաքսային միությանն անդամակցության որոշումն ընդունելիս մենք քաջ գիտակցում ենք, որ սա բազմագործոն երևույթ է: Այսինքն՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք կունենան դրական ազդեցություն մեր տնտեսության վրա, սոցիալական, մշակութային կյանքի, կենսամակարդակի վրա: Կան գործոններ, որոնք կունենան բացասական ազդեցություն, և բնականաբար, կառավարությունն իրականացրել է այդպիսի մեծածավալ վերլուծական աշխատանք: Դա նաև եղել է բանակցությունների առարկան Մաքսային միությանն անդամակցող երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ բոլոր գործոնների վերլուծությունը մեզ բերել է այն եզրահանգման, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, մեր տնտեսության շահերից և մեր քաղաքացիների շահերից: Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ունենում մուտք գործել մի մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները և ծառայությունները կարող ենք իրացնել: Դա նաև նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելացնելու իրենց հզորությունները և վստահ լինելու, որ վաղը-մյուս օրը իրենք խոչընդոտ չեն ունենալու այդ շուկայից օգտվելու համար: Հարցը, որ մեզ մշտապես տալիս են, հետևյալն է. ինչո՞ւ այդ որոշումը չենք կայացրել երեք տարի առաջ, երբ Մաքսային միությունը ձևավորվում էր: Մեր ընդհանուր ըմբռնումն այն էր, որ միասնական տարածքի բացակայությունը Մաքսային միության երկրների հետ լրջագույն խոչընդոտ է Մաքսային միությանն անդամակցելու հարցում: Ընդ որում, այդ ընկալումն ունեին ինչպես մեր ռուս գործընկերները, այնպես էլ մենք: Հետագայում այդ երեք տարիների փորձը և մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ մեզ բերեցին և կանգնեցրին մի խնդրի առջև: Երբ մենք միջկառավարական հանձնաժողովում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հաստատում էինք սոցիալ-տնտեսական համագործակցության նոր ծրագիրը, այդ ծրագրում հայտնվեցին բազմաթիվ կետեր, որտեղ հղում էր կատարվում Մաքսային միությանը, և Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող միակողմանի իր վրա պարտավորություններ ստանձնել այդ համագործակցության բնագավառում: Երբ մենք մեր գործընկերներին ասում էինք՝ չէ՞ որ սա երկկողմ համաձայնագիր է, և մենք չենք ուզում, որ դրա իրականացումը պայմանավորված լինի այլ երկրներից համաձայնություն ստանալու հետ, մեր ռուս գործընկերները հիշատակում էին միջազգային պայմանագրերը, որոնք նրանք ընդունել են, որ այդ իրավասություններն այլևս իրենց չեն պատկանում: Դա ստեղծում էր մեզ համար լրջագույն խնդիրներ, և պարզվում էր, որ որքանով Մաքսային միությունը կհզորանա և կուժեղանա, այնքանով պատնեշ է ստեղծվելու Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների միջև: Այդ պատնեշի հաղթահարումն էլ ենթադրում էր լրացուցիչ նոր գործիքների ստեղծում: 2012 թվականի օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո եղավ քաղաքական հայտարարություն՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների ինտեգրացիոն գործընթացները և հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի միասնական տարածք Մաքսային միության հետ, հանձնարարվեց ՀՀ կառավարությանը և ՌԴ կառավարությանը ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի նոր գործիքակազմ, որը հաշվի է առնում այս հանգամանքը: Այսինքն՝ սա առաջին արձագանքն էր այն խնդիրներին, որոնք առաջանում էին երկկողմ հարաբերություններում: Աշխատանքային խումբն ստեղծվեց, էկոնոմիկայի նախարարներն էին ղեկավարում այն, և օրակարգում հենց այս հարցերն էին. ինչպե՞ս մենք կարող ենք հայկական բիզնեսի համար ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ նրանք չհանդիպեն խոչընդոտների իրենց ապրանքներն ու ծառայությունները Ռուսաստանում իրացնելիս: Այդ քննարկումները բավական երկար տևեցին, և հիմնական խոսակցությունը մաքսազերծման գործընթացների մասին էր, տեխնիկական կանոնակարգերի, անվտանգության կանոնների, լիցենզավորման գործընթացների. այս հարցերի մեծամասնությունն այլևս Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չէր կանոնակարգում և չէր կարգավորում, որից հետո ակնհայտ դարձավ, որ մենք պետք է քննարկենք, որ եթե այդ կանոնները մենք միակողմանի հաստատենք Հայաստանի Հանրապետությունում, ապա ինչ միջավայր կարող է ստեղծվել: Դրանից հետո մենք սկսեցինք Մաքսային միության կանոնների ներդրմանն առնչվող բացասական կողմերի շուրջ քննարկումը: Առաջին և կարևորագույն խնդիրը, որ մեզ մտահոգում էր, մաքսատուրքերի բարձր մակարդակն էր: Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում իրականացրել է լիբերալ քաղաքականության սկզբունքներով մաքսային օրենսդրության ստեղծում և ներդրում, և մեր դրույքաչափերը շատ ցածր էին: Միջին կշռված դրույքաչափերը երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարագայում մեզ մոտ կազմում էր 2.5 տոկոս, երբ որ Մաքսային միությունում այն 7 տոկոս էր: Դա նշանակում էր, որ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը մենք պետք է բարձրացնենք, իսկ դա նշանակում է գնաճային ճնշումներ, իսկ գնաճային ճնշումները, ինչպես մենք գիտենք, զսպում են տնտեսական աճը: Եվ սա թիվ մեկ պրոբլեմն էր, որը մենք քննարկում էինք մեր գործընկերների հետ, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, ապա մեզ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ օժանդակություն, որպեսզի այդ անցումն այդ միասնական կանոններին քիչ ցավ պատճառի մեր տնտեսությանը և տնտեսական անկման չհանգեցնի: Մանավանդ որ 2013 թվականին մենք տեսանք դրա առարկայական հետևանքները, թե գազի, էլեկտրաէներգիայի գների բարձրացումն ինչ բացասական ազդեցություն է թողնում տնտեսական աճի վրա: Մենք 2013 թվականին արձանագրեցինք, որ միայն այդ երկու ապրանքատեսակների գների բարձրացումը մեր տնտեսության վրա թողնում է շուրջ 1 տոկոսանոց զսպում: Դա նշանակում է, որ սա ցավոտ կետերից էր, որ մենք պետք է բանակցեինք մեր գործընկերների հետ: Փառք Աստծո, մեր բանակցությունների ընթացքում գտանք ընդհանուր եզրեր, թե ինչպես մեր գործընկերները կարող են մեզ օժանդակել այս խնդիրը լուծելու հարցում:
Երկրորդ խնդիրը, որ նույնպես էական էր մեզ համար, ինչպես են ապրանքները Հայաստանի Հանրապետությունից հայտնվելու Մաքսային միության տարածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունենք ընդհանուր սահման, իսկ դա նշանակում է, որ ապրանքների արտահանման ժամանակ մեր բիզնեսմենները հանդիպելու են մաքսավորին, և մաքսազերծման գործընթացներ են տեղի ունենալու: Սա երկրորդ կարևորագույն հանգամանքն էր, որը մեզ հնարավորություն չէր տալիս երեք տարի առաջ հայտարարել, որ տրամաբանական է դառնալ Մաքսային միության անդամ: Այստեղ էլ մեզ ներկայացվեց այն նոր գործիքակազմը, որը կիրառվում էր, մասնավորապես, Կալինինգրադի համար, թե այդ ապրանքները տրանզիտով ինչ եղանակով են հատում հարևան պետության սահմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը չունենա որևիցե խնդիր մաքսային ծառայությունների հետ, և հեշտացված ընթացակարգ լինի: Այդ ընթացակարգերի քննարկումներն էլ մեզ ցույց տվեցին, որ այստեղ էլ կունենանք բավական դրական ազդեցություն, ավելի հեշտացված ընթացակարգեր կգործեն մեր ապրանքաշրջանառության բնագավառում, քան այսօր գործում են: Սա էլ երկրորդ կարևորագույն խոչընդոտն էր: Այս խնդիրների լուծումները մենք գտանք, և դա արդեն հնարավորություն տվեց մեզ ավելի լիաթոք սկսել բանակցություններն այլ գործիքների վերաբերյալ, այն դրական միտումներով, որ կարող ենք ունենալ Մաքսային միությանն անդամակցելով: Մեր քաղաքացիների համար դա առաջին հերթին պետք է զգացվի նրանով, որ Մաքսային միությանն անդամակցելն ստեղծում է կայուն տնտեսական աճի հիմքեր, երկրորդը՝ որ ըստ մեր պայմանավորվածությունների՝ մեծածավալ ուղղակի ներդրումներ են լինելու, և դուք երևի տեղյակ եք, որ ընդամենը օրերս ստորագրվեց մի կարևորագույն համաձայնագիր «Ռոսնեֆտ»-ի հետ, որը ենթադրում է մեծածավալ ներդրումներ Հայաստանում, և դա էլ հենց Մաքսային միությանն անդամակցելու արդեն առաջին արդյունքն է, որովհետև այդ նախագիծը չէր կարող իրականություն դառնալ առանց Մաքսային միությանն անդամակցելու, որովհետև հիմնական շուկան, որտեղ իրացվելու է արտադրանքը, որն արտադրվելու է Հայաստանում, հենց Մաքսային միության տարածքն է: Բնականաբար, նման մեծածավալ ներդրումները, որոնց կարիքը Հայաստանի Հանրապետությունն ունի, շարունակվելու են: Բնականաբար, դա աշխատատեղերի ստեղծում է, տնտեսական աճն է, սոցիալական վիճակի բարելավում է նշանակելու մեր քաղաքացիների համար: Շնորհակալություն:
«Հ2» հ/ը - Պարոն վարչապետ, շատ է գրվում և խոսվում առկա դժգոհության մթնոլորտի մասին: Չգիտեմ, որքանով է ճիշտ, խոսում են, թե փոխնախարարի և ավելի ցածր պաշտոնյաների մակարդակով նույնիսկ դժգոհություն կա: Ուզում եմ հասկանալ, արդյոք Հայաստանի կառավարությունը և անձամբ Դուք համակարծիք եք այս տեսակետին. եթե այո, ի՞նչ եք մտածում վստահության վերականգնման ուղղությամբ, որովհետև այդ ֆոնին մի տեսակ արված լավն էլ չի երևում, ստվերվում է: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան- Համաձայն եմ Ձեզ հետ, որ լավատեսությունն այսօր իր տեղը զիջել է, ցավոք սրտի, հոռետեսական գնահատականներին: Այստեղ, կարծում եմ, զանգվածային լրատվության միջոցներն էլ, իհարկե, անելիք ունեն: Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե օբյեկտիվ պատճառները որոնք են, որ ծնում են դժգոհություն: Մենք պարտավոր ենք անկեղծ խոսել առկա արատավոր երևույթների մասին, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք: Եթե իշխանությունը հրապարակային խոստովանում է, որ այդպիսի պրոբլեմներ կան, այդպիսի երևույթներ կան, և այդ երևույթների դեմ պայքարելու միակ ձևը դրանց մասին բացահայտ խոսելն է, դա ամենևին չի նշանակում, որ մեր կյանքում չկան դրական տեղաշարժեր, դրական երևույթներ, որոնք մեր ուշադրությունից վրիպում են: Երկրորդ հանգամանքը կա, որ իրավիճակն այդքան վատ չէ, որքան ներկայացնում են զանգվածային լրատվության միջոցները: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի խնդիր ունենք, և 2014 թվականին մենք պետք է երկխոսության ճանապարհով գտնենք այդ խնդիրների լուծման ուղիները: Այս փաստն արձանագրվեց հերթական հարցումներից հետո, որը մենք եռամսյակը մեկ անգամ ներկայացնում ենք մեր կայքէջում, և որը դառնում է նաև Ազգային ժողովի քննարկման առարկա: Հիշում եք, որ մեր ընդդիմախոսները մեջբերումներ են անում այդ հարցումների արդյունքներից, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում կառավարության գործունեության արդյունավետությունը, որ ոլորտներն են նրանք համարում առավել կոռումպացված, որ ոլորտներում ենք մենք ետնահանջ արձանագրում: Այս բոլոր հետազոտության արդյունքները հրապարակային ենք մենք դարձնում: Հենց այդ արդյունքների մեջ էլ արձանագրվել է հետևյալ փաստը. երբ մեր քաղաքացիները գնահատում են իրենց կենսամակարդակը, իրենց տնտեսական վիճակը, իրենց բարեկամների վիճակը ընթացիկ տարում, նրանք արձանագրում են դրական միտումներ: Բայց երբ մեր քաղաքացիներին հարցնում են՝ իսկ ձեր համայնքում, ձեր քաղաքում կամ երկրում ինչպիսի՞ն է վիճակը, ապա գնահատականները միանշանակ բացասական են: Իսկ դա նշանակում է, որ կա խզվածություն: Չի կարող այդպես լինել, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ իր վիճակը լավացել է, բայց երկրի վիճակը՝ վատացել: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի բնագավառում ունենք լրջագույն խնդիր, որ ձեզ հետ պետք է աշխատենք: Եվ կա երրորդ հանգամանքը, որը բնորոշ է անցումային երկրներին. մեր քաղաքացիների սպասումները կառավարությունից շատ բարձր են, և երբ մենք չենք կարողանում բավարարել այդ բարձր սպասումները, բնականաբար, լինում է հիասթափություն և այդպիսի բացասական տրամադրվածություն: Մեզ բոլորիս պակասում է լավատեսությունը:
