Հայաստանում տարին փակվում է 5,6% գնաճով, ինչը գրեթե մոտեցել է թիրախային՝ 4±1,5% ցուցանիշին։ Գնաճի նման ցուցանիշը բավական ցածր է, եթե հաշվի առնենք առաջարկի շոկով (հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը և մայիսին տեղի ունեցած կարկտահարությունը) պայմանավորված` ամռանը արձանագրված բարձր գնաճը (օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել էր 9,3%):
Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակման համաձայն` դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 5,6%։ Դեկտեմբերին տարեկան կտրվածքով պարենային ապրանքների գներն աճել են 4%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3,5%-ով, իսկ ծառայությունների սակագները` 9,7%-ով։
ԱՎԾ-ի տվյալների համաձայն` դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նոյեմբերի նույն ցուցանիշին (12-ամսյա գնաճը կազմել էր 6,6%) զիջում է 1 տոկոսային կետով, այն դեպքում, երբ դեկտեմբերին` նոյեմբերի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,1% գնաճ:
Վիճակագրական ծառայության հրապարակումից երևում է, որ պարենային գրեթե բոլոր ապրանքների, բացառությամբ` շաքարավազի գները տարեկան կտրվածքով աճ են արձանագրել։ Օրինակ` ձվի միջին գները տարեկան կտրվածքով աճել են 24,6%-ով, ձկնամթերքինը` 12,2%-ով, կենդանական և բուսական յուղերինը` 3,3%-ով, մսամթերքինը` 2,3%-ով, իսկ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում դեկտեմբերին տարեկան կտրվածքով գներն աճել են 1,7%-ով։ Շաքարավազի գները դեկտեմբերին տարվա կտրվածքով նվազել են 14%-ով։
Դեկտեմբերին 12-ամսյա նման համեմատաբար ցածր գնաճը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով։ Այս տարի Հայաստանում միջին աշխատավարձերի աճի տեմպը զիջել է գնաճին՝ տասնմեկ ամիսների (տարեկան ցուցանիշերը դեռ չեն հրապարակվել) կտրվածքով 6,6% գնաճի պայմաններում անվանական միջին աշխատավարձի աճը կազմել էր 4,4%։ Պարզ ասած` ամբողջ տարին տեղի է ունեցել գնողունակության նվազում, ինչը չէր կարող չզսպել գների աճը։ Մյուս կողմից` թեև 2013թ. պետբյուջեն իր բնույթով ի սկզբանե եղել էր զսպողական, կառավարությունն ամբողջ տարվա ընթացքում թերակատարել է ծախսային մասը` դրանով իսկ զսպելով գների աճը։
Համեմատաբար ցածր գնաճ արձանագրելուն նպաստել է նաև Ազգային վիճակագրական ծառայության մեթոդոլոգիան։ Ըստ գործող մեթոդաբանության` Հայաստանում գների դիտարկումը կատարվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին, 10-ին և 20-ին` 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով, ինչը նշանակում է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից հետո սովորաբար տեղի ունեցող գների աճն իր արտացոլումը չի գտել 5,6% գնաճի ցուցանիշում։
Civilnet











