Գլխավոր Լրահոս

Քյարի և շահի արանքում

Քյարի և շահի արանքում
Հայ մարդը երբեք խաղի կանոնների կողմնակից չի եղել, ահա ինչու այսօր գազազած է ամպհովանի բռնելու վրա: Խաղի կանոնները պարզ բան են՝ հարկեր, ճանապարհային նշաններ, օրենքներ: Սրանք բոլորը խաղի կանոններ են: Եթե քեզ ստրկացնում են օրենքով, դա խաղի կանոն է: Խաղի կանոնը թույլի համար է, ուժեղը դրանք թելադրողն է, քաղաքացին իշխանությունից թույլ է, ուստի պետք է խաղա իշխանության խաղի կանոնով: Եթե իշխանությունը կեղծում է ընտրությունը, քաղաքացին իր ուժը պետք է ցույց տ, ասենք, փողոց դուրս գալով: Որովհետև կեղծելու մասին ոչ մի կանոնում գրված չէ: Եթե ցույց չի տալիս, կեղծիքը դառնում է խաղի կանոն: Հայ Առաքելական եկեղեցու կանոնագրքում գրված է՝ ամպհովանին պետք է բռնեն մտավորականները: Հայ մարդը մտավորական բառի սահմանումը չունի, այն անմիջապես տարածում է արվեստագետի վրա: Մտավորականը մտքի ներկայացուցիչն է, ինչպես բժիշկն է առողջության ներկայացուցիչը, ինչպես գրողն է գրի ներկայացուցիչը, այնպես էլ մտավորականը մտքի ներկայացուցիչն է, որը կարող է լինել գրող, բժիշկ, աղբահավաք և նույնիսկ բոմժ: Հայ Առաքելական եկեղեցին ամպհովանի բռնելու համար խաղի կանոն է սահմանել փորձելով արժեք հաղորդել ամպհովանուն կամ ակնարկելով, որ ամեն պատահական մարդ չի կարող բռնել այն: Այս տարի ամպհովանի բռնողներ են դուրս եկել թատրոնի ներկայացուցիչները: Դերասանությունը և ռեժիսուրան մտքի ոլորտի արտահայտություններ են, հետևաբար կարող են լինել մտավորականության դրսևորում: Հարցն այն է, թե ովքեր են Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Էլբակյանը և ովքեր են կաթողիկոսն ու Սերժ Սարգսյանը: Եթե դուք կարծում եք, որ ամպհովանի պետք է բռնեին, ասենք, Տիգրան Մանսուրյանն ու Գրիգոր Գուրզադյանը, ճիշտ չեք: Ամպհովանին բռնել են նրանք, ովքեր պետք է բռնեին: Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Էլբակյանը ՀՀ քաղաքացիներ են այն իմաստով, որ իշխանությունից թույլ են, բայց նրանք ՀՀ քաղաքացի չեն այն իմաստով, որ քաղաքացիական դիրքորոշումներ չունեն: Ես նույնպես չունեմ քաղաքացիական դիրքորոշում և նույնպես թույլ եմ իշխանությունից: Բայց նրանց ինձանից տարբերում է այն փաստը, որ ես կորցնելու ոչինչ չունեմ: Հետևաբար մտավորականն այն մարդն է, որը կորցնելու ոչինչ չունի (միանգամից ասեմ, որ ես մտավորական էլ չեմ, որովհետև մտքի ներկայացուցիչ չեմ): Աղմուկը, որը բարձրացվել է ամպհովանի բռնելու առիթով, կեղծ է: Եթե ես ունենայի կորցնելու բան, այսինքն, ինձ դնեի իշխանության ողորմածության դաշտում, ես նույնպես կբռնեի ամպհովանին, եթե նույնիսկ ինձ չկանչեին բռնելու: Ես ինքս կխնդրեի: Որովհետև այդպիսով ցույց կտայի, որ ինձանից ինչ-որ բան եմ ներկայացնում: Մտավորականը ցուցադրականության թշնամին է: Ամպհովանին ցուցադրականություն է: Հիշյալ մարդիկ, որոնք բռնել են, և մարդիկ, որոնք եղել են ամպհովանու տակ, ցուցադրականության ստրուկներն են: Նրանք ոչինչ չեն ապականել այդ արարողությամբ: Նրանք խաղացել են խաղի կանոններով: Սերժ Սարգսյանը նախագահի երկու ընտրություն է կեղծել, կաթողիկոսի բերանից միտք ենթադրող ոչինչ չենք լսել, իսկ հիշյալ դերասանն ու ռեժիսորն իրենց հերթին չեն կանգնել անիրավվածի կողքին: Ամեն ինչ ընկնում է իր տեղը: Պրոբլեմն այն մարդու մեջ է, որը մեծ նշանակություն է տալիս ամպհովանուն: Այն թատրոն է: Հետևաբար, ինչու՞ պետք է այն բռնեն Տիգրան Մանսուրյանն ու Գրիգոր Գուրզադյանը: Պատճառ չկա: Տեղի է ունեցել ծիսականության բեմականացում, որին մասնակցել են դերասանն ու ռեժիսորը, որոնք այս դեպքում էպիզոդային խաղացողներ են: Նրանք գնալու են իրենց տուն, գլուխները դնեն բարձին և փորձեն իմաստավորել, թե մտքի առումով ի՞նչ շահեցին ամպհովանի բռնելուց: Եվ հայտնաբերելու են (այստեղ մեծ է լինելու ուղեղի դերը), որ ոչինչ էլ չեն շահել: Հետո անցնելու են քյարին: Եվ գլխի են ընկնելու, որ քյար, այնուամենայնիվ, կա, Գարեգին Բ-ն և Սերժ Սարգսյանը պատահական մարդիկ չեն: Հետևաբար մտավորականն այն մարդն է, որի տեսադաշտում մարդը պատահական է, հատկապես երբ նա նախագահ է և կաթողիկոս:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում