Գլխավոր Լրահոս

Քանի դեռ «Աստված չկա»

Քանի դեռ «Աստված չկա»
Ինչպես տեղյակ եք, մոտավորապես այս օրերին ծնվեց Հիսուս Քրիստոսը: Փոքրիկ խնդիր առաջացրեց այն փաստը, որ նա այդքան էլ սովորական մանչուկ չէր: Ոմանք, մասնավորապես բեթղեհեմցի ֆերմերները, արդեն նկատել էին Աստծո Որդուն: Երեք մոգերը հետո միացան նրանց: Հատուկ այդ առիթով «շահագործվում» էր Բեթղեհեմի աստղը: Նրա ծնունդն աննկատ չանցավ: Ժամանակակից ժուռնալիստիկայի լեզվով ասած, սենսացիոն իրադարձություն էր, ծնվեց Աստծո Որդին: Հիմա պատկերացնենք նրա մորը՝ Մարիամին: Կին էր, որն անակնկալի չեկավ Որդու ծնունդից: Ինը ամիս նա կրում էր Որդուն: Ինը ամիս նա մայր էր, որը դեռ մայր չէ: Ինը ամիս Աստված նրա մտքերում Որդու Հայրը չէ, այլ՝ ամբողջ աղոթքը: Ինը ամիս ինքն է ու որովայնապատը: Եթե Աստված Հայր է, ինչպես վստահեցնում են, ուրեմն պակաս խոցելի չէ, հետևաբար Մարիամի համար վտանգավոր է աղոթքը փաթեթավորել հովանավորչության խղճուկ ընկալումով: Այսինքն, հուսալ, որ հատկապես ինքն է «օրհնյալը բոլոր կանանց մեջ»: Ինը ամիս Մարիամի որովայնում հրաշք էր տեղի ունենում, և այդ հրաշքին դեռ մի բան էլ Աստծո Որդի ասելն արդեն սնափառություն էր: Որովհետև Աստված ոչնչում այդքան ներկա չէ, որքան՝ մայրության մեջ: Ընդհանրապես մայրության մեջ: Զի մայրությունը կտրում է ունայնությունը: Մարիամին ասում էին, որ ծնածդ Աստված ունի իր մեջ, կին: Իսկ ինքը մի անասնագոմի (մսուրի) մեջ գուրգուրում էր Որդուն, որովհետև ի՞նչ է նշանակում մարդու առջև կրել Աստծուն: Այսօր մենք գիտենք, որ մի ամբողջ գործող Աստված չի կարող գոնե կես մարդու դարձի բերել: Որովհետև դարձը հակամետ է ապրելուն: Դարձը հակամետ է ցանկացած աղետի, որը մեր մեջ է գրեթե ի ծնե: Հասկացա՞ք՝ Մարիամը դողում է, որովհետև ինքը բալիկ է ծնել, ոչ թե Աստծո Որդի: Ինքը էպիտետներ չի ծնել, ինքը Բարձրյալի անունով չի նրան դուրս բերելու այս աշխարհ, որտեղ, Պողոսի բառերով, տեր ու տնօրենը Սատանան է: Այս ամենը Մարիամը դեռ չգիտեր, ինքը ծնել էր Հիսուսիկին: Չէր մերժել որոշ պայմանականություններ՝ «երեխադ կանվանվի Էմանուել» և այլն: Երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց, անասունները տեսան, որ մենք ոչնչով ուրիշ չենք նրանցից, գոնե մեր սկիզբը մեկ է: Փաստը, որ երեխան դառնում է մարդ, բացառիկ անհարմարություն է ցանկացած ոչ բանական արարածի համար, որովհետև բանականը գիտի, թե ինչ է խոզի բուդը: Բանական մարդը կարող է դառնալ հրեաների որսորդ, բանական մարդը կարող է իր նորածին բալիկին նետել մոտակա աղբանոցը, շփոթեցնելու համար նույնիսկ հարևան թաղամասի աղբանոցը: Բանական մարդը դիմացինին կարող է անվանել առնետ: Ընդ որում կարող է և չսխալվել: Բանական մարդը կարող է հրամայել, ստրկացնել իր նմանին: Բանական մարդը կարող է սպանել մյուսին հազարավոր կիլոմետրեր նրանից հեռու գտնվելով: Բանական մարդը կարող է դառնալ կուսակցական, պատերազմ հայտարարել իր նմանին: Այս ամենը Մարիամը չի կարող ենթադրել: Բայց երբ նա գրկում է փոքրիկ Հիսուսիկին, բոլոր աղետները՝ մարդկային և տարերային, բնական և անբնական, անցնում են նրա գլխով: Փոքրիկը ծնվում է որպես բոլոր հրեշագործությունների ինդուլգենցիա, քանի դեռ Աստված չկա: Եվ ընդհանրապես, Աստված կա, երբ ծնունդներ չկան, Աստված կա, երբ միմյանց ստորացնելը առօրեական զբաղմունք է, Աստված կա, երբ ինքը կա ամեն բանից հետո, և նույնիսկ Աստված կա, երբ կա միայն Աստված: Հետևաբար, քանի դեռ միայն այսպիսի Աստված կա, ընկերներ, ավելի լավ է զբաղվեք ձեր երեխաներով, քանի դեռ «Աստված չկա»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում