Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։
Բյուջետային աշխատակիցների առողջության ապահովագրությունը պետպատվերի շրջանակ տեղափոխելը, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ուղղված է մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։
Դեկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց բյուջետային շուրջ 130 հազ. աշխատակիցների առողջության ապահովագրությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող առողջապահական փաթեթով՝ ըստ էության հրաժարվելով ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչո՞ւ գործադիրը դիմեց նման քայլի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշման հիմնական նպատակը սոցփաթեթի շրջանակում պետական ծառայողներին մատուցվող առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացումն է։ «Այդ շրջանակներում պետական պատվեր հասկացությունը կարծում եմ էլ ավելի հասցեական է, և բովանդակային հասցեականություն կստանա»,- ասաց Արտեմ Ասատրյանը։
Մի՞թե սա նշանակում էր, թե ապահովագրական ընկերությունների միջոցով կազմակերպվող ծառայություններն արդյունավետ չէին, Ասատրյանը նշեց, որ խոսքը ոչ թե ապահովագրական ընկերությունների աշխատանքի, այլ պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին է։ «Պետության կողմից ցանկացած ծրագիր միշտ կատարելագործման, արդյունավետության բարձրացման կարիք ունի։ Չի կարելի ասել որ որևէ ծրագիր որն ունենք, 100 տոկոսով համապատասխանում է արդյունավետության բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ եթե ցանկացած գործող ծրագիր փոփոխության է ենթարկվում, ապա քայլն ուղղված է արդյունավետության բարձրացմանը։
Հարցին, թե չկա մտավախություն, որ մասնավոր հատվածից պետական համակարգ տեղափոխելով ծրագրում ի հայտ կգան կոռուպցիան ռիսկեր, Ասատրյանն ասաց, որ այս քայլով էլ ավելի է մեծանալու վերահսկողությունը, քանի որ զուգահեռաբար տեղի է ունենալու ծրագրի և ողջ պետպատվերի համար պատասխանատու Պետական առողջապահական գործակալության կարողությունների հզորացում։
Նշենք, որ 2012-2013 թթ. «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթում» ընդգրկված շահառուներից յուրաքանչյուրի հաշվով պետբյուջեից հատկացված 132 հազ. դրամից 52 հազ. դրամը (բազային փաթեթ) պարտադիր ուղղվում էր բժշկական ապահովագրությանը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով։ 2014թ. պետբյուջեով «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի համար նախատեսված է 17,6 մլրդ դրամ։
Կառավարության որոշմամբ մինչև 2014թ. հունվարի 1-ը կնքված առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետը լրանալու կամ 2014թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառու դառնալու դեպքում բյուջետային աշխատակիցը առողջապահական փաթեթ ձեռք բերելու համար պետք է դիմի առողջապահության նախարարություն և ստանա առողջապահական փաթեթից օգտվելու հավաստագիր: Հավաստագրի տրամադրման կարգը գործադիրը դեռ պետք է սահմանի:
Civilnet