«1in.am» լ/կ – Պարոն վարչապետ, Դուք Ձեր պաշտոնավարման առաջին շրջանի առաջին տարիներին հայտարարեցիք, թե պայքարելու եք օլիգոպոլիաների դեմ, նույնիսկ որոշակի օրինագծեր ներկայացրիք Ազգային ժողով՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, շքեղության հարկի հետ կապված օրինագիծը, հայտարարագրման մասին օրինագիծը: Բայց կարծես թե Ձեր այդ պայքարը չհաջողվեց, և միջազգային կառույցներն էլ են նաև փաստում, որ մեր տնտեսության հիմնական խանգարող հանգամանքներից է օլիգոպոլիաների, մոնոպոլիաների առկայությունը: Ու նաև մեկ քաղաքական հարց. կարծիք կա, որ ընտրություններից անմիջապես հետո սկսվում են հաջորդ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Այս առումով շատ ակնհայտ են նորից Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առճակատումը և Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի մասին քննարկումները: Այդ մասով շեշտվում է նաև Ձեր՝ թեկնածու լինելու հանգամանքը, Ռոբերտ Քոչարյանի՝ նորից քաղաքականություն մուտք գործելու հանգամանքը: Այդ մասով ի՞նչ քննարկումներ կան Հանրապետական կուսակցությունում:
Վարչապետ Տիգրան Սարգսյան – Մեր կառավարության ծրագրում մատնանշված է մի կարևորագույն քաղաքական դրույթ. ո՞ր դեպքում մենք կհամարենք, որ մեր հինգ տարվա գործունեության ծրագիրն ավարտվել է հաջողությամբ: Այդ կետը վերաբերում է հենց մրցակցային դաշտին, վերաբերում է օլիգոպոլիաներին: Եթե այս հինգ տարվա ընթացքում մեզ չհաջողվի էական փոփոխություն արձանագրել այդ բնագավառում, ապա մենք կհամարենք, որ ունենք լրջագույն բացթողում: Իսկ օլիգոպոլիաների նկատմամբ այդ պայքարը հեշտ պայքար չէ, որովհետև Սովետական Միության փլուզումից հետո մեր տնտեսական համակարգն ամբողջությամբ փլուզվեց, և այն ոլորտները, որտեղ տեղի ունեցան վերականգնում, աճ, գտնվում են մի փոքր խմբի վերահսկողության և սեփականության ներքո: Սոցիալական բևեռվածությունն այսօրվա մեր կյանքում ունի էական ազդեցություն բոլոր երևույթների, այդ թվում նաև տնտեսական երևույթների վրա: Դրա համար էլ մենք ասում ենք՝ այո, օլիգոպոլիաների խնդիր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, և դա հաղթահարելու ռազմավարությունն այն է, որ, մի կողմից, մենք պետք է օլիգոպոլիաները դնենք որոշակի չափանիշների ներքո, հսկողության տակ, և օրենքները տարեցտարի նրանց նկատմամբ պետք է խստացնենք, մյուս կողմից՝ պետք է ստեղծենք փոքր և միջին բիզնեսի զարգացման ավելի լայն դաշտ: Մենք որպես պետություն ապագա կարող ենք ունենալ, եթե Հայաստանում ձևավորվի միջին խավ՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ճանապարհով: Եթե այս խնդիրը չլուծենք, մենք կվտանգենք մեր պետության ապագան: Սա այն քաղաքական թիրախն է, որ մեր ծրագրում արտացոլված է: Ունենք հաջողություն օլիգոպոլիաների դեմ պայքարում, թե չունենք, դուք ավելի լավ կարող եք դատել: Երբեմն այդ պայքարը թեժանում է, և մենք դա միանգամից տեսնում ենք, մասնավորապես, այն զանգվածային լրատվության միջոցների հարձակումներից, որոնք ֆինանսավորվում են օլիգարխների կողմից: Եվ մենք տեսնում ենք, որ երբ հարձակումները կառավարության վրա ուժեղանում են, դա նշանակում է, որ ինչ-որ ցավոտ կետի ենք կպել, և այդտեղ պետք է ռեֆորմները հասցնենք տրամաբանական ավարտին: Երբեմն տեսնում ենք, որ հանդարտություն է իշխում, ուրեմն նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, ուրեմն ինչ-որ տեղ մենք մեր աշխատանքում թերացել ենք, եթե տեսնում ենք, որ այդ ուժերի կողմից քննադատություն չկա կառավարության, վարչապետի հասցեին: Արմատական լուծումը պետք է լինի հետևյալը. էթիկայի հանձնաժողովի ստեղծումը մեկ նպատակ է հետապնդում, որ քաղաքականությամբ զբաղվելը չլինի տնտեսապես ձեռնտու, որ մարդիկ չգան քաղաքական դաշտ միայն մի նպատակով՝ հովանավորելու իրենց բիզնեսը: Ինչպե՞ս պետք է մենք այս խնդիրը լուծենք: Առաջին, պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնք չկային, ցավոք սրտի, Հայաստանում, թե ինչպես ենք մենք իրացնում սահմանադրական այն դրույթը, որ նախարարները և պատգամավորները իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով: Այդ նորմը Սահմանադրության մեջ կար, բայց օրենսդրական մեխանիզմներ, թե ինչպես ենք այդ նորմն իրացնելու, չկային: Առաջին քայլը մենք կատարեցինք՝ ընդունելով օրենք «Էթիկայի հանձնաժողովի մասին» և թիրախավորելով 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Նախկինում հայտարարագրեր ներկայացնում էր շուրջ 18 հազար պետական ծառայող, և այդ համակարգն անարդյունավետ էր, որովհետև ո´չ հասարակությունը, ո´չ պետական մարմինները չէին կարող վերահսկել, թե այդ 18 հազար պաշտոնյաներն իրենց եկամուտների հայտարարագրերը ճիշտ են ներկայացրել, թե ոչ: Դրա համար մենք որոշեցինք հրաժարվել այդ հին մոդելից և սկսել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից: Ավելին, մենք որոշում կայացրեցինք, որ այդ հայտարարագրերը լինելու են հրապարակային, որպեսզի դուք հնարավորություն ունենաք վերահսկել վարչապետին. երբ նա դարձավ վարչապետ, ինչ եկամուտ ուներ, և ինչ՝ երբ ավարտվեց նրա վարչապետության շրջանը: Կարևորագույն գործիքը և գործոնը, որ ազդելու է մեր քաղաքական դաշտի վրա, հրապարակային վերահսկողությունն է քաղաքական գործիչների նկատմամբ և առաջին հերթին հենց այդ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Այդ համակարգը ներդրել ենք, և մենք ապագա երեք տարիների ընթացքում մտադիր ենք ուժեղացնել էթիկայի հանձնաժողովը, հստակեցնել նրա գործառույթները, նրան տրամադրել լրացուցիչ գործիքներ և հնարավորություններ, որպեսզի նա կարողանա արձագանքել հրապարակային մեղադրանքներին, ահազանգերին, որ գալիս են զանգվածային լրատվության միջոցների կամ քաղաքական գործիչների կողմից, և հրապարակային հանրությանը ներկայացնի տեղեկություն, թե արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Այս ճանապարհով մենք մտադիր ենք գնալ առաջ և պետք է լինենք վճռական: Այստեղ, իհարկե, մեզանից պահանջվելու է քաղաքական կամքի դրսևորում:
Ինչ վերաբերում է 2017, 2018 թվականների ընտրություններին, ապա ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր քաղաքական թիմն այդ հարցը չի քննարկել, մեր օրակարգում այդ հարցը չի եղել, և երբ մեր թիմն այդ հարցը կքննարկի, բնականաբար, մենք ձեզ տեղյակ կպահենք արդյունքների մասին:
Առաջին լրատվական - Շնորհակալություն հարց տալու հնարավորության համար: Մի փոքր խոսենք գազային համաձայնագրերից, այդ առնչությամբ՝ հարցերի մի խումբ. առաջին՝ ինչու մենք չենք բանակցում Իրանի հետ՝ հաշվի առնելով դեսպանի հայտնի հայտարարությունը, երկրորդ՝ ինչու երկու տարի շարունակ կառավարությունը պնդում էր, որ գազի սակագինը չի ավելացել, երրորդ՝ ով և ինչպես է որոշել, որ ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասն արժե 150 մլն դոլար և ինչով է պայմանավորված Գազպրոմին ինչ որ արտոնություններ տալը: Շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շնորհակալություն: Վերջին օրերին այս թեմայի քննարկման պակաս չի եղել: Առաջին, ուզում եմ ասել, որ գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև դրանք ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Առաջին հերթին դա նշանակում է, որ մեր քաղաքացիները և մեր տնտեսություն վարող սուբյեկտները երաշխավորված են նրանից` որ այն թանկացումները, որոնց առնչվում էին Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը: Մենք երաշխավորված ենք, որ գազի գների էական տատանումները Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու և այս պայմանագրերը արձանագրել են խաղի կանոնները: Ցավոք սրտի, այս համաձայնագրերի քննարկման ժամանակ շատ մեծ էր սպեկուլյացիան, որի պատճառով էությունը մի կողմ դրվեց: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այս պայմանագրերի քաղաքական բովանդակությունը: Չեմ կարծում որ իրավաբանական պայմանագրի դրույթների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ մեր քաղաքացիների կամ բիզնեսի համար: էական նշանակություն ունի բովանդակությունը. ինչի շուրջ ենք մենք բանակցել մեր ռուս գործընկերների հետ և ինչ համաձայնությունների ենք հանգել: Առաջին և կարևորագույն համաձայնությունը եղել է հետևյալը. մոտակա հինգ տարիների ընթացքում գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու է հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գազի գինն իր ներքին սպառողի համար: Դա նշանակում է, որ 30 տոկոսանոց մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար չեն կիրառվելու: Սա մեր բանակցության բուն առարկան էր: Սա մեկ: Երկրորդ՝ ինչպես էր բանակցվում սակագինը և ինչու այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել մեր քաղաքացիներին, թե վերջիվերջո այս սակագինն այդ երեք տարիների համար ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ Գազպրոմ ընկերության կողմից մեզ առաջարկված սակագները մեզ համար անընդունելի էին և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների վրա, այնպիսի բեռ էր, որ մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև 1000 խմ մետր գազի համար 180-ից հասնել 270 դոլարի մեզ համար, մեր տնտեսության համար կլիներ ուղղակի կործանարար: Իսկ մեզ առաջարկվում էր հենց այդ գինը ժամանակի ընթացքում: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310, 340 դոլարի սահմանի վրա, որը հասկանալի է՝ մեզ համար անընդունելի էր: Բանակցությունների այդ երեք տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձևեր, եղանակներ, մեթոդներ, թե ինչպես կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի մեր սպառողների վրա գազի էական թանկացումներ չլինեն: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել միայն այս տարի և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: Հասկանալի է, որ Գազպրոմի և ՀայՌուսգազարդի հարաբերություններում առաջացել էին իրավական խնդիրներ, քանի որ Ռուսաստանի Գազպրոմը ՀայՌուսգազարդին մատակարարել էր այն գներով, որոնք իրենք որպես երկու տնտեսվարող սուբյեկտներ իրար հետ պայմանավորվել էին, բայց այդ պայմանավորվածություններին դեմ էր կառավարությունը: Դա էր պատճառը, որ կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորող հանձնաժողովին՝ Ռոբերտ Նազարյանին, խնդրեց, որպեսզի այդ սակագները կիրառվեն 30 տոկոսանոց զեղչով, քանի որ մենք բանակցությունների ընթացքում արդեն համաձայնության էինք գալիս, որ մեր նկատմամբ կիրառվելու են որոշակի զեղչեր: Այդ տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր ՀայՌուսգազարդը Գազպրոմի նկատմամբ դարձավ խնդիր, որը պետք է մենք լուծեինք: Քաղաքական համաձայնությունն այն էր, որ այդ խնդրի 50 տոկոսն իր վրա վերցրեց Ռուսաստանը, 50 տոկոսը՝ մենք: Իհարկե, ցանկալի էր, որ մենք այդ լուծումն այնպես տայինք, որ մեր կանխիկ հոսքերի, բյուջետային ծախսերի վրա չազդեր, և խոսք գնաց այդ 20 տոկոս բաժնետոմսերի մասին: Տնտեսագետները, որոնք առնչվում են նման գործարքների հետ կարող են հանրությանը ներկայացնել, թե ինչ մեթոդներ կան ընդհանրապես բաժնետիրական ընկերությունների շուկայական գինը որոշելու պարագայում: Որպես հիմք կարելի է վերցնել ՀայՌուսգազարդի շահույթը, գնահատել, թե տարեկան ինչքան մաքուր շահույթ է ստացել այդ ընկերությունը, պայմանավորվածության գալ, թե այդ շահութաբերության մակարդակը քանի տարվա հիմքով պետք է ձևավորի շուկայական գինը և բազմապատկենք և ստանանք այդ ընկերության շուկայական գինը: Կարելի է հիմքում ընդունել այլ մեթոդ՝ գնահատել ընկերության ակտիվները, հրավիրել մասնագետների, որոնք կտան ակտիվների բալանսային արժեքը, ակտիվներից հանել պարտավորությունները, ստանալ կապիտալը, այդ մեթոդով գնահատել: Կան բազմաթիվ մեթոդներ, բայց բոլոր մեթոդները, որոնք մենք կիրառել ենք, ցույց են տվել, որ 150 մլն դոլարը 20 տոկոսի համար մեզ համար մեղմ ասած շատ ընդունելի տարբերակ է: Դրա համար մենք համաձայնեցինք, որ կարող ենք այդ 20 տոկոսը զիջել, մանավանդ հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ ՀայՌուսգազարդի շահութաբերության մակարդակը բարձր չէ, բայց մոտակա տարիների ընթացքում ներդրումային մեծածավալ աշխատանք պետք է կատարվի, որովհետև ֆիզիկական մաշվածության աստիճանը բավականին բարձր է, դա նշանակում է, որ այդ 20 տոկոսից մենք դիվիդենտ չենք կարող ակնկալել, քանի որ այդ դիվիդինետներն ընկերությունը ներդնելու է և պետք է ներկայացնի նոր ներդրումային ծրագրեր, իսկ այդ դաշտն ամբողջությամբ գտնվում է կարգավորման ոլորտում, այսինքն գները կարգավորվում են պետության կողմից, կարգավորումը գտնվում է կարգավորող հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում: Այդ առումով այդ 20 տոկոսի զիջումը մեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև բոլոր որոշումները, որոնք կայացվում են ՀայՌուսգազարդի կողմից, մեզ համար վերահսկելի են և մեզ հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն: Այս ընկալումները հանգեցրին հենց այն եզրակացությանը, որ սա մեզ համար ընդունելի և լավագույն որոշումն է, մանավանդ, որ մեր ռուս գործընկերները համաձայնեցին, որ իրենց վրա են վերցնում 150 միլիոնի պարտքի ծածկումը, ինչը և իրականացվեց այս համաձայնագրով, որն Ազգային ժողովը վավերացրեց, որովհետև այնտեղ գրված է, որ ապրիլի 1-ից կիրառվում են գազի մատակարարման այդ նոր գները, ինչը նշանակում է, որ այն 150 մլն-ը, որը ՀայՌուսգազարդն իր բալանսում կուտակել է, ռուսական կողմը դուրս կգրի: Դա նշանակում է, որ այդ խնդիրն արդեն լուծում է Ռուսաստանի Դաշնությունը: Արդյունքում մենք ինչ ստացանք. երեք տարվա բանակցությունների ընթացքում կուտակված պարտքի հարցը լուծեցինք, երկրորդ՝ ապագա հինգ տարիների համար ունենք երաշխավորված մեխանիզմ՝ ինչպես է գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու: Այստեղ անակնկալ որևէ դեպք ապագայում չի լինելու:
