Գլխավոր Լրահոս

Հայկական նավատորմը Պերուի լեռներում

Հայկական նավատորմը Պերուի լեռներում
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Լատինական Ամերիկայում է: Հունվարի 6-ին նա Պերուում էր: Արտգործնախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նալբանդյանն այդ երկրի իր պաշտոնակից Էդա Ռիվաս Ֆրանչինիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, երկու նախարարությունների միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկայում բարձր մակարդակի հանդիպման ընթացքում դրանց ստորագրման վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարությունը պաթոսով է ներկայացնում այցի արդյունքները՝ կարծես փորձելով արդարացնել նախարարի էկզոտիկ այցերը: Ի՞նչ ակնկալիք՝ քաղաքական կամ տնտեսական, Հայաստանը կարող է ունենալ Պերուից: Պերուն միջազգային ասպարեզում, նույնիսկ Լատինական Ամերիկայում մեծ ազդեցություն չունեցող երկիր է: Հետևապես, Պերուի հետ ինչ-որ լուրջ համագործակցության հնարավորությունը գրեթե զրոյական է: Առավելագույնը կարելի է ակնկալել, որ ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում Պերուն Հայաստանի շահերի դեմ չի քվեարկի: Դա էլ, սակայն, երաշխավորված չէ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տյալներով՝ 2012թ. հայ-պերուական ապրանքաշրջանառությունը կազմել է 67 000 դոլար: Խոսել երկու երկրների միջև առևտրատնտեսական լուրջ հարաբերությունների հեռանկարի մասին, լուրջ չէ: Չի կարելի բացառել, իհարկե, որ Նալբանդյանը հեռավոր և էկզոտիկ երկրներ այցելում է մանակրկիտ մշակված, բայց հասարակությանը չներկայացված նոր արտաքին-քաղաքական դոկտրինի շրջանակում: Եթե նման դոկտրին կա, ապա Նալբանդյանը պարտավոր է հանգամանալից բացատրել, թե ինչ կենսական շահեր է հետապնդում Հայաստանը, ասենք, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Վիետնամում, մյուս կողմից Պերուում, Պանամայում ու Մեքսիկայում: Մինչ այս պահը նա որևէ բացահայտում չի արել Հայաստանի նոր՝ էկզոտիկ արտաքին-քաղաքական դոկտրինի վերաբերյալ: Ավելին, տպավորություն է, որ ՀՀ արտգործնախարարությունը զբաղված է ոչ թե արտաքին քաղաքականությամբ, այլ արտաքին զբոսաշրջությամբ: Նախարարի էկզոտիկ այցերի համար վճարում է Հայաստանի սովորական հարկատուն: Հարկատուի վճարած ամեն դրամը պետք է հաշվետու ձևով և արդյունավետ օգտագործվի: Նալբանդյանին սա թերևս չի վերաբերում: Հ.Գ. 2012թ. օգոստոսին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Էդվարդ Նալբանդյանը Օվկիանիայում և Հարավարևելյան Ասիայում  հարաբերություններ էր սերտացնում Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ֆիլիպինների հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում