Սիգարետների հարկադրույքների բարձրացումն իրականում ֆիսկալ նպատակներ է հետապնդում։
Տարին նորից սկսվելու է գների աճով՝ ծխախոտը տեղափոխվելու է հարկման ընդհանուր համակարգ։ Սիգարետների վրա կնշվի նաև առավելագույն մանրածախ գինը։
Հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքի հարկումը հաստատագրված վճարների համակարգից տեղափոխվելու է հարկման ընդհանուր համակարգ, ինչը մի կողմից կառավարությանն ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր, մյուս կողմից՝ հանգեցնելու գների աճի։ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ ծխախոտի արտադրանքի ներմուծման և օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվելու է հիմք ընդունելով կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը՝ առանց ԱԱՀ-ի։
Հարկման ընդհանուր դաշտ տեղափոխելը նշանակելու է, որ հարկի չափը կախված է լինելու արժեքից՝ վճարվելու է ԱԱՀ, մաքսատուրք (10%), ինչպես նաև ակցիզային հարկ (ներկայում՝ ֆիլտրով ծխախոտի 1000 հատիկի հաշվով՝ 5 հազ. դրամ)։ Այսուհետ 1000 հատիկ տեղական սիգարետի հաստատագրված վճարը կազմելու է 7 հազ. դրամ, ներկրված սիգարետինը՝ 8 հազ. դրամ։
Սիգարետներն ընդհանուր հարկային դաշտ տեղափոխելը բերելու է նրան, որ «բարձր» դասի սիգարետների գների աճը լինելու է ավելի մեծ, քան միջին և ցածր դասերում։ Օրինակ, ներկայում 500 դրամից բարձր գին ունեցող սիգարետների գինը կարող է բարձրանալ 5%-ից մինչև 20%։ Մինչև 400 դրամ սիգարետների գինը տեղական արտադրության համար կարող է մնալ անփոփոխ, անգամ նվազել մինչև 5%-ով, ներկրված ցածր և միջին դասի սիգարետների գինը նույնպես կարող է մնալ անփոփոխ։
Եթե հաշվի առնենք, որ ներկրողների և տեղական արտադրողի միջև մրցակցությունն հիմնականում ընթանում է ցածր և միջին դասի սիգարետների սեգմենտում, ապա գների փոփոխություն կարող է և տեղի չունենալ. սա կախված է լինելու, թե ինչպիսի մանրածախ գին կմակնշվի տուփերի վրա։
Հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքի վրա պետք է նշվի առավելագույն մանրածախ գինը։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ առավելագույն մանրածախ գնի մակնշումը տուփի վրա բերում է նրան, որ մանրածախ ցանցում սահմանվում է նույն գինը՝ առավելագույնը։
Իհարկե, կառավարությունը հայտարարում է, թե սիգարետների հարկադրույքների բարձրացումը ծխելու դեմ պայքարի քաղաքականության տարրերից է։ Սակայն թե՛ վերջին երեք տարիներին սիգարետի համար հաստատագրված վճարի բարձրացումը, թե՛ 2014-ից հարկման մեխանիզմների փոփոխությունը ֆիսկալ նպատակ են հետապնդում։ Պարզ ասած՝ բոլոր քայլերի հիմնական նպատակը հարկային մուտքերի ավելացումն է։
Օրինակ, 2012թ. ներկրված և տեղական ծխախոտի իրացումից պետբյուջե մուտքագրվել է ընդհանուր առմամբ 23,8 մլրդ դրամ, այն դեպքում երբ 2011-ին մուտքագրվել էր 19,5 մլրդ դրամ (2012-ի աճը՝ 22%)։
Civilnet