Ինչու 30 տարով. այն պարզ պատճառով, որ այս ոլորտը կարգավորվող ոլորտ է: Ընդհանրապես, կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը վարվում է 30-35 տարվա կտրվածքով, որովհետև այդ ընկերությունների շահութաբերության մակարդակը պայմանավորված է լինելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործելակերպով. ինչպիսին կլինի շահութահարկը, գույքահարկը 10, 20, 30 տարի հետո, ինչպիսի բնապահպանական նոր նորմեր 30 տարիների ընթացքում մենք կարող ենք սահմանել և այլն: Մարդիկ ասում էին, որ եթե դուք ուզում եք, որ մենք մեզ՝ որպես ներդրողներ, հարմար զգանք ձեր երկրում, մեզ համար 30 տարվա դաշտ ստեղծեք, որ մենք երաշխավորված լինենք, որ անակնկալներ այդ դաշտում մեզ չեն սպասվում, որպեսզի կարողանանք ներդրումներ կատարել: Նմանատիպ բանակցություններ մենք իրականացրել ենք և ավարտել ենք ամերիկյան ընկերության՝ Կոնտուր Գլոբալի հետ, որը ցանկություն ունի գնելու Որոտանի համալիրը: Նույն բանակցություններն են, նույն տրամաբանությամբ: Առնվազն 30 տարվա կտրվածքով մարդիկ ուզում են պատկերացնել, թե իրենց ներդրումները, եթե կատարեցին այդ կարգավորվող դաշտում, իրենց եկամտաբերությունը երաշխավորված ունենալու են, թե ոչ: Սա էլ այդ 30 տարվա ժամկետայնությունը, որը շատ տրամաբանական է և կարծում եմ մենք ինչ որ նորամուծություն այս բնագավառում չենք իրականացրել:
Իրանի հետ կապված բանակցությունները վերջին երեք տարիների ընթացքում, եթե Իրանի դեսպանն այդքան անկեղծացել է և այդպիսի հայտարարություններ էր անում, հետևյալն է: Վերջին երեք տարիների ընթացքում Իրանը մշտապես խնդիր է դնում, որ այն բանաձևը, որը գործում է այսօր՝ մեկը երեքի, որ մենք գազ ենք ստանում և նրանց էլեկտրաէներգիա ենք մատակարարում, պետք է վերանայել, որ իրականում գազի գինն անհրաժեշտ է ավելացնել: Այլ ազդակ Իրանի կողմից մենք չենք ստացել: Ավելին, մենք շատ լավ գիտենք ինչպես են գները ձևավորվում Իրանում և ինչ գներով են նրանք վաճառում գազը: Այնպես որ սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, որը ցավոք սրտի մեկ-մեկ հանդիպում է և դա ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի մենք ստվեր գցենք մեր բարի հարաբերությունների վրա, որոնք այսօր առկա են Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:
ԱՐ հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, քաղաքակիրթ աշխարհում հայտնի է, որ այսօր նկատելի են հակածխախոտային տրամադրություններ և կարծեք թե Հայաստանն այս իմաստով բացառություն չէ: Դուք ևս մի առիթով կառավարության նիստի ժամանակ տարակուսանք հայտնեցիք, որ քաղաքացիական հասարակությունը և հասարակական սեկտորը բավականին պասիվ են մեզ մոտ: Մեզ մոտ էլ ծրագրեր իրականացվում են բայց ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հակասության վրա: Կարծեք թե օրենքով Հայաստանում արգելված է ցանկացած տեսակի ծխախոտի գովազդը, այդ թվում արտաքին գովազդը, բայց միևնույն ժամանակ Երևանի ցանկացած կրպակում, այդ թվում Հայմամուլի կրպակում, առատորեն ներկայացված է ծխախոտի տեսականին: Ցանկացած մեծ ու փոքր խանութներում, սուպերմարկետներում ամենապատվավոր տեղը վերապահված է ծխախոտին: Հնարավոր համարու՞մ եք արդյոք, որ օրենքով կարգավորվի այս դաշտը, և ինչպես աշխարհում արդեն փորձը կա Հայաստանում ևս մենք անցնենք ծխախոտի փակ վաճառքին, այսինքն 100 տոկոսով արգելենք ծխախոտի ցուցադրությունը ցանկացած վայրում գոնե դեռահասներին ծխելու գայթակղությունից զերծ պահելու համար, հատկապես, որ շատ բարձր թվեր ունենք ծխողների իմաստով: Եվ եթե կարելի է` երկրորդ հարցը, որը դարձյալ դեսահասներին է վերաբերում: Հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումը, արդյոք հնարավոր է, որ վերանայում կատարվի կրթական համակարգում և 12-ամյա կրթությունը փոխարինվի 11-ամյա կրթությամբ, այնպես ինչպես որ կա Ռուսաստանի Դաշնությունում: Եվ կուզեի Ձեր գնահատականն ավագ դպրոցների ներդրման և այս եռաստիճան կրթական համակարգի վերաբերյալ: Շնորհակալ եմ:
Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցին ուզում եմ պատասխանել, որ Ես Ձեզ հետ համամիտ եմ: Ես ինքս փորձում եմ իմ շրջապատում պայքարել ծխելու դեմ, ես կարևորում եմ սա, որպեսզի յուրաքանչյուր մարդ, որը գիտակցում է և հասկանում, թե դա ինչ վտանգ է ներկայացնում իր կենցաղավարության մեջ սկսի պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Պետք է ցավով նշեմ, որ հայ հասարակության մեջ ծխելու դեմ այդպիսի ակտիվ պայքար չկա և մենք աշխարհում զբաղեցնում ենք առաջին տեղերից մեկը մեկ շնչին ընկնող ծխախոտի և ալկոհոլի օգտագործման առումով: Եվ դա շատ վատ է, որովհետև առաջին հերթին հարվածում է մեր քաղաքացիների առողջությանը: Պատահական չէ, որ օնկոլոգիական, սրտանոթային հիվանդություններով էլ Հայաստանն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Սրանք փոխկապակցված երևույթներ են և մենք ձեզ հետ պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Առաջին հերթին պետք է այնպես անենք, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան դրա վտանգը և օրեցօր ավելանա այն մարդկանց քանակը, որը դեմ է այդ արատավոր երևույթին: Եթե լինի ակտիվիստների հասարակական խումբ, որը կկարևորի այս խնդիրը, մեզ համար ավելի հեշտ կլինի այսօր առաջ գնալ: Դուք ճիշտ նշեցիք, որ մենք օրենքն ընդունել ենք, ցավոք սրտի օրենքում չկան մեխանիզմներ, թե ինչպես պետք է պայքարենք, օրինակ, հասարակական վայրերում օրենքը խախտողների դեմ: Այս հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա, այդ թվում նաև նախարարական կոմիտեներում, և մենք մշակել ենք այդպիսի օրենսդրական փաթեթ: Առաջին վիճահարույց խնդիրն այն էր, թե ում վրա ենք պատասխանատվությունը դնում բացահայտելու օրենքի խախտումը, այդ թվում պատժելու, որովհետև քանի որ սա տարածված երևույթ է և առաջին փուլում մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ հասկանալի է, որ մեծ պատասխանատվության բեռ է դրվելու այն մարմնի վրա, ում վրա դրվելու է վերահսկողական մեխանիզմը: Սա համար մեկ խնդիրն է. դա պետք է անի ոստիկանությո՞ւնը, թե դրա պատասխանատվությունը մենք պետք է դնենք տարբեր հասարակական օբյեկտների սեփականատերերի վրա, կամ մենեջմենթի վրա: Սա այդ օրենքի բանավիճային կետերից է: Բայց ես Ձեզ հետ համաձայն եմ, այս օրենքը պետք է անպայման մշակենք և ուղարկենք Ազգային Ժողով: Պետք է խնդրեմ Զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի մեզ աջակցեն այս հարցում, որպեսզի մենք պայքարենք այդ արատավոր երևույթների դեմ:
12-ամյա, 11-ամյա, ավագ դպրոցներ. արդեն բավականին երկար ժամանակ է այս հարցը բուռն քննարկումների առարկա է: Ավագ դպրոցների հայեցակարգը եթե չեմ սխալվում 10 տարի առաջ ներկայացվեց հանրության դատին: Տրամաբանությունը, որ ընկած է այս հայեցակարգի հիմքում, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը չի կարող կրթական բարձր մակարդակ ապահովել բոլոր միջնակարգ դպրոցների, հաշվի առնելով այն միջնակարգ դպրոցների քանակը, որը մենք ունենք: Ունենք 1400-ից ավելի դպրոց, և այդ 1400 դպրոցներում էլ կրթական այնպիսի չափանիշներ ներդնել, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո կարող է միանգամից ընդունվել բուհ, այնպիսի ծախսեր է ենթադրում, որ մենք ի վիճակի չենք: Նաև եվրոպական փորձն էր վկայում, որ անհրաժեշտ է ստեղծել ավագ դպրոցների համակարգ, այդ ավագ դպրոցները պետք է զինված լինեն համապատասխան լաբորատորիաներով, ունենան համապատասխան կարողություններ, բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներ, և այնպիսի կրթական նորմեր, որոնք պահպանելու դեպքում մենք կարող ենք հստակ երաշխավորել. եթե երեխան ավարտել է ավագ դպրոցը, ապա նա ավտոմատ պետք է կարողանա բուհ ընդունվել: Դրա համար մենք որդեգրեցինք նաև հետևյալ սկզբունքը, այն է, որ բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը՝ դժվար: Այսինքն, եթե երիտասարդն ավարտել է ավագ դպրոցը, ապա ինքն ավտոմատ պետք է դառնա ուսանող: Դեռևս ավագ դպրոցի ռեֆորմը չի հասցվել իր տրամաբանական ավարտին, որովհետև մեզնից պահանջվում լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումներ՝ առաջին հերթին ավագ դպրոցները կարգի բերելու համար, սկսած շենքային պայմաններից, ավարտված այն լաբորատորիաներով, որոնք խիստ անհրաժեշտ են, որ ավագ դպրոցներն ունենան, ինչպես նաև որպեսզի մենք կարողանանք բարձրացնել ուսուցիչների մակարդակը: Այդ պարագայում մենք նոր կարող ենք գնահատել ավագ դպրոցի մոդելը լավն է, թե ոչ, որովհետև այսօր ստեղծված իրավիճակը համեմատում են Խորհրդային միության տարիների դպրոցական համակարգի հետ: Կարծում եմ՝ դրանք անհամադրելի են: Այս ճանապարհով պետք է գնանք: ԱՊՀ երկրների շրջանակներում ազգային օրենսդրությունները առանձնահատկություններ ունեն: Բելառուսում մի օրենսդրություն, Հայաստանում` մեկ այլ, Ռուսաստանում` այլ: Դուք հիշում եք, որ մենք մեծ կոնֆերանս անցկացրինք, ԱՊՀ երկրների նախարարները ժամանել էին Հայաստան, մենք ներկայացրինք հայկական փորձը, իրենք իրենցը: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը հնարավորություն կտա բացահայտել ինչ-որ թերություններ և գտնել դրանք շտկելու եղանակներ: Որոշ բաներ մեր փորձից իրենք են ընդօրինակում, ամեն դեպքում այդ համագործակցությունը դրական արդյունք կտա:
Հարց -Բարև ձեզ, ուզում եմ հարցնել պայմանագրի վավերացման հետ կապված: Վավերացումն իրավական առումով խիստ կասկածելի էր, այսինքն՝ ձայները տատանվում են 77-ից 72-ի միջև, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովը ոչ լիարժեք էր: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ անհանգստացնի ձեր ռուս գործընկերներին: Դա առաջին հարցը:
Երկրորդ հարցը՝ օրերս 2 դեպք արձանագրվեց, երբ ձեր կուսակիցները բավական լկտի պահեցին իրենց լրագրողների հանդեպ, նախ՝ Ազգային ժողովում, քննարկման ժամանակ, և երեկ, երբ քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունն էր, երիտասարդներ, որոնք ունեն նկարներ Ձեզ հետ և Սերժ Սարգսյանի հետ, և որոնցից մեկին Դուք պատվոգիր եք տվել, շատ լկտի պահեցին իրենց լրագրողների նկատմամբ:
Եվ երրորդ հարցը՝ եթե կուսակցության ղեկավարը որոշի, որ դուք պետք է լինեք նախագահի թեկնածու, պատրա՞ստ եք Ձեր վրա վերցնել այդ բեռը:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցերի համար: Լկտի պահվածքի վերաբերյալ: Ազգային ժողովում գոյություն ունի համապատասխան հանձնաժողով, և եթե այդպիսի դրսևորումներ կան, կարծում եմ, որ այդ դրսևորումները պետք է դառնան դրա քննարկման առարկա: Կարծում եմ, այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե Ազգային ժողովում ինչպիսինն է պատգամավորների կեցվածքը: Դուք ունեք այդ հնարավորությունը՝ հետևելու Ազգային ժողովի աշխատանքներին, Ձեր գնահատականները տալու, այդ աշխատանքները հրապարակային են, և մեր քաղաքացիներն էլ կարող են հետևել ու իրենց գնահատականները տալ
Երկրորդ՝ քանի հոգի էր մասնակցում քվեարկությանը և քանի հոգի է քվեարկել. այս գործընթացն էլ հրապարակային էր, այնտեղ կային լրագրողներ, և այստեղ էլ մեր քաղաքացիներից, լրագրողներից որևէ գաղտնիք չի եղել: Այն միջադեպերը, որոնք լինում են Ազգային ժողովում՝ ընդդիմության կամ մեծամասնության պահվածքը, դրանց քննարկման տեղն Ազգային ժողովն է, և գործադիրի ղեկավարը կարծում եմ, չպետք է այդպիսի գնահատականներ տա:
