Դրամով սպառողական վարկերի պորտֆելի աճն ապահովել են հիմնականում քարտային վարկերը։
Առևտրային բանկերի վարկային պորտֆելը 2013թ. տասնմեկ ամիսներին աճել է 8,5%-ով կամ 137 մլրդ դրամով՝ նոյեմբերի վերջին կազմելով 1,743 տրլն դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում ռեզիդենտների վարկային պորտֆելն աճել է 119 մլրդ դրամով կամ 7,6%-ով և նոյեմբերի վերջին կազմել 1,68 տրլն դրամ։
Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքի ուսումնասիրությունից երևում է, որ 2013թ. տասնմեկ ամիսներին ռեզիդենտների վարկային պորտֆելի աճի 70%-ն ապահովել են դրամային վարկերը։ Ռեզիդենտների դրամային վարկերի պորտֆելն ավելացել է 79,8 մլրդ-ով և նոյեմբերի վերջին կազմել 651,6 մլրդ դրամ։ Պորտֆելի մանրամասն ուսումնասիրությունից երևում է, որ դրամային պորտֆելի աճը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ոլորտներին տրամադրված վարկերի ծավալի աճի հաշվին։
Այսպես, մեծածախ առևտրի ոլորտի դրամային վարկերի պորտֆելն ավելացել է 11 մլրդ դրամով կամ 30%-ով, բանկերի կողմից ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի դրամային վարկերի ծավալը՝ 20,6 մլրդ դրամով։ Ընդ որում, բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալն ավելացել է 13 մլրդ դրամով։ Նույն ժամանակահատվածում ոլորտի արտարժութային վարկերի պորտֆելը կրճատվել է 16,7 մլրդ դրամով։ Սա նշանակում է, որ պարզապես տեղի է ունեցել վարկային պորտֆելի կառուցվածքի փոփոխություն։ Ուշագրավ է, որ այս տարվա տասնմեկ ամիսներին ապահովագրական ընկերությունների վարկային պորտֆելը գրեթե կրկնապատկել է՝ կազմելով 5 մլրդ դրամ։
Տարվա ընթացքում կտրուկ ավելացել է նաև սպառողական վարկերի պորտֆելը. դրամային վարկերը կազմել են մոտ 40 մլրդ դրամով, արտարժութայինները՝ 13 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին կազմելով համապատասխանաբար 285 մլրդ դրամ և 64 մլրդ դրամ։ Դրամով սպառողական վարկերի պորտֆելի աճն ապահովել են հիմնականում քարտային վարկերը։
Civilnet