«Արմնյուզ» հ/ը - Պարոն վարչապետ, խորհրդարանում գազային պայմանագրերը քննարկելիս Ձեր ընդդիմախոսները քննադատում էին այն դրույթները, որոնցով ՀՀ-ն պարտավորվում էր չընդունել այնպիսի օրենսդրություն, որը կհակասեր կամ վտանգի տակ կդներ «ՀայՌուսգազարդ»-ի կամ հայ-ռուսական գազային պայմանավորվածությունները, և դա համարում էին հակապետական, այն մասով, որ մեկ միջպետական պայմանագիրը չի կարող թելադրել երկրի ամբողջ օրենսդրությանը:
Երկրորդ հարցը՝ հայտնի է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հատկապես բողոքում էին ՏՏ ոլորտում ընդգրկված երիտասարդները: Այդ ընթացքում հանրային խորհուրդը հանդես եկավ միջանկյալ առաջարկներով, օրինակ՝ կուտակային տոկոսները աստիճանաբար բարձրացնել, ընդդիմությունն առաջարկեց հետաձգել մեկ տարով: Որքանո՞վ եք ընդունել այդ առաջարկները, թե՞ համակարգը կգործի 2014-ի հունվարից:
Երրորդ հարցը՝ եվրոբոնդերի՝ պարտատոմսերի վաճառքից եկած առաջին գումարով կառավարությունն անմիջապես մարեց ռուսական վարկը: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչու՞ որոշվեց առաջինը հենց այդ պարտքը մարել:
Վարչապետ Տիգրան Սարգսյան -Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցը: Արդյո՞ք ՀՀ-ն պետք է այնպիսի գործողություններ իրականացնի, որոշումներ ընդունի, որոնք կվտանգեն ներդրողների շահերը, այն դաշտում, որն ամբողջությամբ կարգավորվում է, որտեղ չկա շուկայական մրցակցություն, որտեղ շուկայական ռիսկերն իրենք չեն կառավարում: Պատասխանը միանշանակ է` այո, ՀՀ կառավարությունը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի միջավայր, և դա չի վերաբերում միայն ՌԴ-ին: Դա վերաբերում է նաև ամերիկացի ներդրողներին, որոնց հետ մենք հավանության ենք արժանացրել նոր ներդրումային ծրագիր, որը վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ին: Նմանատիպ երաշխիքներ մենք պարտավոր ենք տալ, քանի որ մարդիկ գալիս են ու այստեղ ներդրումներ իրականացնում կենսական նշանակության ենթակառուցվածքներում: Նրանք ասում են` այո՛, մենք համաձայն ենք այդ բնագառավառում ներդրումներ անել, բայց նաև խնդրում ենք ՀՀ իշխանություններին, որ եթե խաղի կանոնները 30 տարիների ընթացքում փոխվեն ձեր երկրում, ներդրողների շահերը չտուժեն, որ մենք վնասով չաշխատենք, որպեսզի մեր ներդրումները ապահովեն մեզ համար որոշակի եկամտաբերություն: Եվ այդ բանակցությունները վերաբերում են բոլոր այդ հարցերին, որոնք կարող են վտանգ ստեղծել ներդրողների համար: Մենք էլ ստանձնել ենք պարտավորություն, որ ներդրողների համար ՀՀ-ում պետք է լինեն երաշխավորված խաղի կանոններ: Եվ եթե վաղը, մյուս օրը մենք փոխենք մեր օրենսդրությունը, որը կբերի ներդրողների համար միջավայրի փոփոխության և նրանց ներդրումները պետք է նվազեն, մենք պարտավոր ենք հաշվի առնել ներդրողների շահերը: Դա չի վերաբերում միայն Գազպրոմին: Դա վերաբերում է նաև ամերիկյան ընկերությանը, որը նույնպես պետք է մեծածավալ ներդրումներ անի էներգետիկայի բնագավառում, որտեղ գները մենք ենք սահմանում, թե էլեկտրաէներգիան ինչ գնով ենք առնելու: Այս խաղի կանոնները նորմալ են, և որևէ վտանգ ինքնիշխանությանը չկա: Ինքնիշխանության վտանգ կա այն դեպքում, երբ իշխանությունները չեն ստեղծում ներդրողների համար բարենպաստ միջավայր: Այ սա է վտանգում մեր ինքնիշխանությանը: Եվ ոչ թե, երբ մարդիկ գալիս, ներդրումներ են անում ու վստահ են, որ երկարաժամկետ հատվածում իրենց ներդրումներն ապահովելու են եկամտաբերության որոշակի մակարդակ: Բանավեճերի ժամանակ խեղաթյուրված է խնդրի էությունը՝ որտեղ ինչ ներդրումներ են անում մեր ռուս գործընկերները:
Երկրորդ: Եվրոբոնդերի հետ կապված խնդիրը: Սա 2013-ի կարևորագույն միջոցառումներից էր, որ ՀՀ-ն իրականացրեց: Մեր նոր, անկախ պետության կյանքում մենք գործ ունենք մի նոր երևույթի հետ. ՀՀ-ն թողարկեց 700 մլն դոլարի եվրոբոնդեր: Կուպոնային եկամտաբերությունը 6 տոկոս է, տարին երկու անգամ այդ տոկոսները պետք է վճարենք, իսկ մայր գումարը պետք է վճարենք 7 տարի հետո: Այս իրադարձությունը կարևոր է մի քանի տեսանկյունից: Տնտեսական տեսակետից սա ցույց տվեց Հայաստանի վարկունակությունը: Միջազգային ներդրողները պատրաստեն են մեր երկրին տրամադրել մինչև 3 մլրդ դոլար, քանի որ մեզ ներկայացվել էր 2 մլրդ 800 մլն դոլարի հայտ: Այդքան ցանկություն կար՝ գնելու մեր պարտատոմսերը: Մենք բավարարեցինք միայն 700 մլն-ը: Սա կարևորագույն քաղաքական ազդակ է, քանի որ հստակ ֆինանսական քարտեզի վրա մեր տեղը արձանագրվեց կոնկրետ ներդրողների համար: Նրանք այսուհետ խստագույնս հետևելու են բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներին, և դրանով է պայմանավորված լինելու տոկոսադրույքների տատանումը միջազգային շուկաներում Հայաստանի եվրոբոնդերի առումով: Դուք նույնպես կարող եք հետևել, թե ինչպիսին է ՀՀ-ի տնտեսական վիճակը՝ հաշվի առնելով, թե ինչպես են տատանվում տոկոսադրույքները համաշխարհային շուկաներում: Եթե տեսնենք, որ տնտեսական համակարգի ռիսկայնությունը բարձրանում է, բնականաբար, տոկոսադրույքները վերև կբարձրանան, եթե վիճակը կայուն է, տոկոսադրույքները կայուն կլինեն: Սա կառավարության գործողությունների նկատմամբ միջազգային ներդրողների կողմից վերահսկողության կարևորագույն գործիք է :
Երրորդ: Ինչո՞ւ մենք որոշեցինք մարել ռուսական վարկը: Առաջին հերթին, քանի որ մեր վարկային պորտֆելում դա ամենաթանկ վարկն էր՝ լիբոր + 3 տոկոս, մանավանդ որ մենք արդեն սկսել էինք մայր գումարի մարումը: Բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այս գործարքից մենք ունենալու էինք ֆինանսական եկամուտներ, ինչը և արձանագրվեց 2014թ. բյուջեում: Երբ մենք Ազգային ժողովում հանդես եկանք եզրափակիչ ելույթով, մենք ներկայացրեցինք բացատրություններ 2014թ-ի բյուջեի ճշգրտումների վերաբերյալ: Դրանք վերաբերում են արտաքին պարտքի սպասարկման գումարներին ու տոկոսավճարներին: Դրանք կտրուկ նվազեցին: Մոտակա 6 տարիների ընթացքում պետական բյուջեի սպասարկման բեռն, ի շնորհիվ այս գործարքի, նվազեց, քանի որ ենթադրվում է, որ ամբողջ գումարը մարելու ենք 7 տարի հետո, իսկ այդ 7 տարվա ընթացքում միայն այդ 6 տոկոսները տարեկան կտրվածքով պետք է մարենք, ինչը մեզ հնարավություն տվեց 10 մլրդ-ից ավել լրացուցիչ գումար խնայել 2014-2021 թթ-ին: Եթե համեմատում ենք ռուսական վարկի սպասարկումն ու եվրոբոնդերի սպասարկումը, մենք տնտեսապես ավելի ձեռնտու միջավայրում հայտնվեցինք: Իսկ մնացած վարկերը, որ կան մեր պորտֆելում, ավելի արտոնյալ տոկոսադրույքներով վարկեր են՝ հիմնականում միջազգային կազմակերպություններից՝ Ասիական զարգացման բանկից, Համաշխարհային բանկից, ՎԶԵԲ-ից: Նրանց գրանտային տարրը շատ ավելի մեծ է, քան ռուսական վարկինը:
Կենսաթոշակների վերաբերյալ: Եթե կցանկանաք, ավելի մանրամասն պատասխանեմ, քանի որ գիտեմ, որ շատերին է այն հետաքրքրում: Աշխարհի ամենաբարդ ռեֆորմը մասնագետները համարում են կենսաթոշակային ռեֆորմը: Սա պարզ բացատրություն ունի: Քանի որ ենթադրում է առնվազն 35 տարվա հաշվարկներ, առնչվում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ և առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու շահերին: Եվ միևնույն ժամանակ ենթադրվում է, որ մեխանիզմները պետք է ստեղծվեն կառավարման բոլոր օղակներում՝ սկսած հարկայինից մինչև ոստիկանություն: Բոլոր այդ ինստիտուտներում պետք է լինեն հատուկ համակարգեր, որոնք առնչվում են կենսաթոշակային բարեփոխման հետ՝ հաշվարկների, եկամուտների, տվյալների պահպանության, անվտանգության ապահովման և այլն: Դրա համար էլ այս ռեֆորմի նախապատրաստման համար մենք ծախսել ենք 10 տարի ժամանակ, Հայաստան ենք հրավիրել աշխարհի լավագույն մասնագետներին: Աշխարհի հեղինակավոր կառույցների հետ ենք համագործակցել՝ սկսած Համաշխարհային բանկից՝ ավարտած կոնկրետ պետությունների ղեկավարներով, որտեղ առկա էին կենսաթոշակային բարեփոխումներ: Մեր մասնագետները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու այդ երկրների փորձը: Եվ այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, այդ թվում նաև հրապարակային՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ: Ամենաքիչը 10 այդպիսի ժողով ես եմ անցկացրել ԶԼՄ-ների հետ, որ մեր հանրությանը առավելագույն տեղեկություն տրամադրենք: Սա բացառիկ օրենքներից է, որը մի քանի անգամ քննարկվել է հանրապետության նախագահի գլխավորությամբ, կոալիցիոն կուսակցությունների մասնակցությամբ, մինչև որ մենք այս օրենսդրական փաթեթն ուղարկեցինք Ազգային ժողովի հաստատմանը: Սա բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է 2010-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարից: Այսինքն՝ տվել ենք նաև ժամանակ, որ տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները, մեր քաղաքացիները նախապատրաստվեն օրենքի այդ կիրառությանը: Այդ աշխատանքի ընթացքում բոլոր նրբությունները հաշվի ենք առել՝ մանավանդ ունենալով այլ երկրների փորձը: Բնականաբար, ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում պատրաստվել քննությանը, նույնը տեղի ունեցավ մեզանում: Մեկ էլ մարդիկ սկսեցին հաշվել, թե 2014-ի հունվարից հետո ինչ է տեղի ունենալու իրենց եկամուտների հետ: Դա նշանակում է, որ այժմ մենք պետք է քննարկենք կենսաթոշակային ռեֆորմի բովանդակությունը: Այն խարսխված է հետևյալ կարևորագույն քաղաքական սկզբունքի վրա, որը արմատական փոփոխություն է մեր հասարակության համար: Այսուհետև ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Եթե դուք ունեք աշխատանք ու եկամուտ, դուք պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին: Սա է քաղաքական սկզբունքը: Մենք հրաժարվում ենք սերունդների համերաշխության սկզբունքից, քանի որ մեր պետությունն այլընտրանք չունի, եթե մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն թոշակի անցնելուց հետո ապահով ապրեն: Այլընտրանք չկա: Այլընտրանքը հետևյալն է: Այսօր մենք ունենք 500 հազար քաղաքացի, ովքեր վճարում են միասնական սոցիալական հարկ, և սերունդների համերաշխության սկզբունքի ներքո այդ հարկերը մենք պետք է ուղղենք այսօրվա 550 հազար թոշակառուներին, այնպիսի կենսաթոշակ վճարենք, որ նրանք իրենց ծերությունը ապահով համարեն: Այս համակարգը այդ երաշխիքը չի ստեղծում, քանի որ մեր 500 հազար հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար: Այսօր մենք վճարում ենք 33 հազար դրամ միջին թոշակ: Եթե դիտարկենք աղքատության շեմը, եթե մարդը ստանում է այդքան կենսաթոշակ, միայն կարողանում է լուծել սննդի նվազագույն պահանջարկը: Դա նշանակում է, որ երբ մարդն անցում է թոշակի, և դա է ապրելու իր միակ միջոցը, ինքն աղքատ է: Դա նշանակում է, որ ամեն թոշակի անցնողը հայտնվում է աղքատության մեջ: Սա անընդունելի տարբերակ է: Մյուս տարբերակը միասնական սոցիալական հարկը բարձրացնելն է, որը նույնպես ընդունելի չէ, քանի որ հարկային բեռի ավելացումը զսպում է տնտեսական աճը: Տնտեսական աճը զսպելը նշանակում է չունենալ հեռանկար, չկարողանալ լուծել քաղաքական խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև: Պետք է մի հանգամանք ևս ավելացնել: Այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար չէ, քանի որ հաշվի չի առնում, թե մարդն ինչ աշխատանքային կենսագրություն է ունեցել, ինչքան հարկ է վճարել աշխատանքի ընթացքում, ինչ եկամուտներ է ունեցել: Իր ապահով ծերությունը պայմանավորված է մի հանգամանքով, թե այդ պահին պետությունը ինչ ֆինանսական հնարավորություններ ունի նրան թոշակ տրամադրելու: Դա արդար համակարգ չէ: Դրա համար մենք ունենք միակ հնարավարություն՝ անցնել պարտադիր կուտակային համակարգի: Մեր պետությունն ասում է՝ սիրելի՛ երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի համար այդ սոցիալական պատասխանատվությունը, դուք պետք է ձեր եկամուտներից 5 տոկոս կուտակեք ամեն տարի, որ անցնեք ապահով, երաշխավորված կենսաթոշակի, որ 35-40 տարի հետո չառնչվեք աղքատության խնդրի հետ: Սա է մեր ռեֆորմի բովանդակությունը: Իհարկե, կան այս հարցի շուրջ քաղաքական սպեկուլյացիաներ: Կարծես թե կան գաղտնի լուծումներ՝ ինչպես այսօր կարելի է կենսաթոշակային խնդիրը լուծել: Այն ստանդարտ բանաձևերը՝ շտամպային դարձած, որ կարելի է մեկ ակնթարթում օլիգարխներից այդ գումարները վերցնել, տալ թոշակառուներին, բարձրացնել նրանց կենսաթոշակը: Հասկանալի է, որ սրանք պոպուլիստական մոտեցումներ են, և աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել այդ ճանապարհով կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել: Այն պետությունները, որոնք փորձել են հեղափոխական ճանապարհով միջամտել, հաջողության երբևիցե չեն հասել: Տրամաբանությունն, այսպիսով, շատ պարզ է: Հասկանալի է, որ նաև կա դիմադրություն: Այն չպետք է շատ սուր ընդունել, քանի որ ցանկացած բարեփոխում հանդիպում է դիմադրության: Հասարակությունն այդպիսին է, քաղաքացիական հասարակությունը՝ առավել ևս, այդպիսին պետք է լինի: Իշխանական ցանկացած գործողություն, ցանկացած պարտադրանքի գործառույթ առաջին հերթին պետք է արժանանա դիմադրության, իսկ իշխանությունները, դա հասկանալով, պետք է ավելի լավ պատրաստվեն՝ այդ պարտադրանքի գործիքը կիրառելիս: Դրա համար մենք 10 տարի ենք պատրաստվել: Սրան այլընտրանք չկա, ու սա լավագույն լուծումն է, որ այս պահին մենք ունենք: Մեր երիտասարդները բազմաթիվ հարցեր են մեր առջև դնում՝ սկսած նրանից, որ նրանք 35-40 տարվա կտրվածքով վստահություն չունեն, որը հասկանալի է, և այդ գնահատականներն են հասկանալի: Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող ենք մենք մեր քաղաքացիների մոտ երկարաժամկետ առումով ստեղծել դրական, պոզիտիվ սպասումներ այսպիսի համակարգային ռեֆորմներում: Երբ մենք քաղաքացու հնարավորություն ենք տալիս 20 տարվա հիպոթեքային վարկով այսօր բնակարան ձեռք բերել, դա նշանակում է, որ նա առնվազն 20 տարվա պլանավարում է անում իր կյանքում: Երբ ՀՀ քաղաքացուն այսօր իր կենսաթոշակային հաշվի վրա կուտակում է 5 տոկոս և ամեն օր հետևում, թե հաշիվն ինչպես է կառավարվում, ինչպես են աճում եկամուտները, դա նշանակում է, որ նա իր կյանքը 35-40 տարի պլանավորում է: Դա միջավայր է փոխում, փոխում է մեր ենթագիտակցությունը, մեր վարվելականոնները: Դա նշանակում է այսուհետև 275 հազար քաղաքացի պլանավորելու է իր կյանքը՝ առնվազն 30 տարվա կտրվածքով: Դա նշանակում է երկարաժամկետ առումով պոզիտիվ սպասումներ: Սա հեշտ փոփոխություն չէ, ցավոտ է, մենք դա գիտակցում ենք: 275 հազար հոգի հունվարի մեկից նոր կյանք է սկսելու, որովհետև մենք օրենքի ուժով պարտադրում ենք նրանց իրականացնել որոշակի գործողություններ և նրանք կրելու են նաև պատասխանատվություն իրենց որոշումների համար, քանի որ նրանք պետք է վերահսկեն կենսաթոշակային հիմնադրամներն, ընտրեն սխեմաները: Նրանք որոշում կայացնելու հնարավորություն են ստանում, դառնում են պահանջատեր, քանի որ պետությունը ամեն ամիս պարտավոր է կրկնապատկել նրանց խնայողությունները: Նրանք դառնում են խստապահանջ քաղաքացիներ, և սա նպաստում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ինչու՞ եմ ես վստահ, որ հաջողություն ենք ունենալու: Բերեմ երկու օրինակ: Սոցիալական փաթեթը ներդնելիս հիշու՞մ եք Ազգային ժողովում մեզ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում: Ասում էին՝ ավելի լավ է այդ գումարով աշխատավարձը բարձրացնեք, չենք հավատում այդ համակարգի արդյունավետությանը, ավելի լավ է 130 հազարը կանխիկ տվեք, այս ինչե՞ր եք հորինել, և այլն: Այսօր մեր հարցումները ցույց են տալիս, որ սա, ըստ մեր քաղաքացիների գնահատականի, ամենահաջողված ռեֆորմն է: Մարզերում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մի հարց են իմ առջև դնում՝ ընդլայնեք սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: Դպրոցներում ուսուցիչներն ասում են, որ միայն ուսուցիչների վրա չտարածվի, այլ նաև սպասարկող անձնակազմի վրա էլ, քանի որ սա շատ լավ ռեֆորմ է: ես համոզված եմ, որ կենսաթոշակային բարեփոխումը մեր քաղաքացիների կողմից արժանանալու է նույն գնահատականին:
«Հանրային ռադիո» ռ/կ -Պարո՛ն վարչապես, հարցս կրկին վերաբերում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: Դուք իհարկե նշեցիք, որ 10 տարի շարունակ շատ ակտիվ աշխատել եք, ամեն ինչ իդեալականին է մոտեցված: Կառավարության ենրկայացուցիչների կողմից էլ պարբերաբար ասուլիսներին շատ բարձր մակարդակով ներկայացվում է կատարված գործը, բայց ուզում եմ մի դիտարկում անել, որն ինձ անձամբ հետաքրքիր է, քանի որ 2014-ից ես ինքս էլ եմ պարտադիր կենսաթոշակային վճարումներ անելու: Կա երկու եվրոպական հիմնադրամ, որոնք արդյունքում հավաքելու են այդ ամբողջ գումարը, և այդ հիմնադրամներում մենք պահ ենք տալու մեր գումարները: Մինչ այսօր այդ հիմնադրամների կառավարիչների կողմից որևէ գնահատական, ներկայացում չի արվել, թե ինչ գործողություններ են անելու, ինչ գործառույթներով են այդ ամբողջն իրականացնելու, և այն 40 տոկոս գումարը, որ պետք է եվրոպական երկրներում ներդրվի, և այն 60 տոկոս գումարը, որ պետք է ՀՀ-ի տնտեսության մեջ ներդրվի, մենք մինչև այսօր տեղեկություն չունենք: Այդ մասով կարծում եմ, որ առանձնապես բաց և թափանցիկ չի արված գործը: Կցանկանայի ձեր տեսակետն ու մեկնաբանությունը լսել:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խաղի կանոնները հենց կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, այսինքն՝ Ձեր հարցերի պատասխանները մեր օրենքները տալիս են: Այդ խաղի կանոնները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին: Նպատակը հետևյալն է՝ ապահովել Ձեր խնայողությունների հուսալիությունը, և այդ հուսալիության չափանիշներն ու կանոնները օրենքով են ամրագրվում: Այն երկու առաջնակարգ ընկերությունները, որոնք այսօր արտոնագրեր են ստացել Կենտրոնական բանկի կողմից, համապատասխանում են այդ չափանիշներին և այդ չափանիշներով աշխատելուն: Առաջին և ֆունդամենտալ խնդիրը Ձեզ համար լուծված է: Դուք գիտեք այդ խաղի կանոնները, որոնցով այդ հիմնադրամները աշխատելու են: Երկրորդ մասով ես Ձեզ հետ համաձայն եմ, ես կխնդրեմ ԿԲ մեր գերծընկերներին, որ մանրամասն տեղեկություններ տան այդ երկու ընկերությունների մասին, կառավարիչների մասին, որ դուք տեսնեք, որպեսզի նրանց հետ շփվեք, բայց ամենակարևորը ոչ թե կառավարիչներն են, այլ այն, որ այդ երկու ընկերությունները ունեն բարձր վարկանիշ, այսինքն՝ նրանց ռիսկայնության աստիճանը չափազանց ցածր է: Հավանականությունը, որ դուք ձեր խնայողությունները կկորցնեք, չափազանց ցածր է: Եթե վերցնենք վերջին 50 տարիների կենսաթոշակային հիմնադրամների աշխատանքների պատմությունը, կտեսնենք, որ հավանականությունը, որ այդ հիմնադրամներն իրենց միջոցները կկորցնեն, մոտ է զրոյի, իսկ որպեսզի հանրությանն ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրվի կոնկրետ երկու ընկերությունների մասին, ես կխնդրեմ ԿԲ գործընկերներին, որպեսզի զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը լինի: Ներդրումները ինչպե՞ս են իրականացվելու` սահմանված է օրենքով: Այդ ներդրումները պետք է գնան միայն դեպի հուսալի աղբյուրներ, այսինքն՝ այդ ընկերություններին արգելվում է ռիսկային գործառույթներ իրականացնել: ԿԲ-ի վրա դրված է պարտականություն, որպեսզի ԿԲ-ն սահմանի բենչմարտներ այդ կառավարիչների համար, թե ինչպես են նրանք կառավարելու, ինչ գործիքներում են կարողանալու ներդնել, որպեսզի այդ միջոցները մի կողմից լինեն հուսալի, մյուս կողմից ապահովեն որոշակի եկամտաբերություն մեր քաղաքացիների համար: Եվ այդ խաղի կանոնները մի կողմից սահմանված են օրենքով, մյուս կողմից որոշակի լիազորություններ տրված են ԿԲ-ին, որովհետև ԿԲ-ն ակտիվների կառավարիչների համար այդպիսի կարողություն ունի` սահմանել նման չափանիշներ, որոնք էապես նվազեցնում են ռիսկերը: Որ այդ ֆինանսական միջոցները կարող են փոշիանալ կամ կորչել, նույնիսկ այդ պարագայում մեր օրենսդրությունը շատ խստապահանջ է, որովհետև այդ ռիսկերի դրսևորման պարագայում էլ պետությունն այդ ռիսկերը ծածկելու է:
«Ժողովուրդ» օրաթերթ - Շնորհակալություն, պարոն վարչապետ ես կուզենայի իմանալ ռուսական գործընկերների հետ Ձեր բանակցությունները ի՞նչ ավարտ են ունեցել՝ կապված առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հնարավորության հետ: Հայտնի է, որ կարագը, ձեթը, շաքարավազը, թռչնամիսը առաջիկայում թանկանալու են, ի՞նչ արդյունքներ ունենք, և երկրորդը՝ Դուք կարծես թե հպանցիկ շրջանցեցիք այն հարցը, թե ի՞նչ եք անելու Սերժ Սարգսյանի հրահանգը չկատարելու մասով և Ձմեռ պապից շատ սպասված այս հարցը՝ արդյոք տալու եք հրաժարական, թե՞ ոչ:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Հրահանգ ասելով նկատի ունեք 7 տոկոսանոց աճը, որ դրված է մեր կառավարության առջև: Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, և բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր բանակցություններին արդեն Մաքսային միության բանակցությունների շրջանակներում, քանի որ մաքսատուրքերի խնդիր գոյություն ունի, և իսկապես այդ խնդիրն առնչվելու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների հետ, որոնք Դուք նշեցիք՝ կարագ, ձեթ, շաքարավազ և այլն: Մոտավորապես այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք զգայուն: Եվ եթե դուք ծանոթանաք ճանապարհային քարտեզի հետ, որը հաստատված է արդեն մեր նախագահների կողմից, կտեսնեք, որ այդ ճանապարհային քարտեզում մատնանշված է միջոցառում, որ մենք պետք է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Եվրասիական հանձնաժողովի հետ ավարտենք բանակցությունները այդ զգայուն ապրանքատեսակների շուրջ և գանք համաձայնության, թե ինչ ռեժիմներ ենք սահմանում: Կա մի քանի տարբերակ. ենթադրվում է, որ մենք մայիս ամսին պատրաստ ունենանք Մաքսային միության անդամակցության պայմանագիրը: Այդ պայմանագիրն ունենալու է հավելվածներ, որտեղ նկարագրված են լինելու անցումային դրույթները, այդ թվում նաև հստակ պատասխաններ են տրվելու զգայուն ապրանքատեսակների վերաբերյալ, թե ինչ մոտեցումներ ենք որդեգրելու: Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ ասենք մի քանի տարիների ընթացքում կիրառվելու են հին դրույքաչափերը, որոնք ապագայում սահուն ձևով բարձրացվելու են: Կարող են առաջարկվել այլ լուծումներ: Միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ ասել, որ իրականում մեր երկրի տնտեսության վրա, մեր քաղաքացիների վրա սակագների բարձրացումից որևէ ազդեցություն միանշանակ չի լինելու, որովհետև որոշ ապրանքնատեսակների մաքսային սակագների բարձրացումը կարող է խթանել ազգային արտադրության աճը՝ օրինակ՝ մսամթերքի, հավի մսի, խոզի մսի ներմուծումը: Դուք գիտեք, որ Մաքսային միությունը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է իրականացրել իր ներքին շուկան պաշտպանելու, և այդ ապրանքների մաքսային տուրքերը վրա բավական բարձր են: Դա նշանակում է, որ շատ ավելի ձեռնտու կլինի Հայաստանում ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, նույն տավարի մսի արտադրության մեջ, որի գներն այսօր բավական ցածր են: Այդ ոլորտի բիզնեսմենները բողոքում են, որ այդ միսը մրցունակ չէ էժան մսի հետ, որ ներմուծվում է Հնդկաստանից: Այդ առումով նաև այս միջավայրը չի խթանում, որ նոր ներդրումներ լինեն տավարաբուծության, խոզաբուծության բնագավառում: Իսկ մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է, որ մեր արտադրողները պաշտպանված կլինեն էժան ապրանքների ներմուծումից և այդտեղ ձեռնտու կլինի նոր ներդրումներ անել, մեր տեղական արտադրանքի ծավալները կարող են աճել: Իհարկե, դա դրական կողմն է, իսկ բացասական կողմն այն է, որ մաքսատուրքերի բարձրացումը ենթադրում է, որ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ, դրանք նուրբ խնդիրներ են, որ մենք պետք է հունվար-փետրվար ամիսներին բանակցությունների շնորհիվ գանք եզրակացման և ներկայացնենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե ինչ լուծումներ են հնարավոր:
«Panorama.am» լ/կ - Պարոն վարչապետ, անկեղծ ասած, ես երկու հարց էի նախապատրաստել, հուսով էի կհնչեն ու ես հարց չեմ տա, բայց իրականում հարցերը շատացան և լրացուցիչ պարզաբանումների կարիք կա: Գործընկերներիս թույլտվությամբ, եթե կարելի է, արագ մի քանի հարց: Դուք խոսեցիք, որ Հայաստանի պարագայում առաջարկվել է Կալինինգրադի մարզի գործիքակազմը, բայց մի հանգամանքի հետ կապված կարծես թե լռեցիք . երաշխիքներ կա՞ն, որ Վրաստանը կլինի այնպիսի գործընկեր, ինչպիսին Լիտվան է, և երկրորդ՝ ինչպես է կիսվելու մաքսային տորթը՝ առանց Հայաստանի արտաքին մաքսային սահմանի վրա գոյացող եկամուտների, բաժանումը ներկայումս տեղի է ունենում 4-7-89 տոկոս հարաբերակցությամբ, Հայաստանը մոտավորապես ի՞նչ ակնկալիք ունի այս բաժնում: Սա երկրորդ, և երրորդ՝ կուտակայինի հետ կապված. պարոն վարչապետ, Դուք խոսեցիք, բայց մենք ունենք հսկայական զանգված, այդ թվում նաև երիտասարդ անձանց՝ հիմնականում գյուղաբնակ, ովքեր ինքնազբաղ են և ըստ էության չի նշմարվում, թե ներդրվող կուտակային համակարգից ինչպես պետք է օգտվեն, եթե կան լուծումներ այդ մասին, խնդրում եմ: Եվ վերջում՝ ամենակարևորը, խոսենք մենք գազային թեմայից, թե ֆինանսաբանկային հատվածից, գալիս հանգում ենք մի խնդրի՝ թափանցիկ կորպորատիվ կառավարման: Իրականում Հայաստանում այսօր ոչ ոք չգիտի այս կորպորացիաների ղեկավար անձնակազմը՝ թոփ մենեջմենթը որքա՞ն է վաստակում, որքա՞ն բոնուսներ է ստանում: Եթե իմանայինք, գուցե մի քիչ լավատես լինեինք: Այս առումով ի՞նչ եք մտադիր անել: Ես գիտեմ, որ ԿԲ-ը պարզապես օրենքով նախատեսված պարտավորություն ունի հրապարակելու մասնավոր հատվածում բանկերի ղեկավար անձնակազմի աշխատավարձը. երբևէ չեմ տեսել նման ինֆորմացիա, շնորհակալություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Սկսեմ վերջին հարցից: Բացառվում է, որ Դուք երբևէ տեսած չլինեք, եթե ունեցել եք այդ ցանկությունը, որովհետև ամեն տարի ԱԺ-ում, երբ ԿԲ-ն պետական բյուջեի քննարկումների շրջանակներում ներկայացնում է եկամուտների և ծախսերի նախահաշիվը, դա ամենաբուռն քննարկման առարկան է եղել: Ես ևս 10 տարի ներկայացրել եմ ԿԲ-ի եկամուտներն ու ծախսերը, և դա եղել է թիվ մեկ հարց: Մենք ամեն տարի ԱԺ-ին ներկայացնում ենք տեղեկանք, թե միջին բանկային համակարգի աշխատավարձերի մակարդակն ինչպիսին է, որպեսզի ԿԲ-ի աշխատավարձը համապատասխանի միջին բանկային ցուցանիշին, և դա օրենսդրությամբ սահմանված նորմ է: Մեր պատգամավորները միշտ էլ խստապահանջ են այդ նորմի նկատմամբ: ԿԲ-ն, մի կողմից, ներկայացնում է տեղեկանք, թե միջին աշխատավարձն ինչպիսին է բանկային համակարգում, մյուս կողմից` ներկայացնում է տեղեկանք, թե այն բյուջեի նախագծով, որ ներկայացնում է, թե ինչպիսին է լինելու միջին աշխատավարձը ԿԲ-ում. այդ նորմը սահմանվել է նրա համար, որպեսզի ԿԲ-ն մրցունակ լինի աշխատուժի շուկայում և կարողանա որակյալ մասնագետներ ունենալ, և այդ նորմը պահպանվում է, ոչ մի գաղտնիք չկա: Կորպորատիվ կառավարման վերաբերյալ. որպեսզի մասնավոր ընկերությունները հրապարակեն, թե իրենց մենեջմենթն ինչքան աշխատավարձ է ստանում, մտածում եմ, որ գուցե մեր հանրության մի փոքր զանգվածի հետաքրքրում է, բայց ոչ հիմնական զանգվածին: Նրանց հետաքրքրում է, թե բարձրաստիճան անձինք ինչքան են ստանում, ոչ թե մասնավոր հատվածն ինչքան է ստանում: Դրա համար կարծում եմ ճիշտ կլինի մենք կենտրոնանանք աշխատավարձերի ռեֆորմի վրա, որ 2013-ին մենք իրականացրինք և երկար սպասված ռեֆորմ էր սա: Առաջին անգամ օրենսդրորեն ամրապնդեցինք հիմնական նորմերը, թե իշխանության տարբեր թևեր ինչ հարաբերակցության մեջ պետք է գտնվեն աշխատավարձերի սանդղակի ներքո, տարբեր պաշտոնատար անձինք այդ սանդղակում ինչ տեղ պետք է գրավեն: Այսուհետև այդ քաղաքական որոշումը կայացվել է, մոտակա 10 տարիների ընթացքում աշխատավարձերի բնագավառում լինելու է ընկալելի քաղաքականություն: Սա շատ ավելի կարևոր հանգամանք է եկամուտների ծրագրման և վերահսկողության ապահովման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Կալինինգրադին. ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ Դուք օգտագործեցիք, որ մեզ առաջարկվել է Կալինինգրադի գործիքը. ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ մենք ուսումնասիրել ենք Կալինինգրադի փորձը, դա այլ բան է, որովհետև Հայաստանի համար առաջարկվող մեխանիզմը դեռևս քննարկվում է, և մենք կարծում ենք,որ կլինի այնպիսի մեխանիզմ, որը հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլինի մեզ համար ավելի բարենպաստ: Տրանզիտային սխեմա է մշակվում, որը ենթադրում է, որ Վրաստանը դիտարկելու է այդ ապրանքը որպես տրանզիտային ապրանք, և տրանզիտային ռեժիմով է ապրանքը հատելու Վրաստանի սահմանը: Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանում մաքսավորն ամբողջությամբ ընդունելու է Հայաստանի մաքսավորի կողմից դրված կնիքը և ապրանքը, որ հայտվելու է Հայաստանի մաքսավորի կնիքով Ռուսաստանի մաքսավորի մոտ, զննման ենթակա չէ և ավտոմատ մտնելու է մաքսային միասնական տարածք: Եվ այս ամենն իրականացվելու է միջազգային պայմանագրերի շրջանակներում, և այդ տրանզիտի սխեմաները մենք մտադիր ենք առավելագույնս պարզեցնել և փառք Աստծո, որ որևիցե խնդիր չունենք մեր վրացի գործընկերների հետ, մաքսային կանոնները խստագույն պահպանվելու են:
Երկրորդ հարցը, որը միգուցե շատերին կհետաքրքրի, տորթի մասին: Նկատի ունենալով, որ Մաքսային միության երկրները մաքսատուրքերը գանձում են սահմանի վրա, բայց այդ մաքսատուրքերը պարտադիր չեն, որ վերաբերեն կոնկրետ այդ երկրին, բայց քանի որ միասնական տարածք է և ենթադրենք ռուսական որևիցե մի ձեռնարկություն Իրանից ապրանք է տեղափոխում Ռուսաստան, եթե այդ ապրանքը մաքսազերծվում է Մեղրիում, մեր մաքսակետում, այդ գումարը հայտնվում է միասնական կաթսայի մեջ: Հետագայում այդ միասնական կաթսայից որոշակի բանաձևով որոշվում է, թե այդ կաթսայում հավաքված գումարի որ մասն է հայտնվելու Հայաստանի պետական բյուջեում, որ մասը՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի: Տրամաբանությունը, որով այսօր ղեկավարվում են Մաքսային միության ղեկավարները, հետևյալն է: Հիմք է ընդունվում 2007-2008 թթ.վիճակագրությունը, թե այդ պետություններն ինչքան ապրանքներ են ներկրել երրորդ երկրներից: Այդ վիճակագրությունը միասնական մեթոդաբանությամբ գոյություն ունի, և մենք հստակ գիտենք, թե ինչ ծավալի ապրանք են ներմուծել Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Հայաստանը: Երկրորդ ցուցանիշը հետևյալն է՝ այդ ապրանքների գծով 2008 թվականին ինչքան մաքսատուրք են վճարել տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բյուջե: Այս թվերի հիման վրա որոշվում է բոլոր երկրների տեսակարար կշիռն այդ միասնական կաթսայի մեջ: Եվ այդ տեսակարար կշռով էլ հետագայում այդ կասթայից գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե:
Ձեր հաջորդ հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային ռեֆորմին ու մասնավորապես՝ ինքնազբաղվածներին: Այստեղ մենք շատ պարզ բանաձև ենք կիրառում. նրանց վճարումները հաստատագրված սկզբունքով են իրականացվելու, և նրանց խնայողությունների կրկնապատկումը պետության կողմից նույնպես հաստատագրված սկզբունքով է կատարվելու, որպեսզի մենք խուսափենք ավելորդ ռիսկերից, որոնք կարող են ավելանալ ինքնազբաղվածների մոտ: Մասնավորապես՝ որպեսզի չծանրաբեռնենք հաշվետվություններով, դրանց ստուգումներով և այլն: Եվ ինքնազբաղվածները, եթե կցանկանան ավելին կուտակել, քան օրենքով սահմանված հաստատագրված վճարներն են, կարող են օգտվել կենսաթոշակային համակարգի երրորդ՝ կամավոր բաղադրիչից: Այստեղ կարող են ավելի շատ գումարներ կուտակել:
«Մեդիամաքս» -Պարոն վարչապետ, ուզում եմ երկու հարց ուղղել Ձեզ։ Առաջինը գազի գնի վերաբերյալ։ Ասացիք, որ սահմանի վրա 189 դոլար է, համամիտ եմ, որ դա իսկապես լավ, մատչելի գին է։ Բայց չխոսեցիք այն մասին, որ մենք՝ վերջնական սպառողներս, այդ գազը ստանում ենք 156 դրամով և եթե բազմապատկում ես 1000 խորանարդ մետրով, ապա ստացվում է, որ մենք այն գնում ենք մոտավորապես 390 դոլարով, որը համահունչ է այն գներին, որոնք կան բազմաթիվ եվրոպական և այլ երկրներում։ Այսինքն՝ իրականում մեզ համար դա այնքան էլ էժան չէ։ Կա՞ արդյոք մտադրություն վերանայել այդ գները, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եվ երկրորդ հարցս, որը նաև առնչվում է օլիգարխներին և այդտեղ մատնանշած խնդիրներին. կա Փակ շուկայի խնդիրը, այսինքն շատերը կարծում են, որ այդ խնդիրը փակ է, մենք շատ երկար ժամանակ հետևել ենք այդ խնդրի հանգուցալուծմանը, և արձանագրել ենք, որ բազմաթիվ պաշտոնյաներ ընդունել են, որ պետությունն անզոր է այս հարցում, ընդունել են իրենց մեղքը, նշել են, որ այն ինչ որ արվում է, սխալ է, որովհետև, փաստորեն Փակ շուկան գտնվում էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Աղճատված տեսքով այն այժմ արդեն որպես խանութ է գործում։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը լսել այս խնդրի վերաբերյալ և նաև հասկանալ` ինչո՞ւ այդ պաշտոնյաներից որևէ մեկը, ով նաև ընդունել է սեփական անզորությունը, պատասխանատվություն չի կրել այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել։ Շնորհակալություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյան -Համաձայն եմ Ձեզ հետ, որ աղճատված էին պետական գործառույթները այդ առումով։ Ես ինքս դժգոհ եմ պետական կառավարման մարմինների աշխատանքից, նրանց աշխատանքը հստակ չէր, հանրությանը մտահոգող հարցերին հստակ պատասխաններ չէին տրվում, գործառույթներն իրականացվում էին ժամանակի ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ պետական գերատեսչության կողմից խնդիրը բարդել մեկ այլ գերատեսչության վրա, և, համաձայն եմ Ձեզ հետ, որ այստեղ մենք ունենք բացեր։ Դասեր պետք է քաղենք նաև օրենսդրական կարգավորման մի մեծ փաթեթ ենք պատրաստել։ Այդ փաթեթը քննարկվել է ինձ մոտ։ Խոսքը վերաբերում է կառուցապատման կանոններին, պատասխանատվության հստակեցմանը, խստացումներին, որպեսզի մենք կարողանանք պահպանել Երևանի փոքր կենտրոնի ճարտարապետական դեմքը և այն մշակութային ժառանգությունը, որ ունենք։ Շուտով մենք այդ փաթեթը կներկայացնենք հանրության դատին և կսկսենք հրապարակային քննարկում, որ ապագայում նման դեպքեր չունենանք։
Անդրադառնալով առաջին հարցին. սահմանի վրա մենք գազը ձեռք ենք բերում 189 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, ՀՀ սպառողին այն հասնում է 310 դոլարով։ Միջինացված գինը դա է, որովհետև քաղաքացիները ստանում են Ձեր նշած գումարով, բայց տնտեսավարող սուբյեկտները ստանում են ավելի էժան։ Այսինքն, քաղաքացիների վրա դա նստում 340, տնտեսավարող սուբյեկտների վրա՝ 270։ Միջինացվածը 310 դոլարն է։ Համաձայն եմ Ձեզ հետ, որ 310 դոլարն էլ բավականին բարձր գին է գազի համար։ Դրա կառուցվածքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է և՛ հանրությանը և՛խորհրդարանում մի քանի անգամ լսումների ժամանակ։ Այդ տարբերությունն առաջին հերթին ներառում է «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 60 դոլար։ Երկրորդը կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 11 դոլար, երրորդ բաղադրիչը ավելացված արժեքի հարկն է, որը կազմում է 50 դոլար, և սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը։ Գաղտնիքը, որը կարող է մեզ օգնել նվազեցնել գազի գինը այն է, որ գազի սպառման ծավալները եթե ավելանան, բնականաբար այդ ծախսերի տեսակարար կշիռը էապես կնվազի և գազի գինը սպառողների համար կարող է նվազել։ Դրա համար, եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես «Նաիրիտի» գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ սոցիալապես խոցելի խավերի համար մենք սուբսիդավորել ենք գազի գինը, որպեսզի գազը նրանց ընտանեկան բյուջեների վրա լրացուցիչ ծախս չլինի: Մենք ունենք նաև հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այս ծրագիրը շարունակելու ենք և 2014 թվականին, որպեսզի գազի թանկացումը սոցիալապես խոցելի խավերի վրա բացասաբար չանդրադառնա։
«Ա1+» լ/գ - Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կուզենայի իմանալ, արդյոք ռուսական կողմի հետ քննարկել եք «գույք պարտքի դիմաց» նրանց հանձնված օբյեկտները գործարկելու հարցը, և երբ Դուք խոսում եք 150 հազար դրամանոց աշխատավարձերի մասին, արդյոք այդ օբյեկտները ներառված են դրա մեջ։ Դուք հույս ունե՞ք, որ դրանք կաշխատեն և կապահովեն 150 հազար դրամանոց աշխատատեղեր։
Վարչապետ Տիգրան Սարգսյան -Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ Մերգելյանի ինստիտուտի և «Մարս» արտադրական միավորման ճակատագրերին։ Այս հարցը մշտապես գտնվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Խնդիրն այն է, որ մենք մեր ռուս գործընկերների հետ մշակեցինք մի հայեցակարգ, որը նաև իրացրեցինք, այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորել ազատ տնտեսական գոտի։ Օրենսդրությունն ամբողջությամբ ընդունել ենք, և 2013 թվականին ընտրել ենք օպերատորին և ազատ տնտեսական գոտին գործարկել ենք։ Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, որը ենթադրում է, որ ազատ տնտեսական գոտում մենք արտադրելու ենք հայկական այֆոններ, հայկական պլանշետներ, այփադներ, և կկարողանանք բավարարել մեր խստապահանջ քաղաքացիների պահանջը այդ ապրանքների նկատմամբ և սա էլ, կարծում եմ, այդ ոլորտի լուրջ ձեռքբերումներից է 2013 թվականին։ Ես մատնանշեցի կոնկրետ այն օբյեկտները, որոնց ես առնչվել եմ միջռուսական հարաբերությունների շրջանակներում։ Սրանք են այն հարցերը, որոնք եղել են օրակարգային հարցեր։
«Բլումբերգ» - Պարոն վարչապետ, մի քանի օր առաջ դուք նշեցիք, որ Թուրքիան միակողմանի որոշում է ընդունել ջրամբարներ կառուցելու և որ դա ըստ փորձագետների լրջագույն խնդիրներ է առաջացնելու Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների համար։ Դուք կարո՞ղ եք մատնանշել, ի՞նչ է նշանակում «լրջագույն խնդիրներ»։ Օրինակ, ջրային ռեսուրսների այն մասը, որ ձևավորվում են Թուրքիայի տարածքում, այլևս Հայաստան չի գալու, ի՞նչ ծավալի մասին է խոսքը և արդյո՞ք իրավական առումով ինչ-որ լուծում հնարավոր է գտնել այդ միակողմանի որոշման դեմ կամ գուցե այդ որոշումը մեղմելու կամ երկկողմանի արդյունավետ դարձնելու համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Համապատասխան հանձնարարական տրվել է Արտաքին գործերի նախարարությանը այն պահից, երբ մենք ստացանք տեղեկություն, որ Թուրքիայի կառավարությունն ընդունել է այդպիսի որոշում և ֆինանսական միջոցներ է հատկացրել ջրամբարների կառուցման համար, որոնք հիմնականում կառուցվում են այն գետերի վրա, որոնք սնուցում են այն ջրային պաշարները, որոնք գտնվում են Արարատյան դաշտավայրում և որոնց օգտագործման վերաբերյալ կան միջազգային պայմանագրեր և համատեղ շահագործման կանոններ։ Այդ ջրամբարների կառուցումն էապես նվազեցնելու է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները: Մասնագետների գնահատականով դա մոտավորապես մինչև 50 տոկոս կարող է նվազեցնել մեր ջրային պաշարները։ Մեր մասնագետները, իրավաբանները, այսօր ուսումնասիրում են այդ խնդիրը, թե իրավական ի՞նչ կարգավորման եղանակով մենք պետք է առաջնորդվենք։ Սա մի ուղղություն է, խնդիրը հստակ ձևակերպված է, մենք ունենք տաղանդավոր երիտասարդ մասնագետներ, որոնք ստացել են փայլուն կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում և հիմա հենց այն պահն է, որ իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն այս կարևորագույն խնդրի լուծմանը։ Եվ նրանք պատրաստում են զեկույցներ, համադրում են միջազգային իրավունքի նորմերը, և կմշակեն առաջարկություններ արտաքին գործերի նախարարության համար։ Երկրորդ խնդիրը վերաբերում է մեզ, որովհետև մենք նույնպես անխնամ ենք վերաբերվում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին, մասնավորապես խոսքը խորքային հորերի շահագործման մասին է։ Հիշում եք, որ 2013 թվականին մի մեծ խորհրդակցություն տեղի ունեցավ հանրապետության նախագահի մոտ, ոլորտի գիտակները, ինստիտուտի ղեկավարները ներկայացրել էին մի վերլուծական նյութ, որը ցույց էր տալիս, որ այստեղ անհրաժեշտ է պետության անհապաղ միջամտությունը, որպեսզի մենք կարգավորենք այդ դաշտը և թույլ չտանք այդ խորքային ջրային հորերի անարդյունավետ օգտագործումը։ Դեռևս տարիներ առաջ 2004-2006 թվականներին օրենքով ձկնաբուծության ոլորտի ձեռնարկություններին տրվել էր մեծ արտոնություն. ջրօգտագործման վճարների համար սահմանվել էր, որ նրանք պետք է վճարեն բնօգտագործման վճարի միայն 5 տոկոսը, այն դեպքում, երբ արդյունաբերական ձեռնարկությունները վճարում էին 50 տոկոսը։ Եվ հաշվի առնելով, որ հիմնականում այդ խորքային հորերի ջրերը օգտագործում են ձկնաբուծարանները, որոշում կայացվեց, որ այլևս այդ արտոնությունը պետք է վերացվի։
Եվ մենք նրանց հավասարեցրինք արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Նրանք պետք է վճարեն բնօգտագործման պարտադիր վճարի 50 տոկոսը։ Մի կողմից դա նպաստելու է, որ ջուրը շատ արդյունավետ օգտագործվի, մյուս կողմից պետությունը կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ուղղելու ենք արդեն անօրինական ջրային հորերի փակմանը և վերացմանը։ Մենք նպատակ ունենք փակելու այդ խորքային հորերի 50 տոկոսը, քանի որ մոտավորապես հենց այդքան են գնահատվում անօրինական գործող հորերը, և ամեն մի հորի վրա շուրջ 2-3 միլիոն դրամի ծախս պետք է կատարվի, որպեսզի կարողանանք այդ հորերը դուրս բերել շրջանառությունից և ջրի կորուստներ չունենանք։ Եվ դրանով իսկ մենք ուզում ենք կարգավորել նաև ջրային պաշարները Արարատյան դաշտավայրում, որոնք այսօր վտանգված են։
«Արմենիա» հ/ը - Պարոն վարչապետ, դուք լավատեսության կոչ արեցիք։ Կառաջարկեի նշեիք այդ լավատեսության հիմքերը և մասնավորապես ինչպես կբնութագրեք երկրի տնտեսական վիճակը, և որն է տնտեսական տարվա գլխավոր ձեռքբերումը և բացթողումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Սա ծավալուն հարց է, կարծում եմ։ Բացթողումների, թերությունների մասին, կարծում եմ տեղեկատվության պակաս չի եղել և առաջին հերթին շնորհիվ խստապահանջ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ցանկացած բացթողում, թերացում դարձնում են հրապարակային քննարկման առարկա։ Դրա համար ես կփորձեմ անդրադառնալ այն ձեռքբերումներին, որոնք իրականում 2013թ. եղել են։ Առաջինը արդյունաբերության ոլորտում տնտեսական աճի ցուկցանիշն է։ 7.1 տոկոս տնտեսական աճը արդյունաբերության ոլորտում հուսադրող ցուցանիշ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում այն կայուն միտում ունի։ Երկրորդ կարևոր ցուցանիշը գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող աճն է՝ 6.1 տոկոս։ Դա նույնպես լավ ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 15 հազ. հեկտար հողեր լրացուցիչ մշակման առարկա դարձան հենց 2013 թ, անասնապահության բնագավառում 7տոկոսանոց անասնագլխաքանակի աճ ենք արձանագրել: Չափազանց կարևոր է, որ սերմնաբուծության բնագավառի մեր ծրագրերը տալիս են դրական արդյունք։ 2012 թ. մեկ հեկտարից 26 ցենտներ բերք էինք հավաքում, որ լավ ցուցանիշ է ՀՀ-ի համար, որովհետև նախորդ տարիներին 10-15 ցենտներ էինք հավաքում մեկ հեկտարից, 2012-ին այդ ցուցանիշը հասավ 26 –ի, 2013 –ին՝ 30-ի, որովհետև մենք կարողացանք ներմուծել ժամանակակից սերմեր և կարողացանք սերմնաբուծության ոլորտում արմատական փոփոխություններ կատարել, որը, կարծում եմ, լուրջ նվաճում է։ ՏՏ ոլորտում նույնպես արձանագրվել է աճի բարձր ցուցանիշ, որը նույնպես շարունակական է և սա նույնպես համարում եմ լրջագույն ձեռքբերում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2013 թվականին Այբիէմը մուտք գործեց Հայաստան, մենք նրա հետ ստորագրեցինք հուշագիր, Օրակլը մուտք գործեց Հայաստան, Դե լինկը սկսեց շինարարական աշխատանքները Գյումրիում: Այս ամենը վկայում է, որ ՏՏ բնագավառում առաջընթացը մոտակա տարիներին շարունակվելու է։ Կարևոր է, որ մենք եկանք համաձայնության մասնավոր հատվածի հետ և ստորագրեցինք հուշագրեր պետություն-մասնավոր հատված պլատֆորմով, նոր ծրագրեր, որոնք վերաբերում են թեթև արդյունաբերությանը, կոշկագործությանը : Դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում այդ ոլորտում նոր ներդրումների համար, մանավանդ որ մենք մեզ համար այսուհետև ունենալու ենք մի մեծ շուկա Մաքսային միության առումով։ Կարևոր է, որ ՋիԷսՓի պլյուսը (17.48) ևս մեկ անգամ Եվրամիությունը հաստատեց։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, արտադրողները կարող են իրենց ապրանքը առանց մաքսատուրքի արտահանել Եվրամիության շուկա։ Մաքսատուրքերը նվազեցված են կամ զրոյացված են։ Դա միևնույն ժամանակ Մաքսային միությունում մեր հարաբերական առավելությունն է լինելու, քանի որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարել և այստեղից ապրանքները արտահանել Եվրոպական միություն։ Եվ Ալռոսայի խնդիրը, որի վեճը դատարանում մենք շահել ենք, քանի որ հակադեմպինգային միջոցառումներ էին իրականացվում մեր ձեռնարկության նկատմամբ և այն չէր կարողանում ալյումինից պատրաստված ֆոլգան վաճառել եվրոպական շուկայում։ Մենք հուսով ենք, որ հունվարի տասնհինգին դատարանի որոշումը կմտնի ուժի մեջ, և եվրոպական հանձնաժողովը, որը կիրառում էր հակադեմպինգային միջոցառումներ, կվերացնի դրանք և մեզ համար կբացվի նոր շուկա, իսկ դա նշանակում է լրացուցիչ լուրջ ներդրումներ այդ բնագավառում։ Տուրիզմի բնագավառում տասներկուսուկես տոկոսանոց աճը նույնպես հուսադրող է, ավիափոխադրումների ազատականացումը, կարծում եմ, 2013թ.-ի կարևորագույն միջոցառումներից էր, մենք արդեն արձանագրում ենք ավիատոմսերի գների նվազում, իսկ 2014 թվականին այդ միտումները շարունակվելու են և խորանալու են։ Ձեռքբերումներից մեկը եվրոբոնդերի թողարկումն էր, որը ես նշեցի, քանի որ դա հնարավորություն է ստեղծում մասնավոր ընկերությունների համար ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել միջազգային շուկաներից, և դա նշանակում է, որ տոկոսադրույքների նվազում տեղի կունենա մեր շուկաներում, ինչը կնպաստի, որ տնտեսությունն ավելի էժան կարող է ստանալ վարկային միջոցներ։
GMP ստանդարտի ներդրումը դեղագործության բնագավառում 2013 թվականի կարևորագույն նվաճումներից է։ Դա նշանակում է, որ դեղ արտադրող ձեռնարկությունը, որը 38 տոկոսով դեղագործության արտահանման մեջ ունի ուրույն տեսակարար կշիռ և դա նշանակում է նոր շուկաներ դեղագործների համար և մենք ուրախ ենք, որ արդեն ևս երեք ընկերություններ պատրաստ են հայտեր ներկայացնելու այդ միջազգային ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատը ստանալու համար: Առաջին անգամ մեր ներդրումային հիմնադրամը իրականացրեց լայնածավալ գործառույթներ` տրամադրելով սուբսիդիաներ, էժան վարկեր, ֆինանսավորելով մասնավոր հատվածի մասնակցությունը բազմաթիվ միջազգային ֆորումներում, որպեսզի մեր ապրանքները և ծառայությունները ներկայացված լինեն տարբեր կոնֆերանսների, բիզնես- ֆորումների ժամանակ, որպեսզի հնարավորություն ստեղծվի մեր արտահանողներին` իրենց ապրանքներն արտահանելու, և ես կարծում եմ, որ սա նույնպես կարևոր ձեռքբերում է:
Եթե անդրադառնանք սոցիալական ոլորտին, ապա այդտեղ մենք մի քանի նոր ծրագրեր ենք ներդրել, որոնք իրենց արդյունքները տալու են։ Առաջին հերթին ես նշեցի, որ անապահով խավերի ընտանիքների երեխաները կարող են անվճար սովորել բուհերում, քոլեջներում, և մենք հարյուր տոկոսով երաշխավորելու ենք, որ նրանք կարող են ստանալ կրթություն և ֆինանսական միջոցների բացակայությունը նրանց համար խոչընդոտ չի լինելու։ Միայն 2013 թվականին 71 նախակրթարաններշահագործման հանձնվեցին և դա նշանակում է, որ 210 համայքներում նախադպրոցարանները սպասարկում են շուրջ 7 հազար երեխայի։ Եվ սա պահանջված ծառայություն է։ Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել և բարձրացնել կենսաթոշակների մակարդակը։ Դա նշանակում է, որ շուրջ հիսուն հազար ընտանիք կկարողանա դուրս գալ ծայրահեղ աղքատության շեմից։ Իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է: Այսպիսով, 2014-ի համար մենք ստեղծել ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի աղքատության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում նվազի։
Ինչպիսի այլ նվաճումներ ունենք։ Եթե ոլորտային նվաճումներին անդրադառնանք, կարող ենք նշել, որ գիտության ոլորտում այն ծրագիրը, որը մենք ձեզ հետ միասին ներկայացնում ենք հանրությանը` Քենդլ ծրագիրը, իր առաջին դրական արդյունքը տվեց, և այս տարվա ավարտին առաջին էլեկտրոնային փունջն ստացվեց: Սա լրջագույն ձեռքբերում է մեր գիտնականների համար: Դա նշանակում է, որ այն ժամանակակից սարքավորումը, որ այսօր մենք ունենք Հայաստանում, կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել գիտնականների համար, և նրանք կարող են իրենց փորձերն իրականացնել այդ սարքավորումներով, ինչը նշանակում է, որ գիտության մեկ ոլորտ ստանում է լուրջ գործիք, որպեսզի մենք այդտեղ արձանագրենք նվաճումներ, ձեռքբերումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից կարող եմ նշել «Մենթոր գրաֆիկս» ընկերության նախագահի հայտարարությունը, որ չիպերի դիզայնի բնագավառում Հայաստանը համաշխարհային շուկայում արդեն ունի հինգ տոկոս. սա լրջագույն ձեռքբերում է, քանի որ որևիցե այլ բնագավառում այդպիսի մեծ տեսակարար կշիռ մենք երբևիցե համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ չենք ունեցել: Երկրորդը կոնյակագործությունն է, որի տեսակարար կշիռը կազմում է երկու տոկոս: Սա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք արդեն ունենք նաև մասնագիտացում: Մշակույթի ոլորտում ունեցել ենք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին ուզում եմ նշել «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որի շնորհիվ գյումրեցիները և մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան ապրել հարուստ մշակութային կյանքով: Նաև ուզում եմ նշել, որ շնորհիվ այն վարկային միջոցների, որոնք մենք ստացանք Ավստրիայի կառավարությունից, Օպերայի և բալետի շենքը, ձայնի համակարգերը, լուսավորության համակարգերը, բեմն այսօր համապատասխանում են լավագույն եվրոպական ստանդարտներին: Պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումը, ինչի մասին մենք խոսում ենք վերջին հինգ տարիների ընթացքում. 2013 թվականին չորս տոկոսային կետով նվազեց պարտատոմսերի տոկոսադրույքը, որը երկու բան է վկայում` առաջինը, որ վստահությունը մեծացել է պետության կողմից թողարկվող պարտատոմսերի նկատմամբ, մյուս կողմից` դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման համար, ինչը փոխառող միջոցներն էժանացնում է: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբեկտները կարող են ավելի էժան միջոցներ ստանալ:
Կարծում եմ, հարգելի գործընկերներ, ցանկության դեպքում կարելի է թվարկել այն դրական ձեռքբերումները, այն դրական արդյունքները, որոնք առկա են մեր երկրում։ Դրա համար պետք է առաջին հերթին ցանկություն՝ տեսնել այդ դրական նվաճումները և ձեռքբերումները։
«Haynews.am» լ/կ - Պարոն վարչապետ, վերջերս մամուլում կրկին անդրադարձան օֆշորային սկանդալին և հրապարակում եղավ այն մասին, որ այդտեղ ներգրավված է նաև մի կին` Նաիրի Մեհրեջ անունով, ով բարեկամ է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին և Կիպրոսում նաև ունի մահացածների անուններով գրանցված «Մկների ժողով» կազմակերպություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն։ Երևի տարօրինակ կլիներ, եթե այս հարցը չհնչեր՝ օֆշորային սկանդալի վերաբերյալ։ Առաջինը ուզում եմ ասել, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի։ Թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն և այդ ձեռնարկության հիմնադիրների մեջ հիշատակել իմ անունը։ Մի բան արդեն պարզ էր, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես որևիցե առնչություն չունեմ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ես չեմ եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ ես դարձել եմ վարչապետ, ես ընդհանրապես Կիպրոսում չեմ եղել։ Ուրեմն այդ ձեռնարկության գրանցման հետ որևէ առնչություն չունեմ։ Ես հույս ունեմ, որ հետաքննող լրագրողները հետամուտ կլինեն, և ձեր հրապարակած այդ նոր տեղեկությունը կներկայացնեն հանրության դատին, որ այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով, և այդ կինը հենց նույն այն կինն է, որն օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած, և ինձ համար նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա, արդյոք դա նրա համար նույնպես անսպասելի տեղեկություն է, թե այս տեղեկության աղբյուրներում հենց իր անձն է կանգնած, և այս սկանդալային պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այս կասկածները, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այն զանգվածային լրատվական միջոցները, որ այս թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այս դրվագը և ներկայացնեն մեր հանրության դատին։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» - Հայրենի իշխանությունների դիրքորոշումը Մաքսային միությանը միանալու մասին, ինչ ժամկետում եք պլանավորում ավարտել գործընթացը: Եվ երկրորդ հարցը` սառը եղանակի մասին. ի՞նչ ունեք ասելու, ե՞րբ է տաքանալու:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Ցավոք սրտի, մոտակա օրերին չեն խոստանում, որ եղանակը կբարելավվի: Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց նախագահների կողմից ենթադրում է, որ արդեն մայիսին պետք է ունենանք Մաքսային միությանը միանալու պայմանագիրն իր հավելվածներով: Սա այն խնդիրն է, որ դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք մեր երկրի լավագույն մասնագետներն են, բանիմաց և գիտակ, և պատահական չէ, որ ՄՄ մեր գործընկերները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքը: Դա նշանակում է, որ պետք չի մեր մասնագետների գիտելիքները, կարողությունները թերագնահատել և պիտակավորել այդ մասնագետների կողմից կատարված աշխատանքը: Դա վիրավորական է ոչ միայն վարչապետի, իշխանությունների, այլև կոնկրետ մարդկանց, մասնագետների համար: Նրանք նվիրումով աշխատել են և իրենց աշխատանքը, պրոֆեսինալիզմը գնահատում են մեր գործընկերները: Ամեն ինչ համեմատության մեջ է դրսևորվում: Իսկապես մեծածավալ աշխատանք է կատարվել և դրա շնորհիվ է, որ այս չորս ամսվա ընթացքում կարողացանք գալ համաձայնության Եվրասիական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խմբի մասնագետների հետ ճանապարհային քարտեզի շուրջ, և դա է այն երաշխիքը, որ կկարողանանք մինչև մայիս նախապատրաստել պայմանագրերը: Եթե այս ժամանակահատվածում գանք համաձայնության մեր գործընկերների հետ բոլոր սուր և կարևոր հարցերի շուրջ, որոնք մտահոգում են և որոնք պետք է ստեղծեն բարենպաստ միջավայր մեր տնտեսվարողների համար, դա նշանակում է, որ հունիսին այդ պայմանագրերը կներկայացվեն չորս երկրների պառլամենտների վավերացմանը: Մենք աշխատում ենք այսպիսի ժամանակացույցով:
«Ռոյթեր» լ/գ - Պարոն վարչապետ, ձեր ասածներից կամ Մաքսային միության մասին ինֆորմացիան, որ գոյություն ունի կամ տարածվել է, կարելի է ենթադրել, որ ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում կամ մեզ համար ավելի ձեռնտու տարբերակ է, քան Ասոցացման համաձայնագիրը: և երկրորդ հարցը` Միջազգային վալյուտային հիմնադրամը Հայաստանի դոնորներից է, ծրագիրը ավարտվեց, նոր ծրագիրը սկսվե՞ց, ի՞ նչ նոր ծրագիր է, ի՞նչ պայմաներում:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ուզում եմ անդրադառնալ մի քննդատության, որ հնչում է մեր հասցեին, որ դուք եվրոպամետ էիք, հետո դարձաք ռուսամետ: Արդյո՞ք ՄՄ-ն ավելի ձեռնտու է, քան ԱլԳ-ն. նման հարցադրումների պատասխանը սա է: Մենք առաջին հերթին հայամետ ենք, և ցանկացած համագործակցություն միջազգային ասպարեզում հետապնդում է մեկ նպատակ` ստեղծել մեր քաղաքացիների, տնտեսության համար բարենպաստ պայմաններ, միջավայր: Մեր քաղաքական սկզբունքը միշտ եղել է նույնը: Փորձել ենք 2 ուղղությունները դիտարկել փոխլրացնող: Ես մշտապես ԱԺ-ում այս 5 տարվա ընթացքում հանդես եմ եկել նույն քաղաքական հայտարարությամբ: Մենք ուզում ենք 2 ուղղություններով էլ շարունակել համագործակցությունը և չենք ուզում դիտարկել, որ Մաքսային միության անդամակցությունը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ մեր պայմանավորվածությունների, համագործակցության ավարտ է: Մենք ուզում ենք այս 2 ուղղություններով աշխատանքները տեսնել փոխլրացնող: Սա մեր քաղաքական դիրքորոշումն է: Ուրախ ենք, որ ԵՄ գործընկերները համամիտ են, և մենք աշխատում ենք նոր ֆորմատով մեր համագործակցությունը շարունակելու: Ուզում եմ նշել, որ սա նույնպես չափազանց կարևոր է, մեր ռուս գործընկերներն էլ չափազանց դրական են վերաբերվում մեր այս քաղաքական դիրքորոշմանն ու աջակցում այս հարցում: Նրանք նույնպես շահագրգռված են, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունում գնա դիվերսիֆիկացման ուղղությամբ և բարելավի իր հարաբերությունները միջազգային կառույցների և գործընկերների հետ: Դա նշանակում է, որ ԵՄ-ի հետ շարունակելու ենք աշխատել և փորձելու ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր քաղաքացիների համար: 2013 թվականի կարևորագույն նվաճումը GSP+ն է: Եվրոպական պառլամենտը ևս մեկ անգամ հաստատեց հանձնաժողովի հայտը և Հայաստանը օգտվելու է GSP+ ռեժիմից, ինչը նշանակում է, որ մեր ապրանքներն առանց մաքսատուրքերի հայտնվելու են եվրոպական շուկայում: Բանակցություններն ընթանում են` առաջին փուլը ավարտեցինք, հարցերի մեծամասնությունը լուծում է ստացել: ՀՆԱ ցուցանիշի, հարկային բեռի և վարչարարության մասին էլ համաձայնության կգանք: Այս պահի դրությամբ ոչ թե ֆինանսական օժանդակություն է, այլ այն հանգամանքը, որ ծրագիր ունենանք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կներառի այն բոլոր ուղղությունները, որտեղ մենք ունենք բազմաթիվ անելիքներ: Այդ ռեֆորմները կստանան միջազգային կառույցների օժանդակությունը: Սա մեզ համար կարևոր է: Իսկ ֆինանսական ծրագրերը, որ ԱՀԿ-ն պլանավորում է իրականացնել, 120-150 միլիոն դոլարի մասին է խոսքը: Գումարը նվազեցվել է, որովհետև մակրոտնտեսական ցուցանիշները չորս տարվա համար ավելի բարվոք են, քանի որ ԱՀԿ-ն ֆինանսական օժանդակություն տրամադրում է ընթացիկ հաշվի ճեղքվածքի փակման համար, որը բարելավվել է և դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվելու:
«Հետք» - Երկու հարց: Մաքսային միության ճանապարհային քարտեզը ստորագրելուց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծիք արտահայտեց Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանների մասին: Քննարկվո՞ւմ է, որ սահմանային անցակետեր դրվեն ՀՀ և ԼՂՀ միջև: Տնտեսական աճի տեմպի անկման պատճառների վերաբերյալ կան օբյեկտիվ պատճառներ: Կա՞ն արդյոք սուբյեկտիվ պատճառներ, օրինակ` կառավարության զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Իհարկե, կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնց կանդրադառնանք, և դա առանձին խոսակցության թեմա է լինելու, թե որոնք են այն գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա: Դուք ճիշտ եք, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն իր ազդեցությունը թողնում է տնտեսական աճի ցուցանիշների վրա, այդ թվում նաև բյուջեի դեֆիցիտի: Եթե պետությունը շատ ծախս է անում, դա խթանում է տնտեսական աճի ցուցանիշը 05-08 տոկոսային կետով, պետական բյուջեի դիֆիցիտի թերակատարումը բացասական ազդեցություն է ունենում համախառն ներքին արդյունքի վրա: Բնականաբար, վերլուծությունների ժամանակ այս ցուցանիշը կներկայացնեն: Բյուջեի նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ ես ներկայացրի այն գործոնները, որոնք 2013 թվականին բացասաբար են անդրադարձել ՀՆԱ-ի վրա: Բայց ամբողջական պատկերը կստանանք և նորից կներկայացնենք ձեր դատին:
Առաջին հարցին պատասխանեմ. Ղարաբաղի թեման քննարկվել է ՄՄ անդամակցելու կոնտեքստում: Ղազախստանի նախագահը հարցը հնչեցրել և ստացել է ՀՀ նախագահի հստակ պատասխանը` ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետեր չկան և չեն լինելու: Դրանից հետո Ղազախստանի նախագահը ստորագրել է այն հուշագիրը, որով հավանության է արժանացել ՀՀ ցանկությունը անդամակցելու ՄՄ-ին: Իհարկե հետո խոսակցությունը շարունակվել է, չորս երկրների նախագահները հավանության են արժանացրել ճանապարհային քարտեզը: Մեր համոզմունքն է, որ քաղաքական խնդիրները չի կարելի ընդգրկել մաքսային միությանն անդամակցելու դաշտ: Եթե հետևել եք, երեկ Եվրասիական հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Վալովայան, պատասխանելով մեր լրատվական ծառայության հարցին նշել է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսական գործառույթ է և այն ճանապարհային քարտեզը, որ հաստատվել է, Ղազախստանի կողմից գրավոր առարկություն չունի: Դա նշանակում է, որ ճանապարհային քարտեզը մենք պատրաստվում ենք իրականացնել այն ձևով, որը ենթադրում են Մաքսային միության կանոնները և օրենսդրական դաշտը, որը գործում է ՄՄ պետությունների համար: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը: Ինչո՞ւ է սա ճիշտ ճանապարհ և ընդունելի: ՀՀ-ն ստորագրելով ԱՀԿ-ի հետ համաձայնագիր` չի անդրադարձել այս խնդրին, թեպետ բանակցում էինք տասնյակ պետություններ նման հարցեր չէին առաջադրում, երբ մենք ցանկանում էինք դառնալ այդ կազմակերպության անդամ: ԼՂ խնդիրը խոչընդոտ չէր ԱՀԿ-ի համար: Մենք բանակցում էինք ԱլԳ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և ԼՂ-ի հարցը չի եղել խոչընդոտ կամ քննարկման թեմա այդ պայմանագիրը ստորագրելու առումով: ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրել, և ԼՂ-ն չի եղել խոչընդոտ Բելառուսի և Ղազախստանի համար, և ազատ առևտրի ռեժիմ է սահմանվել: ՄՄ-ն այդ շարքում բացառություն չի լինելու, և ԼՂ հարցը չի կարող լինել խոչընդոտ:
Civilnet










